Խաղաղության ստորագրման համար Ադրբեջանի առաջ քաշած պայմաններն արհեստական են․ Radar Armenia-ի հետ հարցազրույցում նշեց տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը։
- «Խաղաղության համաձայնագրի» դրույթները, կարծես, վերջնականապես հաստատված են։ Հայկական կողմից մի քանի անգամ պատրաստակամություն են հայտնել ստորագրել այն, այնինչ Ադրբեջանը դեռևս պայմաններ է առաջ քաշում։ Ադրբեջանն, ըստ Ձեզ, ինչի՞ է փորձում հասնել։ Իրոք առաջ քաշած պահանջներն այդքան կարևոր են իր համար, թե՞ փորձում է պարզապես խուսափել համաձայնագրի ստորագրումից։
- Ադրբեջանն, անընդհատ պայմաններ առաջ քաշելով, ընդ որում՝ հաճախ արհեստական նախապայմաններ դնելով, փորձում է խուսափել խաղաղության համաձայնագրի ստորագրումից և դեռևս տևական ժամանակ Հայաստանի հետ հարաբերությունները պահպանել հակամարտային հարթությունում։ Ադրբեջանի դիրքորոշման վրա ազդում են մի քանի գործոններ. առաջինը՝ գլոբալ և տարածաշրջանային զարգացումները, որոնք, ըստ էության, թույլ են տալիս Ադրբեջանին մնալ ապակառուցողական դիրքերում և ձգտել Հայաստանից ստանալ առավելագույնը։ Չնայած այս պահին հրապարակային մակարդակում հիմնականում երկու նախապայմանների մասին է խոսքը՝ սահմանադրության փոփոխությունը և ԵԱՀԿ ՄԽ լուծարման հարցը, բայց Ադրբեջանի ակնկալիքները բազմաթիվ են։ Օրինակ, արդեն իսկ խոսվում է նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող կապուղու տրամադրման անհրաժեշտության մասին։ Այսինքն, այս հարցը հնչում է մյուս նախապայմանների կողքին։ Դրան գումարած՝ բազմաթիվ այլ հարցեր. դիցուք, սահմանազատման հետ կապված խնդիրներ։ Այսինքն, Հայաստանից ստանալ բոլոր հնարավոր տարածքները՝ չզիջելով որևէ տարածք, այդ թվում՝ Արծվաշենի անկլավը, Ջերմուկի օկուպացված դիրքերը։ Հայաստանի տարածքում մի շարք ռազմավարական կարևորության գործարանների, արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության դադարեցում, Հայաստանի զինվելու դադարեցում և այլն։ Այսինքն, որքան հնարավորություն կա, Ադրբեջանը փորձելու է սահմանափակումներ առաջ քաշել Հայաստանի առջև, ինչու ոչ, նաև՝ այդ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Ադրբեջանի նպատակն է՝ քանի դեռ կա հնարավորություն, Հայաստանի դեմ բոլոր լծակների օգտագործմամբ հասնել միակողմանի զիջումների։ Սա է պատճառը, որ Ադրբեջանը հրաժարվում է որևէ փաստաթղթով կաշկանդել իր հնարավորությունները։
- Ալիևը պահանջում է Հայաստանից՝ փոխել սահմանադրությունը։ Ի՞նչ հիմնավորումներ կարող են լինել այս պահանջին, և ի՞նչը կարող է մտահոգել նրան այս հարցում։
- Ադրբեջանական կողմը արդեն մի քանի տարի է՝ խոսում է սահմանադրության փոփոխության մասին՝ հղում անելով դրա նախաբանում անկախության հռչակագրին։ Բայց սա արհեստական պատճառաբանություն է, որովհետև Հայաստանի սահմանադրությունը որևէ կերպ չի կարող խոչընդոտել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։ Իրականում, շատ լավ հասկանալով, որ հնարավոր չէ սահմանադրության փոփոխություն, նպատակը հակամարտությունը երկարաձգելն է՝ մեղքը բարդելով ՀՀ-ի վրա։ Սա արհեստական նախապայման է, և նպատակը դեռ տևական ժամանակ խաղաղության համաձայնագիրը չստորագրելն է՝ Հայաստանի վարքագիծը որպես հիմնավորում ունենալով։ Եթե այս կառավարությունը գնա, նոր իշխանությանը ի՞նչն է խանգարելու փոխել, ունենալ նոր սահմանադրություն և կրկին ներառել ինչպես անկախության հռչակագիրը, այնպես էլ այլ դրույթներ, որոնք կարող են որոշակի անդրադարձներ ունենալ արցախյան հիմնախնդրին։ Ոչինչ չի խանգարում։ Հետևաբար, պարզ է, որ այս նախապայմանը արհեստական է։ Այս պահին բոլորս էլ հասկանում ենք, որ ներքաղաքական նման իրողությունների պայմաններում նոր սահմանադրություն գրեթե անհավանական է։
- Ադրբեջանի պահանջների մեջ, բացի սահմանադրական փոփոխությունները, նաև Մինսկի խմբի լուծարումն է։ Ի՞նչ դեր ունի այս խումբն այժմ, և ինչու՞ է Ալիևն այդքան վախենում այս խմբի գոյությունից։
