Հարցազրույց

«Քոչարյանն ու Սարգսյանը խնդիր ունեն՝ ներկայանալ թիվ մեկ ընդդիմություն». Ստեփանյան

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն է։

- Ինչպե՞ս եք մեկնաբանում Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական «հարձակումները»։

- Քոչարյանականների և սերժսարգսյանականների միջև կռիվն ունի շատ պարզ պատճառ, և մեկ խնդիր է լուծում։ Նրանք պայքարում են խորհրդարանական ընդդիմության տեղի համար։ Սա շատ պարզ է։ Նրանք ունեն շատ լուրջ տարաձայնություններ։ Ե՛վ Քոչարյանը, և՛ Սարգսյանը խնդիր ունեն՝ ներկայանալ որպես թիվ մեկ ընդդիմություն, իսկ Ռուսաստանի առջև ներկայանալ նրանց հավատարիմ, այդպես՝ նաև միակ ընդդիմադիր թեկնածու ապագա ընտրություններում։ Ինչու՞ Ռուսաստանի, որովհետև շատ լավ են հասկանում, որ Հայաստանում, նրանք այլևս այնքան ձայն չեն ստանալու, որը թույլ կտա դառնալ իշխանություն։ Այդ ձայները գնել նրանք չեն կարող։ Եվ Փառք Աստծո, հեղափոխությունը ունի մեկ ձեռքբերում. 2018 թ. հեղափոխությունից հետո ձայներ գնելը համարյա անհնար է։ Նրանք մարդկանց վախեցնել նույնպես չեն կարող։ Հետևապես, իրենց պատկերացմամբ, իշխանության գալու միակ հնարավորությունը Ռուսաստանի օրակարգը սպասարկելն է։ Եվ ձեր նշած հարձակումները գալիս են այդտեղից։

- Ինչու՞ հենց այս փուլում են Քոչարյանն ու Սարգսյանը ակտիվացնում այս օրակարգը։ Ի՞նչ հարց են փորձում լուծել։

- Ինչ վերաբերում է՝ «ինչու՞ այս փուլում» հարցին, ապա այստեղ էլ է ամեն ինչ պարզ։ 2026 թ.մոտենում է, նրանք պատրաստվում են ընտրություններին և փորձում են այնպես անել, որ խորհրդարանում ունենան ներկայություն։ Եվ այդ ներկայությունը նրանց թույլ կտա պահպանել թալանածը՝ այն ինչ թալանվել է ժողովրդից և ՀՀ-ից տասնամյակների ընթացքում։

- Հայաստանի ներքաղաքական կյանքի թոփ հարցն է, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին իշխանության։ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն ոչ ոք իշխանության չի բերել։ Այս հարցի պատասխանով ի՞նչ են փորձում ստանալ այս օրակարգն սպասարկողները։

- Նրանք փորձում են իրար վրա գցել իրենց պատկերացմամբ այդ մեղքը, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իրենց էլեկտորատը՝ այն բոլոր մարդիկ, ովքեր դժգոհ են ներկա իշխանությունից և սատարում են այսպես կոչված նախկիններին, չփախչի, որովհետև փոխկապակցված են իրենց հետ և շահեր ունեն։

Այդ էլեկտորատի համար է գնում պայքարը։ Ճիշտ է նրանք շատ չեն, բայց այդպիսինները մեր հասարակությունում կան։ Նաև կան մարդիկ, ովքեր չեն հասկանում իրականում ինչ է կատարվում և կան նաև մարդիկ, որոնք, թեև շատ ցածր տոկոս են կազմում, ցանկանում են տեսնել Քոչարյանին կամ Սարգսյանին որպես «փրկիչ»։ «Փրկիչ», որը թույլ կտա երկիրը փրկել Նիկոլ Փաշինյանից և ՔՊ-ից։ Հիմա նրանք այդ օրակարգն առաջ են բերում, և սա պայքարի տրամաբանական մի մասն է, որ այն մարդիկ, ովքեր չեն ուզում, որ ընտրվի Նիկոլ Փաշինյանը,  իրենց ձայնը տան Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին և իրենց սատարող ուժերին։ Եվ կարծում եմ, որ այստեղ էլ է ամեն ինչ շատ պարզ։