Հարցազրույց

«ԱՄՆ-ից են կախված խաղաղության և տարածաշրջանային ապաշրջափակման պրոցեսները». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը:

-Չնայած ռուս-ամերիկյան ակտիվ բանակցություններին՝ Ուկրաինայի հարցում դեռևս չի հաջողվում հասնել համաձայնության։ Կխնդրեմ ներկայացնել Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ։

- Ուկրաինայի պատերազմի հրադադարի համաձայնությունից կամ ռուս-ուկրաինական բանակցություններից առաջ ընթանում են ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններ։ Արդեն հայտարարվում է այս ուղղության վրա համաձայնության կայացման մասին։ Համաձայնությունն, ըստ էության, Ուկրաինայի ռեսուրսների օգտագործմանը կամ միջուկային կենտրոնների կառավարմանն է վերաբերում։ ԱՄՆ-ի հիմնական նպատակը հանքերի կամ հազվագյուտ մետաղների պաշարներն ստանալն է։ Վաշինգտոնում Թրամփի և Զելենսկու ցուցադրական վեճի մեխն ԱՄՆ-ի տրամադրած հարյուրավոր միլիարդների պարտամուրհակի հիշեցումն էր․ հիմա ԱՄՆ-ն այդ գումարները ստանալու է հանքերի, ռեսուրսների մասով։ Այս հանգրվանից հետո գործընթացը կաշխուժանա Չինաստանի հարաբերակցությամբ։ Համենայնդեպս, ԱՄՆ–ն այլևս առկա է Ռուսաստանի մերձակայքում, ընդ որում՝ Ուկրաինայում։  

- Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանին հողերի զիջման հարց չի քննարկվելու. «Մենք մեր հողերը Պուտինին չենք տա»։ Ձեր կարծիքով՝ հնարավոր կլինի՞ վերադառնալ նախապատերազմյան սահմաններին, թե՞, այնուամենայնիվ, կողմերը ստիպված են լինելու հաշվի առնել առկա իրավիճակը։

- Առկա իրավիճակը կստեղծի նոր ստատուս քվո։ Մինչ այդ ռուսական ուժերը կշարունակեն վերահսկել այն տարածքները, որտեղ հիմա են, իսկ ԱՄՆ–ն կշահարկի տնտեսական միջոցները և կամրապնդի իր դիրքերը ռուսաստանամերձ շրջաններում։ Ըստ էության, ԱՄՆ–ն և ՌԴ–ն բաժնեկցում են Ուկրաինան։

- ՌԴ նախագահն առաջարկել է ՄԱԿ-ի և մի շարք երկրների հովանու ներքո քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարություն ներդնելու հարցը՝ այնտեղ ընտրություններ անցկացնելու նպատակով։ Արդյո՞ք հնարավոր կլինի գնալ այդ տարբերակով, և սա կարո՞ղ է լուծում համարվել։

- Դեռ պարզ չեն ընտրական հետագա գործընթացները։ Հրադադարից առաջ դժվար թե իրականա նման սցենար։ Իսկ նախահրադադարյան վիճակը տուրբուլենտ հանգրվաններից պիտի անցնի դեռ։ Չեմ կարծում, որ կարճաժամկետ դրվածքով բեկումնային իրավիճակ կլինի։

- Անդրադառնանք նաև տարածաշրջանային զարգացումներին։ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը կոչ է արել հայկական կողմին՝ արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, նշելով, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու։ Ի վերջո, ցանկանու՞մ է Բաքուն խաղաղության համաձայնագիր կնքել, թե՞ ոչ։

- Ամիրբեկովի հայտարարությունում կա սպառնալից  ոճ՝ վաղը կարող է ավելի վատ իրավիճակ ստեղծվել Հայաստանի համար․ սա է ասում հիմնականում։ Երևանն ասել է, որ պատրաստ է ստորագրել, սակայն Բաքուն չի արձագանքել։ Ընդհակառակն, նոր նախապայմաններ է առաջ քաշում։ Ամիրբեկովը ապակողմնորոշում է հանրային կարծիքը, իբր Հայաստանը խանգարում է խաղաղությունը։ Սա Բաքվի ավանդական վարքագիծն է։

- Մինչև տարեվերջ տեսնո՞ւմ եք փաստաթղթի ստորագրման հնարավորություն, թե՞ ոչ։

- Այստեղ ազդեցիկ գործոններ կան, որոնք կարող են վճռորոշ դեր ունենալ։ Եթե Անկարան որոշի ճնշում գործադրել Բաքվի վրա, որ գնա խաղաղության պայմանագրի ստորագրմանը, հավանականությունը կբարձրանա։ Առերևույթ հակառակն է։ Բաքուն բողոքում է, երբ Անկարան, օրինակ, ժամանակավորապես բացում է սահմանակետը։ Անկարան շարունակում է փոխկապակցել գործընթացները։

Մեծ հաշվով ԱՄՆ-ից են կախված խաղաղության և տարածաշրջանային ապաշրջափակման պրոցեսները։ Եթե Վաշինգտոնը համարի, որ այդ բոլորը ռուսական գործոնի թուլացման, հակակշռման կամ, ընդհանրապես, դուրսմղան համար կարևոր քայլեր են, գործընթացները կմտնեն գործնական փուլ։

Արման Գալոյան