Հարցազրույց

«Դեռ վաղ է խաղաղության մասին վերջնական եզրահանգում անելը». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

- Անցնող շաբաթվա սկզբին տեղի ունեցավ ՌԴ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը, որի մասնակիցները դրական տրամադրվածություն են հայտնել Ուկրաինայում խաղաղության հաստատման հարցում։ Քննարկվում է նաև ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման կազմակերպման հնարավորությունը։ Ի՞նչ եք կարծում՝ խաղաղությունը մոտ է, թե դեռ վաղ է այդ մասին խոսել։ Եթե վաղ է, ապա ի՞նչ գործոններ են խոչընդոտում խաղաղության հաստատմանը։

- Երկխոսության փաստը, բնականաբար, տարբեր ենթադրությունների տեղիք կտա։ Սակայն չպետք է շտապել վերջնական եզրակացություններ անել։ ԱՄՆ-ն նոր գաղափարախոսություն է հռչակում, սակայն խորքային քաղաքականությունը տարբերվում է հռչակված կարգախոսներից։ ԱՄՆ-ն բանակցում է ՌԴ-ի հետ, սակայն ձգտում է, որ բանակցությունները, համաձայնությունները և գործարքները կայանան իր կանոններով։ ՌԴ-ին մեկուսացումից դուրս բերելն իր գինն ունի։ Իսկ Թրամփի վարչակարգը բանակցում է առևտրային սկզբունքներով։ Դեռևս վաղ է կայուն խաղաղության մասին խոսելը։

- Չինաստանը ևս դրական է արձագանքել ռուս-ամերիկյան ջանքերին. G20-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարը։ Ի՞նչ է սա նշանակում։

- ՌԴ-ի նկատմամբ հայտարարվող քաղաքականությունը և Չինաստանի նկատմամբ կիրառվող քաղաքականությունը տարբեր ուղղություններ ունեն։ Չինաստանի դեմ հայտարարվել է տնտեսական պատերազմ, և այն շարունակվելու է։ Բնական է, որ Չինաստանը նման դրական հայտարարություն կհնչեցներ խաղաղության մասին հրապարակումներին։ Քաղաքականությունը և հայտարարությունների մակարդակը տարբեր բաներ են։

- Ինչպե՞ս կգնահատեք Ուկրաինայի նախագահի պահվածքը։ Կարծես Ուկրաինան հրաժարվում է խաղաղության գնալուց։ Ո՞րն է նրա հաշվարկը, և ո՞վ է նրան հետ պահում այդ մտքից՝ Եվրոպա՞ն, թե՞ այլ ուժեր։

- Եվրոպան ծանր իրավիճակում է հայտնվել։ Փորձենք վերլուծել ֆինանսատնտեսական տեսանկյունից։ ԱՄՆ-ն ձգտում է թեթևացնել իր բեռը և այն դնել Եվրոպայի ուսերին։ Ուկրաինան չի ցանկանում զիջումների գնով խաղաղություն կնքել։ Նա ակնկալում է, որ ամեն տեսակի աջակցությունը կշարունակվի։ Հրադադարի համաձայնության հասնելու ճնշումը, ըստ էության, ունի ֆինանսատնտեսական բնույթ։ Չպետք է մոռանալ, որ Կիևի փոխարեն բանակցում է Վաշինգտոնը։

- Ըստ Ձեզ, նոր աշխարհակարգի ձևավորումն ինչպիսի՞ն կլինի, քանի որ ակնհայտ է՝ գործ ունենք նոր աշխարհակարգի հետ։

- Անգամ ՌԴ-ի հետ նոր պայմանավորվածությունները չեն փոխի աշխարհակարգի միաբևեռ բնույթը։ Ռազմաքաղաքական գերհզորությունը շարունակելու է մնալ միաբևեռ։ Սակայն տնտեսական առումով արդեն իսկ գործ ունենք երկբևեռ աշխարհի հետ. երկրորդ բևեռը Չինաստանն է, և հենց այստեղ է, որ շարունակվելու է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցակցությունը։

Արման Գալոյան