Հարցազրույց

«Իրականացվում են իրանյան պրոկսի հենակետերի կոտրման գործողություններ». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

- Անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը, կարծես, Թրամփ-Պուտին և Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցներն էին։ Ի՞նչ տպավորություն ունեք տեղի ունեցող գործընթացներից։ Կողմերը դեռ հեռո՞ւ են խաղաղությունից կամ, առնվազն, զինադադարի հաստատումից, թե՞ ոչ։

- Մեծ հաշվով, կարծում եմ, ԱՄՆ-ՌԴ համաձայնություն կա Ուկրաինայի հաշվին։ Բանակցությունները գնում են այնպես, որ երկու տերությունները ուզում են միմյանց միջև բաժանել Ուկրաինան․ մեկն ստանալու է որոշ տարածքներ, մյուսը՝ հանքեր, ռեսուրսներ, անգամ միջուկային կենտրոններ։ Ընդհանուր առմամբ, սրանից է կախված հրադադարի և ավելի հեռու գնացող համաձայնությունների ընթացքը։

- Միաժամանակ ԱՄՆ-ն շարունակում է կոշտ հռետորաբանությունն Իրանի հասցեին, նաև՝ եղավ Թրամփի նամակը Իրանին։ Այստեղ լարվածության նոր օջա՞խ է հասունանում, գետնի վրա գործողություններ կլինե՞ն, թե՞ հռետորաբանությունից այն կողմ չեն անցնի։

- Գործողությունները մինչ այդ էլ արդեն ճանապարհ են անցել և արդյունավորվել։ Գազայում, Լիբանանում, Սիրիայում և, հիմա էլ, Եմենում ընթանում է իրանյան պրոկսի ռազմակետերի ջլատման և կոտրման ռազմաքաղաքականություն։ «Թուլացնել, հարվածել և բանակցել» մարտավարությունն աշխատում է։ Այս բոլորով հանդերձ, չի բացառվում բանակցությունների շարունակումն ու համաձայնությունների հանգելը։

- Այս համատեքստում կխնդրեի անդրադառնալ նաև Իրանի հակառակորդ Իսրայելի՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսմանը և պնդումներին, որ այսուհետ բանակցելու են կրակի տակ։ Ինչո՞ւ ձեռք բերված համաձայնությունները 2-3 ամսվա կյանք ունեցան։

- Թվում է՝ Թել Ավիվը չի բավարարվել հրադադարի պայմաններից․ ուզում է ստանալ առավելագույնը։ Առիթավորվել է՝ գնալու արմատական լուծումների։ Ամբողջովին նոր Գազա՝ նոր կարգավիճակով, նոր իշխանություններով․ դրանից հետո միայն «երկու պետություն» բանաձևի շուրջ բանակցություններ կսկսվեն։ Երկրորդ պետությունը Իսրայելի պատկերացումով կլինի թույլ, «համասազերծ» և վերահսկելի։ Ուստի փորձում է առիթը բաց չթողնել և գնալ առավելագույն արդյունքների ստացմանը։ Այս գործողությունների վերսկսվելը չէր լինի, եթե Իսրայելը ԱՄՆ-ից կանաչ լույս չստանար։ Գազայի դեմ գործողությունների այս թափը տեղավորվում է իրանյան պրոկսիների կոտրման և ԱՄՆ-ի հովանավորչությունն ու մասնակցությունը ապահոված վերջին արարների շարքին։

Արման Գալոյան