Հայաստանի Ազգային հերոս, ՀՀ առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Radar Armenia-ն զրուցել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։
-Ինչպիսի՞ն էր Վագզեն Սարգսյանը տեսախցիկներից ու լրագրողներից, քաղաքական կուլիսներից դուրս, որպես սովորական քաղաքացի։
-Ջերմ, հոգատար ու նրբանկատ, ավելի քան նրբանկատ, որովհետև, չգիտես ինչու, համարում էր, որ ինքը պատասխանատու է բոլորի համար ու պարտավոր է բոլորին օգնել՝ ինչ հարց էլ լիներ: Այդին Մորիկյանն ու ես շարունակ պնդում էինք, որ պետությունը պետք է քարոզչության համակարգ ունենա՝ ներկայացնելու իր արածն ու բացատրի չարածների պատճառները, միջազգային ասպարեզում ընկալելի ու կանխատեսելի գործընկեր համարվելու, իմիջ փոխելու, զարգացում ապահովելու համար։ Վազգեն Սարգսյանը համաձայն էր քարոզչության անհրաժեշտությանը, միակ առարկությունը, որ նախ պետք է դրական փոփոխություններ լինեն, պետք է գործ արվի, հետո ներկայացվի, այլապես քարոզչությունը դառնում է ցինիզմ: Ես չեմ հիշում ու իսկապես չգիտեմ՝ նրա աշխատանքային օրը ե՞րբ էր սկսվում ու երբևէ ավարտվու՞մ էր: Մեր շատ խոսակցությունների ժամանակ Վազգենի առաջին խոսքն էր՝ էդ ձայնագրիչդ անջատի, մարդավարի խոսենք, հետո պաշտոնական հարցերդ կտաս։
-Կա՞ մի ջերմ պատմություն կամ գուցե խոսակցություն Վազգեն Սարգսյանի հետ, որ դեռ չեք պատմել ու կցանկանաք այսօր պատմել։
-Իհարկե, շատ ու շատ: Գուցե տարօրինակ է, որ Վազգեն Սարգսյանի մասին հիշողությունները խրվել-մնացել են իմ ընդհանրական հիշողության մեջ՝ իրենց գույներով ու բույրերով, ու երբեմն ինձ թվում է, որ իրական չեն, պարզապես կինոֆիլմ եմ տեսել ու այնքան է տպավորվել, որ չեմ կարող մոռանալ: 1999-ի հոկտեմբերի 7-8-ը Յալտայում ԱՊՀ երկրների վարչապետերի հերթական հանդիպումն էր: Լիվադիայի ցարական պալատում: Արդեն ավարտվել էին պաշտոնական հանդիպումները, մենք սպասում էինք վարչապետին Յալտայի օդանավակայանում, որ վերադառնանք Երևան: Նրան էր սպասում նաև ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Վազգենը ուշանում էր: Անատոլի Չուբայսը ռուս լրագրողներին ու նաև մեզ զբաղեցնելու պարտականությունն էր ստանձնել, ու բացատրում-ներկայացնում էր հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը, պատմությունը, ապագան։ Վազգենը չկար: Մեկ ժամ: Երկու ժամ: Վլադիմիր Պուտինը համբերատար սպասում էր։ Երեք ժամ։ Մենք արդեն վերադարձել էինք մեր ինքնաթիռ ու...Չգիտեինք՝ ու՞ր է Վազգեն Սարգսյանը, գիտեինք, որ ինչ-որ հանդիպման է, բայց՝ ո՞ւմ հետ, ինչո՞ւ է այդքան ուշանում։ Եկավ: Ուրախ, հրճվանքից փայլող աչքերով. «Ես էլ ասում էի՝ ինձ թողեցիք-գնացիք»: Վրաստանի վարչապետի հետ էի հանդիպում, Լորդկիպանիձեից պարտքը պոկեցի, չէր ուզում տար, դիմադրում էր, վերջը համոզեցի»: Նրա հետ գնացինք ՌԴ վարչապետի հետ հանդիպման: Համբերատար երեք ժամ սպասած Վլադիմիր Պուտինի դեմքը պակաս չէր փայլում՝ «թանկագին Վազգեն Զավենովիչի» հետ հանդիպման հինգ րոպեին միայն ներկա եղանք, մեզ նորից ուղարկեցին ինքնաթիռ՝ սպասելու: Երևան վերադարձին պաշտոնական հարցերին պատասխանելուց հետո Վազգեն Սարգսյանը մեզ հարցրեց.
