Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- Ինչպես եք մեկնաբանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Իրան և Թուրքիա։
- Մոսկվայի ներկայացուցչի այցը Թեհրան և Անկարա հուշում է 3+3-ի երկրորդ բաղադրիչ խմբի մասին։ Կա հստակ միտում՝ տարածաշրջանային խնդիրները գլխավոր ուժերի միջև համաձայնեցնելու։ Միշտ չէ, որ հեզասահ են այս երեքի հարաբերությունները։ Մոսկվան մի կողմից սկսել է երկխոսություն ԱՄՆ-ի հետ, մյուս կողմից փորձում է նորման պահել հարաբերությունները սահմանամերձ մյուս ուժերի հետ։ Իսկ հայկական ոսպնյակով՝ նշված պետությունների հետ աշխատելու է նոյեմբերյան հայտարարության 9-րդ կետը վերագործարկել։
- Այս այցերն ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա։
- Չեմ կարծում՝ կտրուկ իրավիճակ կփոխի։ Ուկրաինայի հարցով դեռևս կան սուր հակասություններ Թուրքիայի հետ, իսկ ԱՄՆ-ի հետ երկխոսության բովանդակությունը Անկարան փորձում է իրազեկել Թեհրանին՝ ասելով, որ գործընթացը Թեհրանի դեմ ուղղված չի լինելու։ Գործընթացները բարդ են․ չեմ կարծում՝ միանգամից արմատական փոփոխություններ լինեն ընդհանուր իրավիճակում։
-Ռուս-ամերիկյան ներկայացուցիչները բանակցությունների համար ընտրել էին Ստամբուլը։ Ի՞նչ է սա նշանակում․ արդյոք սա փոխում է Թուրքիայի դերն ու բարձրացնում Թուրքիայի ազդեցության շրջանակը։
- Շատ դիպուկ հարց է։ Անկարան անհանգիստ էր, որ ԱՄՆ և ՌԴ արտգործնախարարների հանդիպումը հյուրընկալել էր Էր-Ռիադը։ Թուրքիան վաղուց էր ուզում միջնորդել և հարթակ տրամադրել ՌԴ-Ուկրաինա հակամարտության լուծմանը։ Վաշինգտոնը, Սաուդյան Արաբիային ներքաշելով, բերեց թե՛ ձևաչափի, թե՛ հարթակի բեկումնային պահ։ ԱՄՆ-ն ղեկավարելու է Էր-Ռիադ-Անկարա մրցապայքարը՝ բանակցությունների և հարթակի հարափոփոխություններով։
-Ճանապարհների ապաշրջափակման հարցում արդյոք ՌԴ-ն ու Իրանը համաձայնության եկան։
-Դժվար։ ՌԴ-ն անպայման ուզում է, որ իր զորքերը վերահսկեն անվտանգությունը, իսկ Թեհրանը չի ուզում որևէ այլ ուժ իր սահմանամերձ շրջաններում։
Ի դեպ, այստեղ համընկնում են Թեհրանի և հավաքական Արևմուտքի շահերը։
-Վրաստանի ԱԳ նախարարն էլ այցելեց Թուրքիա։ Ինչպե՞ս եք մեկնաբանում մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները․ կաթսայի մեջ ի՞նչ է եփվում։
- Վրաստանը իր վերադիրքավորումների հորձանուտում տուրբուլենտ գոտիներով է անցնում։ Որոշակի սառեցված վիճակներ են։ Ի վերջո, կարծում եմ, վրացական նավն իր առագաստը վերստին կբացի դեպի Եվրոպա։
Հայկ Մագոյան