Հարցազրույց

«Ֆրանսիայի դեսպանի քննադատներին մի հարց ունեմ». Վահրամ Աթանեսյան

Radar Armenia-ի զրուցակիցը Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն է։

- ՀՀ -ում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, որ նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին՝ Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դեսպանի այս հայտարարությունը. ինչու՞ էր նման բան հայտարարում։

- Ֆրանսիայի դեսպանը հայտնագործություն չի արել. նախկին միութենական հանրապետությունները ԽՍՀՄ-ից անկախացել են այդ պետության կազմում իրենց ունեցած տարածքով և սահմաններով, ինչը նրանք փոխադարձաբար ճանաչել են Ալմա-Աթայի հռչակագրով: Թե ով, երբ, ինչ և ինչպես է ասել Երևանում, Ստեփանակերտում կամ Բաքվում՝ միջազգային իրավունքի տեսակետից առ ոչինչ է:

- Ֆրանսիայի դեսպանի այս հայտարարությունները քաղաքական դաշտում տարբեր մեկնաբանությունների առիթ դարձան։ Պնդումներ եղան, որ դեսպանը սխալվել է։ Արդյոք դեսպանի այս հայտարարությունը սխալմունք է, թե՞ այլ բացատրություն ունի։

- Ֆրանսիայի դեսպանի քննադատներին մի հարց ունեմ. եթե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս չէր, 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ԼՂՀ-ն ումի՞ց է անկախացել: ԼՂ անկախությունը միջազգայնացնելու մի հիմնավոր փաստարկ ենք մենք ունեցել. ԽՍՀՄ փլուզման փուլում ինքնավար կազմավորումները 1990թ. ապրիլի 3-ի օրենքի ուժով իրենց կարգավիճակը հանրաքվեով որոշելու իրավունք ունեին, եթե միութենական հանրապետությունը դուրս էր գալիս ԽՍՀՄ կազմից: Այդ հիմնավորումը, ցավոք, միջազգային հանրության կողմից լիովին չի ընկալվել: Այդ պատճառով էլ «մադրիդյան սկզբունքներով» նախատեսվել է նոր հանրաքվե անցկացնել, բայց՝ Ադրբեջանի համաձայնությամբ: Բաքուն այդ համաձայնությունը չի տվել, հարցը լուծել է ռազմական ճանապարհով: Ֆրանսիայի դեսպանին վերագրումներ անելու փոխարեն բոլոր քաղաքական ուժերը պետք է հետամուտ լինել, որ Ադրբեջանի ագրեսիան դատապարտվի, ԼՂՀ պետականության լուծարումը ճանաչվի ապօրինի և ԼՂ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը վերահաստատվի:

- Այսօրինակ հայտարարությունները արդյոք ավելի նպաստավոր չեն դարձնում ՄԽ-ն լուծարելու մասին խոսակցությունները և, ի վերջո, այդ ճանապարհով գնալու նկրտումները։

- Մինսկի խումբը կարող է լուծարվել, եթե լուծարվի ԵԱՀԿ-ն: Բայց նույնիսկ այդ դեպքում Հելսինկյան եզրափակիչ ակտը, որպես միջազգային իրավունքի սկզբունքներ և նորմեր հաստատող իրավական փաստաթուղթ, մնում է ուժի մեջ:

Հայկ Մագոյան