Հարցազրույց

«Իրանի հետ բանակցություններում ԱՄՆ-ն ճշտում է խաղի կանոնները». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։ 

- Կխնդրեի անդրադառնալ ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմին. կրքերը թեժանում են, և երկու երկրները սահմանում են ավելի բարձր մաքսատուրքեր։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Կանխատեսելի էր, որ ԱՄՆ նախագահը որոշակի քայլեր պիտի աներ Չինաստանի դեմ։ Բայց սա տարածվում է նաև աշխարհի տարբեր կետերի վրա։ Հիմա ցնցումների պահն է։ Կարծում եմ՝ հանգրվանը կկայունանա։ Կլինեն առևտրային պատերազմի հրադադարներ, բայց առևտրային հիբրիդային պատերազմը կշարունակվի։ Աշխարհի վրա ունենալիք ազդեցությունը դժվար է ասել։ Ցնցումային գործողություններ են այս պահի դրությամբ։

- Ինչո՞ւ Չինաստանը չի շտապում գնալ երկխոսության, այլ, ընդհակառակն, ավելի է կոշտացնում իր քաղաքականությունը։

- Կարծում եմ՝ Չինաստանը սպասում էր նման հարձակման։ Ինքն էլ հակահարձակվում է։ Արագորեն երկխոսության գնալը կենթադրեր թույլ դիրքերից խոսել և զիջել․ հիմա կողմերը նույն ոճով են իրար նկատմամբ գործողություններ անում։ 

- Ի՞նչ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ երկու գերտերությունների առևտրային պատերազմը։

- Դժվար է ենթադրելը․ սա երկու երկրներին չի վերաբերում միայն, այլև ամբողջ տնտեսական աշխարհակարգին։ Տնտեսական երկբևեռ դրություն է։ Ճգնաժամի խորացման դեպքում չի բացառվում, որ աշխարհի տարբեր կետերում կսկսվեն բողոքի ակցիաներ, այդ թվում՝ ԱՄՆ-ում։ ԱՄՆ բյուջեի և ԱՄՆ քաղաքացիների համար սկսված ֆինանսատնտեսական գործողությունները կարող են հակառակ ազդեցությունն ունենալ։

- Կխնդրեի անդրադառնալ նաև ԱՄՆ-Իրան բանակցություններին։ Ի՞նչ ակնկալիքներ կան այս հարցում։ Արդյո՞ք կհաջողվի միջուկային հարցով հասնել պայմանավորվածության։

- ԱՄՆ-Իրան բանակցությունները՝ միջնորդավորված թե ուղղակի շարունակվելու են։ Չեմ կարծում, որ կողմերը գնան բախման։ Իրանի պրոկսիներն արդեն թուլացել են։ ԱՄՆ-ի կանոններով են ընթանում բանակցությունները, համաձայնությունն էլ կլինի ԱՄՆ-ի կանոններով։ Կան որոշակի նախադրյալներ՝ մտածելու որ, մեծ հաշվով, միջուկային համաձայնությունը կայացել է արդեն։

- Այս համատեքստում կխնդրեի մեկնաբանել նաև Իսրայելի նախագահի այցը ԱՄՆ։ Տարածաշրջանում լարվածության մեծացման վտանգներ կա՞ն, թե՞ ոչ։

- Իսրայելը, մի կողմից, գոհ է, որ իրանյան պրոկսիները կոտրվում են, մյուս կողմից՝ դժգոհ, որ ԱՄՆ-ն ու Իրանը կարող են համաձայնվել։ Տարածաշրջանում առաջին անգամ սրվում են Թել Ավիվ-Անկարա բախման կետերը Սիրիայի տարածքներում։ Այս բոլորը վերահսկելի են ԱՄՆ-ի կողմից, որը շարունակում է վարել իրավարարի դերը։ Թե՛ Թուրքիայի, և թե՛ Իսրայելի դեպքում տեսանելի է երկուսի հավելյալ կախյալության ընթացքն ԱՄՆ-ից։

Արման Գալոյան