Հարցազրույց

«Պատկերացում չկա՝ ինչն ենք ուզում փոխել Սահմանադրության մեջ». Արա Ղազարյան

Արդարադատության նախարարությունում արդեն զբաղվում են նոր Սահմանադրության տեքստի պատրաստմամբ ու համագործակցում են խորհրդի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը։ 

Radar Armenia-ն թեմայի առնչությամբ զրուցել է սահմանադրագետ Արա Ղազարյանի հետ։ 

- Պարոն Ղազարյան, թեև սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դեռ չի ընդունել հայեցակարգ, բայց արդեն իսկ սկսվել են նոր Սահմանադրության տեքստի մշակման աշխատանքները։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ կարող է արդյունավետ  լինել այս տարբերակը։

- Ցանկալի կլիներ նոր հայեցակարգ։ Առանց հայեցակարգի տեքստ գրելը շատ դժվար է, բայց որոշումները երևի կայացնում են հընթացս։ Հայեցակարգ ունենալու համար պետք է հասկանալ՝ ինչն է պետք փոխել Սահմանադրության մեջ։ Դրա վերաբերյալ էլ, կարծես, պատկերացում չկա։ Օրինակ, եթե ինձ հարցնեք, կասեմ՝ ընդհանրապես պետք չէ սահմանադրությունն այդքան հաճախ փոփոխել։

- Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ ինչ-որ ընթացակարգ կա՞։

- Հիմա աշխատանքային խումբ կա, սկզբում հայեցակարգ պետք է ընդունվի, հետո, դրա հիման վրա, տեքստը մշակվի, հետո դրվի հանրաքվեի։ Եթե ընդունվեց, հերթական անգամ կունենանք նոր սահմանադրություն։ Սահմանադրությունը փոխվում է, նախ, հասարակական պահանջի առկայությամբ։ Հայտնի էլ չէ՝ նման պահանջ կա, թե ոչ։ Դրա համար է հայեցակարգը պետք։ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ լավ կլիներ՝ առաջին հերթին գիտնականները խոսեին, սահմանադրագետները, ոչ թե քաղաքական գործիչները։ Պետք է հասկանալ՝ ինչն ենք ուզում փոխել։ Հիմնական փաստարկն այն է, որ նախկին սահմանադրություններից ոչ մեկը լեգիտիմ չէ, բայց չեմ կարծում՝ դա բավարար փաստարկ է։ Ամենակարևորն այն է, որ հասկանանք՝ ինչն է մեզ խանգարում առաջընթացի համար։ Դրա վերաբերյալ հանրային որոշ քննարկումներ ընթանում են, ոչ շարունակաբար՝ ընդհատումներով, բայց միասնական կարծիք չկա՝ ինչն ենք ուզում փոխել։ Օրինակ, 2005թ․, երբ որոշեցինք Սահմանադրություն ընդունել, հիմնական պատճառն այն էր, որ միացել էինք Եվրոպայի խորհրդին, և իսկապես՝ 1995 թվականի Սահմանադրությունը թույլ չէր տալիս օրենքներում այնպիսի փոփոխություններ անել, որոնք Եվրոխորհուրդն էր առաջադրել Հայաստանին որպես պայման։ Մենք լուրջ քաղաքական, միջազգային պարտավորություն ունեինք, որը չէինք կարող կատարել, եթե Սահմանադրությունը չփոփոխեինք։ Հիմա հայտնի չէ՝ ինչն է փոխելու հիմնական պատճառը։ 

- Նոր Սահմանադրության մեջ նախաբանը կարո՞ղ է փոփոխվել

- Սահմանադրության մեջ 2 հոդված կա անփոփոխ, դա պետք է պահպանվի։ Խոսքն առաջին և երկրորդ հոդվածների մասին է։ Իսկ նախաբանի վերաբերյալ ՍԴ-ի որոշում արդեն կա, դա այն մասին է, որ նախաբանում ԼՂ անկախության վերաբերյալ ձևակերպումը չի տարածվում նորմերի վրա։ Նախաբանում վկայակոչվում է անկախության հռչակագիրը, իսկ անկախության հռչակագրում կետ կա ԼՂ անկախության վերաբերյալ։ ՍԴ որոշմամբ՝ անկախության հռչակագրի վկայակոչումը չի ենթադրում, որ մեր սահմանադրության բոլոր նորմերը պետք է անպայման արտահայտեն ԼՂ անկախության գաղափարը։ Այսինքն, հաջորդ Սահմանադրության նախաբանում որպես ուղենիշ անպայման չէ, որ ԼՂ վերաբերյալ որևէ հիշատակում արվի։ Նոր Սահմանադրության մեջ նախաբանում անկախության հռչակագրի վրա անպայման պետք է լինի հղում, ուղղակի դա մեկնաբանվում է այնպես, որ հռչակագրում նշված ոչ բոլոր սկզբունքներն են, որ անպայման պետք է արտահայտվեն Սահմանադրության նորմերում։ 

Անժելա Պողոսյան