Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԱԺ՝ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար։ Այս թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է Հովիկ Աղազարյանի հետ։
- Արդեն տեղյակ եք, որ գլխավոր դատախազը ԱԺ է ներկայացրել Ձեր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը, սպասո՞ւմ էիք, որ նման միջնորդություն կբերվի։
- Իհարկե, սպասում էի։ Արդեն 3-4 ամիս է՝ այդ թեման է։ Վարչապետն ԱԺ-ում հայտարարեց՝ բոլոր մեթոդները պետք է գործադրվեն, օրենքով սահմանված, իհարկե, որ ԱԺ-ն ինձ զրկի մանդատից։
- Կարծես մի պահ այս թեման մարել էր։
- Դե փնտրում էին քիչ, թե շատ, ըստ իրենց՝ արժեք ունեցող, հիմնավոր փաստարկներով մոտենային։ Իսկ դրա համար ժամանակ էր պետք, որովհետև այն, ինչ իրենք էին ներկայացնում, դատարկ հիմարություններ էին։
- Հասցրե՞լ եք այդ փաստաթղթին ծանոթանալ, ԱԺ կայքում արդեն տեղադրված է միջնորդությունը։
- Չէ, չեմ հասցրել ծանոթանալ, որովհետև մենք այսօր Գյումրիում ենք, ներկայացնում ենք քաղաքապետի մեր թեկնածուին։
- Ի՞նչ եք կարծում՝ ԱԺ-ն կբավարարի՞ միջնորդությունը։
- Կարծում եմ՝ այո։
- Այն ամենը, որ դատախազությունը Ձեզ է վերագրում, իրականության հետ որքանո՞վ աղերս ունեն։
- Դե որոշ աղերսներ ունեն։
- Ի՞նչ առումով։
- Այնտեղ կա մի փոքրիկ ճշմարտություն, որի շուրջ արդեն կառուցված է կեղծիքը։ Ընդ որում, դատախազի ներկայացրած մի հատվածի հետ կապված ես մոտ մեկ տարի առաջ ԱԱԾ-ին տեղյակ եմ պահել, և ԱԱԾ հորդորով դիմել եմ համապատասխան իրավապահ մարմիններին, և նրանք այդ գործը քննել, պաշտոնապես ասել են՝ գործ չկա, գործ հարուցելու հիմքեր չկան, հիմարություն է, և վերջ, փակվել է թեման։ Բայց հիմա դա էլ է թարմացվել։
- Միջնորդության մեջ խոսք կա կաշառքի մասին։
- Այո, այո։ Այդ 23.000 դոլարի հետ կապված ես դիմել էի ԱԱԾ, ԱԱԾ-ն ուսումնասիրել և հորդորել էր, որ դիմեմ համապատասխան մարմիններին։ Ես էլ դիմել եմ։ Ուսումնասիրել ու եզրակացություն էին տվել, որ որևէ հիմք չկա քննարկելու։
- Գնալո՞ւ եք ԱԺ, մասնակցելո՞ւ եք այդ հարցի քննարկմանը։
- Բա, իհարկե, իհարկե։
- Եթե բանը հասնի խափանման միջոց կիրառելուն, իրավապահները կգնա՞ն այդ քայլին։
- Հիմա ԱԺ-ին դատախազությունը միջնորդություն է ներկայացրել, որ ինձ զրկեն անձեռնմխելիությունից և իմ նկատմամբ քրեական վարույթ հարուցեն։ Այդ քրեական գործի շրջանակներում կարող է պատահի արդեն Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդությամբ հանդես գա դատարանում, որ ինձ կալանավորեն։
- Կգնա՞ն այդ քայլին։
- Կարծում եմ, որ այո, կգնան այդ քայլին, այլապես՝ իրենց այս կապիկություններն իմաստ չէին ունենա։
- Պատրա՞ստ եք կալանավորվելու։
- Բա ի՞նչ անեմ, փախչե՞մ։
- Բայց մանդատն այնուամենայնիվ, վայր չեք դնի՞։
- Իհարկե։
- Սպասո՞ւմ էիք, որ Ձեր՝ արդեն նախկին թիմակիցներն այսպես Ձեր դեմ դուրս կգային։
- Իմ թիմակիցներից հո բոլորն իմ դեմ դուրս չե՞ն եկել, մի քանի հոգի են։ Մնացածը պասիվ են կամ իրենց արտահայտություններում՝ զուսպ։
Զրուցեց Արման Գալոյանը