Radar Armenia-ի զրուցակիցն է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
- Տիկին Նանուշյան, շնորհավորելով Կանանց միջազգային օրվա առիթվ, միանգամից հարցնեմ՝ սիրո՞ւմ եք այս տոնը և ինչպե՞ս եք սովորաբար նշում։
- Իհարկե, որպես կին սիրում եմ արժանանալ ուշադրության, բայց քանի որ այս տոնը արդեն մեկ դարից ավել նշվում է և այն առաջ ավելի շատ նշվել է որպես աշխատավոր կանանց իրավունքների և իրավահավասարության տոն, կարծում եմ նաև, որ այս ընթացքում որոշակիորեն իր ակտուալությունն էլ է կորցրել, որովհետև կանայք հիմա ավելի շատ են կարողանում իրավահավասար պայմաններում աշխատել և ավելի շատ են ներկայացվում բարձր պաշտոններ, քան մեկ դար առաջ: Բայց, իհարկե, անկախ ամեն ինչից միշտ էլ հաճելի է նշել այդ օրը:
- Իսկ Ձեր տան տղամարդիկ ինչպե՞ս են շնորհավորում Ձեզ։ Կհիշե՞ք առանձնահատուկ նվեր կամ արարք Ձեր ամուսնու և որդիների կողմից որ զարմացրել, երջանկացրել է Ձեզ։
- Շնորհավորանքները շատ տարբեր են լինում. դա կարող է լինել մեկ փունջ ծաղիկ կամ բացիկ։ Հիշում եմ, երբ տղաներս փոքր էին, իրենց ձեռքով բացիկներ էին պատրաստում, նկարազարդում և գեղեցիկ խոսքերով շնորհավորում, ինչը շատ հաճելի էր ինձ համար: Հատկապես, երբ նոր էին սկսում սովորել գրել: Իրենց ծռմռված, ոչ վարժ տառերով գրում էին շնորհավորանքներ ու ցանկություններ, ինչն էլ ինձ ամենաշատը զարմացնում և երջանկացնում էր։ Ես մինչև հիմա բացիկներից որոշները հաջողացրել եմ պահպանել՝ հետագայում դրանց նայելով այդ զգացումները վերապրելու նպատակով:

- Ի՞նչ եք սովորաբար նվիրում Ձեր շրջապատի սիրելի կանանց, և ի՞նչ են Ձեզ նվիրում։
- Այդ օրը ես առաջինը շնորհավորում եմ իմ մայրիկին՝ իմ ամենասիրելի կնոջը, և նվիրում եմ նրան ծաղիկներ, որպես գարնան խորհրդանիշ։ Իսկ ինձ նվիրվող նվերները կարող են տարբեր լինել, բայց շատ մեծ տեղ չեմ տալիս դրանց. կարևորը պարզապես ուշադրությունն է:
- Ի դեպ, ո՞րն է Ձեր սիրելի ծաղիկը։
- Դաշտային կարմիր կակաչը։
- Բազմազբաղ առօրյան թույլ տալի՞ս է ընտանիքի հոգսը հոգալ, մի համեղ բան պատրաստել նրանց համար։ Վերջին անգամ ե՞րբ եք խոհանոցում եղել։
- Ընդհանրապես ինձ համար հաճույք է ընտանիքիս մասին հոգ տանել և պատրաստել կերակուր նրանց համար, բայց անկեղծ ասած որդիներս և ամուսինս այնքան էլ չեն հավանում իմ պատրաստածը: Չնայած, երբեմն փորձում եմ զարմացնել նրանց` որևէ մի նոր բան փորձելով պատրաստել: Օրինակ` վերջերս առաջին անգամ «Մանթի» պատրաստեցի, և կարծես թե հավանեցին, ինչը ինձ շատ հաճելի էր:

- Պետական ապարատում բարձր պաշտոն եք զբաղեցնում։ Ինչ կարծրատիպեր եք կոտրում կամ կոտրել պաշտոնավարման ընթացքում:
- Շատ հետաքրքիր էր գալ Առողջապահության նախարարություն և փոխնախարարի պաշտոն զբաղեցնել: Ցավոք, վերջին տարիների ընթացքում փոխնախարար և նախարար բարձր պաշտոնյա կանայք չեն եղել: Ես հիշում եմ, որ առողջապահության նախարարությունում, կարծես թե 1998-1999թթ՝ կարճատև, մի քանի ամսով եղել են կին փոխնախարարներ, բայց դրանից հետո երբևիցե նման բարձր պաշտոնի կանայք նշանակված չեն եղել: Եվ իհարկե, մարդիկ սկզբում շատ դժվար էին համակերպվում նույնիսկ դիմելաձևին, դիմում էին «պարոն փոխնախարար»: Հետագայում, դա փոխվեց, երևի սովորեցին բոլորը, բայց նույնիսկ այդ դիմելաձևում արտահայտվում էր կարծրատիպը, ինչպես նաև դրա հետ կապված շատ այլ խնդիրներ և հետևանքներ:

- Որո՞նք են այն դժվարությունները, որ առերեսվել եք որպես կին՝ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնն զբաղեցնելուց ի վեր։
- Որպես կին՝ ցանկացած աշխատանքի անցնելիս առերեսվում ես մեկ խնդրի հետ. պետք է ապացուցես, որ ունես համապատասխան գիտելիքներ և փորձ, կարող ես աշխատել այդ պաշտոնում և ցույց տալ արդյունքներ։ Կապ չունի նախարարի տեղակալ ես, թե այլ պաշտոն ես զբաղեցնում: Ամենուրեք էլ կարող ես նման խնդրի հետ առերեսվել։ Բայց կարծում եմ բոլոր այդ դժվարությունները կարողացել եմ հաղթահարել, որովհետև գուցե հիմա միջավայրը ավելի աջակցող է քան մեկ դար առաջ։
Հայկ Մագոյան