«Վ. Ս. - Ծով գնացի՞ք, լողացա՞ք»:
Բոլորս էլ գնացել ենք, բայց հոկտեմբերին Սև ծովը լողալու ծով չէ, իսկ ինքը երկու գիշերներն էլ գնացել է լողալու ու ծովափից էլ քար է հավաքել՝ սիրուն քարեր:
«Ա. Ա - Ես էլ եմ քարեր հավաքել,-ուրախացած ասացի ես:
Վ. Ս. - Ու՞ր են, ցույց տուր»:
Ես պայուսակիցս հանում եմ մի տոպրակ քար ու լցնում Վազգենի սեղանիկին: Ամենայն լրջությամբ ուսումնասիրում է քարերը ու ընտրում մի քանիսը.
«Վ. Ս. - Չե՞ս նեղանա, չէ՞, սրանք՝ ինձ, շատ լավն են, ուզո՞ւմ ես իմից էլ քեզ տամ:
Ա. Ա.- Չէ, իմն ինձ հերիք է:
Վ. Ս. - Բայց դու ինչու՞ ես քար հավաքել:
Ա. Ա. - Ես միշտ եմ քար հավաքում, Վանա ծովից էլ քար ունեմ, բայց բերել են, ես Վանը չեմ տեսել:
Վ. Ս. - Քանի՞ հատ են:
Ա. Ա. - Մի բուռ, առանձին եմ պահում, որ մյուս քարերիս չխառնվի, չեմ հաշվել:
Վ. Ս. - Երևան հասնենք, կբերես, տեսնեմ, ես Վանա ծովից քար չունեմ: Ինձ կտաս, չէ՞:
Ա. Ա. - Իհարկե»:
Չտվեցի՝ չհասցրի:
-Ինչպիսի՞ն կլիներ Հայաստանը, եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ինչպես կդասավորվեին իրադարձությունները, եթե կրակողը վրիպեր ու մահաբեր գնդակը չհասներ նրան։
-Պատմությունը ո՛չ պայմանական, ո՛չ ըղձական եղանակ, ցավոք, չունի: Եթե ունենար, ոչ միայն Հայաստանը, տարածաշրջանը բոլորովին այլ իրավիճակում կլիներ: Վազգեն Սարգսյանի ամեն երկրորդ նախադասությունն էր՝ «Ժողովուրդ, պատերազմը չի ավարտվել»։ Մենք կշարունակեինք ունենալ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, ուժերի հավասարակշռությունը երբեք չէր խախտվի, և պատերազմի պատճառ չէր ստեղծվի, որովհետև Վազգեն Սարգսյանը սկսել էր Հայաստանի տնտեսության վերականգնման քաղաքականությունը: Մենք ունենալու էինք տարածաշրջանի ամենաարդյունավետ աշխատող արդյունաբերությունն ու ամենապտղատու գյուղատնտեսությունը, ժողովրդագրական պատկերը բոլորովին այլ էր լինելու՝ մարդկանց պետք է անվտանգություն և աշխատանք, արտագաղթ չէր լինելու, հակառակը՝ հեռացածներն էին վերադառնալու։…
ԱՄՆ այցի ժամանակ վարչապետ Վազգեն Սարգսյանը այնպիսի ծրագրերի պայմանավորվածություններ էր բերել, որ եթե կեսն էլ կատարվեր, Հայաստան էին հոսելու թե՛ ներդրումներ, թե՛ նոր տեխնոլոգիաներ, վերանալու էր որևէ կախվածություն ՌԴ-ից։ Եվ, իհարկե, Արցախը հայկական ու հայաբնակ կլիներ։ Հոկտեմբերի 27-ին սպանվեց Հայաստանի անկախությունն ու զարգացման հնարավորությունը…
-Ի՞նչ կասեիք այսօր նրան, եթե այդպիսի հնարավորություն ունենայիք։
-Հաստատ՝ ինքը կասեր, ու ես ոչինչ չէի ունենա պատասխանելու, բացի այն, որ, միևնույն է, մենք դեռ մեր հաղթանակները տոնելու ենք, ու, ինչպես ինքն է ասել՝ Շուշին 50 տարի, 500 տարի ու 5000 տարի հայկական է լինելու: Ու՝ 21-րդ դարը մերն է լինելու։ Միայն Հայաստանի ինքնիշխանությունն ու զարգացումն են այն պատասխանը, որ մենք կարող ենք տալ հոկտեմբերի 27-ին, այլ ելք չունենք:
Հայկ Մագոյան