Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
- Ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայի շուրջ տեղի ունեցողը. Թրամփ-Զելենսկի հանդիպումը տխուր ավարտ ունեցավ. Ուկրաինայի նախագահին, ըստ էության, դուրս արեցին Սպիտակ տնից, այնուհետև ԱՄՆ-ն դադարեցրեց ռազմական օգնությունը, հետախուզական տվյալների տրամադրումը։
- Կարծում եմ՝ այս հանդիպման հիմնական հարցն ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հանքային ռեսուրսների տիրապետելն էր։ Առևտուր է գնում։ Ավելի շուտ առևտրային բանակցություններ են։ Մյուս բաժինը շոու է, որը Թրամփն արեց Մոսկվային ուղերձ հղելու համար։
- Փոխարենը Եվրոպան է ձեռնամուխ եղել Ուկրաինայի պաշտպանությանը, խոսվում է այդ երկրին ֆինանսավորումն ավելացնելու մասին. ի՞նչ է սա նշանակում, և առանց ԱՄՆ-ի հետ համագործակցության, արդյոք եվրոպական օգնությունն արժեքավո՞ր է։
- Նույն տրամաբանությամբ Եվրոպան ասում է՝ տվեք հազվագյուտ մետաղները և դիմացն ստացեք օժանդակություն։ Ըստ էության՝ խոսքը գնում է միացյալ պաշտպանողականության մասին, որ իր գինն ունի։ Այդ գինն են պահանջում Կիևից։
- Եղավ Ֆրանսիայի նախագահի ուղերձը, երբ քննադատեց ՌԴ-ին, ներկայացրեց որպես Եվրոպայի դեմ սպառնալիք, խոսեց ՆԱՏՕ-ի խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման մասին։ Սրան հակադարձեց ՌԴ-ն, Լավրովն Ուկրաինայում ՆԱՏՕ-ի խաղաղապահ կոնտինգենտի տրամադրմանը կտրուկ արտահայտվեց՝ գնահատելով ուղիղ միջամտություն։ Արդյոք Եվրոպան կգնա՞ այս քայլին ու կլարի՞ իրավիճակը, թե՞ ոչ։
- Կարծում եմ՝ այս խնդիրը կձգվի դեռ դամոկլյան սրի պես։ Նկատենք, որ արդեն ՆԱՏՕ-ն հասել է Ռուսաստանի սահմաններ։ Այս շանտաժը դեռ կօգտագործվի Մոսկվայի դեմ։
- Այս ամենից հետո պատերազմի ելքը տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։
- Հրադադարը կլինի ոչ թե ռուս-ուկրաինական համաձայնությամբ, այլ ԱՄՆ-ՌԴ հարաբերակցությամբ, այն էլ Վաշինգտոնի ճշտած կանոններով։ Ձևավորվող աշխարհակարգում ՌԴ-ի նախկին տիրույթներն արդեն նոր կարգավիճակում են։
Արման Գալոյան