Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
- Ինչպե՞ս կմեկնաբանեք Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները. Ի՞նչ է սա իրականում՝ քաղաքական հակառակորդների ընդվզումը ճնշելուն ուղղված և ըստ այդմ իշխանությունն ամրապնդելու գործողություն, թե՞ այլ բան է։
- Սիրիայի նոր իշխանությունների հաստատումից հետո սրանք առաջին ծավալուն դեպքերն են՝ ռազմական բախումների տեսքով։ Առերևույթ բախումներն ընթանում են նախորդ ռեժիմի մնացորդ ուժերի կամ ալավիների դեմ, սակայն մի քանի հանգամանք կարող ենք նկատի ունենալ։ Գլոբալ հայացքով, այս դեպքերը հաջորդում են ազգային երկխոսության համագումարին, նոր Սահմանադրության նախագծի մշակման որոշումով։ Սիրիայի անցումային կառավարությունը հիմնարար խնդիրներ ունի ոչ միայն ալավիների հետ, այլ հիմնականում քրդերի և տիվրզիների։ Սիրիայում նոր ազդեցության գոտիների ձևավորման համար բախումներ են, որոնք կապվում են տարածաշրջանի լայնածավալ գործընթացների հետ։ Իրանի և Ռուսաստանի ազդեցությունները չեզոքացվել են․ Սիրիայում վերագծվում են նոր գոտիներ որտեղ Թուրքիան և Իսրայելը բաժանում են տիրույթներ։
- Հաղորդվում է, որ զոհ են դարձել նաև հասարակ քաղաքացիներ անգամ ընտանիքներ։ Ինչո՞ւ։
- Զոհերի մեծ մասը քաղաքացիներ են․ ռազմական բախումներ են և այդ բախումների ընթացքում զոհվում են նաև ոչ զինյալներ, քաղաքացիներ։ Հիմնականում ալավի համայնքից են։
- Ինչպե՞ս եք գնահատում այս առնչությամբ միջազգային արձագանքները. ԵՄ-ից եղավ արձագանք, որ ավելի շատ պաշտպանում էր իշխանության գործողությունները, նաև՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն ցանկանում են ՄԱԿ-ում այս հարցը քննարկման առարկա դարձնել։
- Առայժմ զուտ դեկլարատիվ առումով մեղադրանքներ են, կոչեր՝ դադարեցնելու կրակը, հարգելու գերիշխանությունը։ Սրանք կարգախոսային են։ Երկու հայտարարություն ուշագրավ է։ Դամասկոսի ներկայացուցիչը հայտնեց, որ նախորդ ռեժիմի մնացորդների զինյալ գործողությունների հետևում կանգնած է Իրանը։ Իսկ Թեհրանի ներկայացուցիչն ակնարկ արեց Անկարայի դերակատարության մասին։
- Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել սրանից հետո։
- Դժվար է կանխատեսելը գործընթացի հիմնական ուղղությունը։ Ցնցումները շարունակվելու են։ Սիրիայում տեղի են ունենում ազդեցության գոտիների նոր ձևավորումներ, ժողովրդագրական պատկերի վերափոխումներ։ Թեհրանի և Մոսկվայի թողած դիրքերը լրացվում են հիմնականում Իսրայելի և Թուրքիայի կողմից։ ԱՄՆ-ն վերահսկում է այս տեղաբաշխումները, ճշտում՝ կարմիր գծեր, սահմաններ։ Սա Միջին Արևելքի նոր քարտեզի ընդամենը մի մասնիկն է։