- Սա ևս արհեստական պայման է, որովհետև Ադրբեջանում էլ քաջ հասկանում են, որ ԵԱՀԿ ՄԽ-ն միջազգային ձևաչափ է, որը ձևավորվել է միջազգային կազմակերպության շրջանակներում, և այդ կազմակերպությունն էլ կարող է լուծարել կամ չլուծարել այն՝ պայմանավորված համանախագահող երկրների շահերից և ծրագրերից։ Օրինակ, եթե Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանը չցանկանան լուծարել, միայն Հայաստանի ու Ադրբեջանի դիմումը բավարար չի լինի. նրանք կգտնեն պատճառ, օրինակ, արցախյան հիմնախնդրի և արցախցիների իրավունքների հետ կապված բազմաթիվ հարցեր կարգավորված չեն։ Ադրբեջանի նախագահը ավելի շատ վախենում է այն հանգամանքից, որ, լինելով խոցելի դիրքերում՝ կապված իր վարած ավտորիտար քաղաքականության հետ, վախենալով, որ բազմաթիվ միջազգային կառույցներ ու դերակատարներ կարող են օգտագործել այդ հանգամանքը՝ իր վրա ճնշումներ գործադրելու, գուցե՝ պատժամիջոցներ սահմանելու կամ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու նպատակով։ Ադրբեջանն այս պատեհ աշխարհաքաղաքական իրավիճակում կարծես փորձում է օգտագործել այս ժամանակահատվածն ու հասնել խմբի լուծարմանը։ Գուցե ներկայումս դա հնարավոր լինի՝ հաշվի առնելով առկա իրողությունները, բայց աշխարհում որոշակի կայունացումից հետո այս խմբի լուծարումն ավելի բարդ է լինելու։
- Եթե համաձայնագիրը ստորագրվի, ի՞նչ կտա դա Հայաստանին։ Դա կարո՞ղ է խաղաղության երաշխիք լինել։
- Եթե համաձայնագիրն ստորագրվի, բնականաբար, դրանով զգալիորեն կամրապնդվի ՀՀ անվտանգությունը, կնեղանան Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր հավակնությունների հնարավորությունները, բայց, միևնույն ժամանակ, նշել, որ այդ համաձայնագիրն ի զորու է լինելու ապահովել Ադրբեջանից եկող բոլոր սպառնալիքները, ևս իրատեսական չէ։ Ադրբեջանի հավակնությունները հնարավոր է մեղմել բացառապես տարածաշրջանում ուժային և ռազմաքաղաքական բալանսը վերականգնելու միջոցով։ Այսինքն, երբ ՀՀ-ն էականորեն կբարձրացնի իր պաշտպանական ներուժը՝ Ադրբեջանի համար խնդրահարույց հետևանքներ խոստանալով հնարավոր ագրեսիայի դեպքում, երբ այնպիսի գործընկերային և դաշնակցային հարաբերություններ կձևավորվեն, որոնք թույլ չեն տա Ադրբեջանին որևէ ավելորդ քայլ ՀՀ-ի նկատմամբ։ Այս պահին այդքան էլ իրատեսական չէ ակնկալել խաղաղության համաձայնագրի ստորագրում, առնվազն, քանի դեռ տարածաշրջանը և աշխարհը գտնվում են անորոշությունների փուլում։
- Ինչպե՞ս կգնահատեք միջազգային արձագանքը Հայաստանի կողմից խաղաղության համաձայնագրի ստորագրման պատրաստակամության և Ադրբեջանի պահանջների վերաբերյալ։
- Միջազգային արձագանքը՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ կապված, շատ դրական է, ինչպես ակնկալվում էր։ Մի քանի տասնյակ երկրներ ողջունել են այս ձեռքբերումը։ Իհարկե, դրանցից քչերն են խորամուխ եղել փաստաթղթի դրույթներում։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ այդ ողջունելու բազմաթիվ փորձերը Ադրբեջանի համար չեն պարունակում որևէ պարտավորություններ, և ողջունող դերակատարների թվում չկա որևէ երկիր, որը մտադրություն ունի լրջորեն ներգրավվել գործընթացում և պարտադրել Ադրբեջանին՝ ստորագրել փաստաթուղթը, և արտաքին դերակատարների մոտ նման տրամադրվածությունն է նաև պատճառը, որ հավելյալ նպաստում է Ադրբեջանի ապակառուցողականությանը։ Հակառակը՝ միջազգային նման արձագանքը որոշակի առումով նաև նյարդայնացրել է Բաքվին։ Մոտ մեկ ամիս շարունակվող այս սահմանային լարվածությունները նաև այդ արձագանքների հետևանքն են։ Ադրբեջանն ուզում է ցույց տալ, որ միայն տեքստի փոխհամաձայնեցվածությունը չի նշանակում կոնֆլիկտի ավարտ, ավելին՝ նման միջավայր չկա այս պահին, սահմանին իրավիճակը լարված է, և չի բացառվում նոր պատերազմի հնարավորությունը։ Այս պահին այդ միջազգային արձագանքները, կարծես, հակառակ էֆեկտն են ունեցել՝ գրգռելով Ադրբեջանին։
Անժելա Պողոսյան