Եթե Գյումրիում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ լինի, միանշանակ կհաղթեմ. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետի թեկնածու, կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված Վարդան Ղուկասյանը։
- Պարոն Ղուկասյան, բանակցություններ ընթանու՞մ են հաղթած ուժերի, մասնավորապես, Մարտուն Գրիգորյանի հետ կոալիցիա կազմելու շուրջ։
- Սպասում ենք՝ հայտարարություն անեն, հետո մենք մեր խոսքը կասենք։ Ես ոչ մի բան չեմ անում։ Խելոք նստած՝ սպասում եմ։
- Գո՞հ եք ընտրությունների արդյունքներից։
- Գոհ եմ։ Առանց փող բաժանելու, առանց այլ բանի պետության դեմ մենք այդքան ձայն հավաքեցինք։ Այդքան միլիոններ բաժանեցին…
- Իսկ ո՞վ է միլիոններ բաժանել։
- Էդքան գնացիք, ցույց տվեցիք, որ էսինչ տեղը, էնինչ տեղը փող են բաժանում, չտեսա՞ք։
- Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս ստացվեց, որ առավելագույն ձայներ չհավաքեցիք։ Ո՞րն էր խնդիրը։
- Ամբողջ պետությունը՝ լծակներով ու կեղծիքներով։ Մաքուր ձայնը ուրիշ բան է։ Հիմա չարչարվես առավոտից իրիկուն, 10 հազար ձայն հավաքես, մեկը, գրելով իր գործունեությունը ծավալելով, էդքան ձայներ հավաքի՝ աճպարարությամբ։ Մաքուր ու թափանցիկ չեն եղել ընտրությունները, կեղծիքներն աղաղակող են։
- Ի՞նչ եք կարծում՝ կհաջողվի՞ ընդդիմությանը միավորվել ու քաղաքապետ ընտրել։
- Ես կուզեի՝ երկրորդ փուլ լիներ, տեսնեինք՝ ինչ կլինի։ Թող փորձեն երկրորդ փուլ տանեն, ամբողջ պետությունն էլ դուրս գա, կտեսնեք՝ ինչ կլինի։
- Կարծում եք՝ կհաղթե՞ք, եթե երկրորդ փուլ լինի։
- Ոչ թե կարծում եմ, այլ միանշանակ կհաղթեմ։
- Բացառո՞ւմ եք, որ այլ ուժի թեկնածուի շուրջ միավորվեք։
- Ոչ, էդպիսի մեկին չեմ տեսնում։ Ճշմարտությունից է ելնում ամեն ինչը։ Եթե մեկը լինի թեկնածու, որ ինձնից շատ բան է արել, նրան կպաշտպանեմ, բայց եթե ամբողջ քաղաքը կառուցողը, խելքը գլխին մարդն իրեն դրել է թեկնածու (նկատի ունի իրեն- խմբ․), նրա շուրջ պետք է հավաքվեն։
- Միակ թեկնածու Ձե՞զ եք տեսնում։
- Ամբողջ քաղաքն է ասում, ես չեմ ասում։ 13 տարի աշխատելուց հետո առանց գումարի, առանց բանի այսքան ձայն հավաքելը նշանակում է 100 հազար ձայն։
- Ասուլիսում կանանց վերաբերյալ Ձեր խոսքերից մեկն ընկալվում է որպես սեքսիստական վերաբերմունք, խտրականություն և կանանց հանդեպ բռնության արդարացում։ Ի՞նչ կարծիք ունեք սրա մասին։
- Աղջիկ ջան, նեուժե՞լի էդքան բանը չես հասկանում։ Գրված է Սուրբ գրքի մեջ՝ «Վայ ձեզ, կանայք, որ գայթակղության պատճառ եք հանդիսանում», վարդապետների մեկնության մասին է խոսքը։ Ես պարզապես մեջբերում եմ արել, չի՞ հասկացվում։ Այլասերված կարծիքներ էնքան կան։
- Այսինքն՝ Դուք այդտեղ կանանց նկատմամբ խտրականություն, բռնության քարոզ չե՞ք տեսնում։
- Ի՞նչ խտրականություն, ի՞նչ բռնության քարոզ։ Ինչ մեղկ եք դուք։