Հարցազրույց

Այս համաձայնությամբ հաղորդուղիները չեն վերահսկվելու ռուս սահմանապահների կողմից

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը:

- Պարոն Գանտահարյան, անդրադառնանք նախ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: ՀՀ ԱԳՆ-ն ևս հայտարարեց, թե խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Արդյո՞ք առաջիկայում հնարավոր է ականատես լինել փաստաթղթի ստորագրմանը, թե ոչ:

- Կողմերը հերթով հայտարարեցին, որ Խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության են եկել: Հայտարարության ձևաչափում արդեն Բաքուն խախտել է համաձայնությունը. համատեղ չի հայտարարել: Սա վստահության խախտման հերթական օրինակ է, չնայած հայտարարության օրն Ալիևն ասում է, որ Հայաստանի հանդեպ վստահությունը զրոյական է: Տպավորություն է, որ Ադրբեջանը չի ուզում գնալ համաձայնության, նոր պայմաններ է առաջ քաշում և խոսում վստահությունից: Եթե դա ճիշտ է, ապա կարելի է մտածել, որ Ադրբեջանին ճնշում են գնալ համաձայնության: Իհարկե, կա տեսություն, որ այս կերպ Ադրբեջանը փորձում է ստանալ առավելագույնը: Հայտարարությունը դեռևս չի նշանակում ստորագրություն: Կլինեն միջանկյալ նոր խնդիրներ: Ճնշումները շարունակվելու են:

- Ի՞նչ էին նշանակում Բայրամովի խոսքերը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու և ՀՀ սահմանադրությունը փոխելու մասին: Այսինքն՝ նրանք այնուամենայնիվ շարունակո՞ւմ են նախապայմաններ առաջ քաշել և ձգձգել ստորագրումը:

- Թուրք-ադրբեջանական դաշտի վարքագիծը հայկական կողմի հետ հարաբերակցաբար շարունակում է մնալ նախապայմանային: Մի կողմից՝ սպառազինման դադարեցում, ռազմական հանցագործների հանձնում, սահմանադրության փոփոխություն, մյուս կողմից՝ ցեղասպանության ճանաչումից հրաժարում, տարածքային պահանջների չարծարծում, Մինսկի խմբի լուծարում, միջազգային հայցերի հետքաշում, և այլն: Որոշակի նախապայմաններ արդեն կիրառել են:

- Ինչո՞վ է պայմանավորված փաստաթղթի շուրջ համաձայնության հասնելու հանգամանքը: Արդյո՞ք դա կապ ունի ուկրաինական ճակատում տեղի ունեցող իրադարձությունների հետ, երբ կարծես թե խոսում են խաղաղության մասին:

- Կարծում եմ՝ այո, որոշակի առումով: Համաձայնությունը պիտի դիտարկել գլոբալ տեսանկյունից: Ռուսական գործոնի դուրսմղում: Պարզ է դառնում, որ ապաշրջափակման ուղիները չեն վերահսկվելու ռուս սահմանապահների կողմից: Պատահական չէ Իրանի արագ ողջունելը այս համաձայնությանը: Առնթեր՝ ռուսները հեռանում են օդանավակայանից, հայ-իրանական, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական սահմանակետերից: Հաղորդուղիների աշխատելն առանց ռուսների այս համաձայնության ամբողջ մեխն է:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք ռուս-ամերիկյան բանակցությունները: Արդյո՞ք Մոսկվայում կայացած հանդիպումն արդյունավետ էր:

- Հրադադարից առաջ գործողությունների վայրիվերումներ են: Հրադադարը մի կողմից պայմանավորվում է ուկրաինական որոշ տարածքների ռուսական զորքերի վերահսկողությամբ, մյուս կողմից՝ ուկրաինական հանքային ռեսուրսների ամերիկյան շահարկումների համաձայնությամբ: Սա մեծ առևտուր է ռուս-ամերիկյան, նաև Չինաստանի հարաբերակցությամբ որոշակի պատնեշներ ձևավորելու առումով:

Արման Գալոյան