Հարցազրույց

«Դեռ շատ ջրեր են հոսելու, տա Աստված՝ ո՛չ արյուն». Միքայել Հայրապետյան

Radar Armenia-ի զրուցակիցը հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն է։

- Էր Ռիադում տեղի ունեցան ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններ, որի առանցքում ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցումն ու խաղաղության հաստատումն էր։ Արդյո՞ք ճիշտ էր առանց Ուկրաինայի ներկայության բանակցություններ անցկացնելը։

- Այստեղ ճշտի-սխալի խնդիր չկա. խնդիրը երկու երկրի կողմից՝ երրորդ երկրի մասին փաստաթուղթ ստորագրելն է՝ առանց այդ երկրի մասնակցության, ինչն ապօրինի է։ Սակայն որևէ փաստաթուղթ չի կնքվել, ինչպես դա 1921 թ.-ին Մոսկվայում Հայաստանի մասով արեցին երկու միջազգային խուլիգաններ՝ չճանաչված լենինյան Ռուսաստանը և չճանաչված քեմալական Թուրքիան. բայց նույնիսկ նրանք հասկացան, որ դա ապօրինի է, և նույն տարում ստիպեցին, որ սովետականացված Հայաստանը Կարսում ևս իր ստորագրությունը դնի այդ անիրավ փաստաթղթի տակ, ու Մոսկվայի լպիրշ պայմանագիրը կոչեցին Կարսի պայմանագիր։ Վստահ եմ, որ հիմա նույնը չեն անի Ուկրաինայի պարագայում. երբ հերթը գա իրենց պայմանավորվածությունները փաստաթղթավորելու, Ուկրաինան կլինի ստորագրող կողմ։ Այսինքն՝ ձևական կողմն առայժմ պահպանված է, բարոյականը՝ ոչ։

- Ե՛վ Թրամփը, և՛ Պուտինը խոսում են Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնելու մասին։ Ի՞նչ հարց են փորձում լուծել ուկրաինական ընտրությունների միջոցով, ի՞նչ են ակնկալում ընտրություններից։

-  Փորձում են Եվրոպայի և Չինաստանի հարցերը լուծել՝ Ուկրաինային դարձնելով վճարամիջոցը։ Ցավալի է, բայց փառք Աստծո, որ այս անգամ զոհասեղանին բարձրացվածը մենք չեղանք։

- Ռուս-ամերիկյան բանակցությունների ֆոնին Զելենսկին Թուրքիայում էր։ Որևէ կապ տեսնո՞ւմ եք ռուս-ամերիկյան բանակցությունների և Զելենսկի-Էրդողան հանդիպման միջև։

- Եթե հիշում եք, Զելենսկին ընտրվելուց անմիջապես հետո, երբ նույնիսկ դեռ երդմնակալության արարողությունը չէր եղել, կնոջ հետ թռավ Թուրքիա։ Կապն ուղղակի է և անմիջական. Էրդողանը միջազգային առևտրի կողմի կարգավիճակ է վաստակել։ Ինչպես Ավետարանում է ասվում՝ «Որտեղ սկիզբն էր, այնտեղ էլ կլինի վախճանը»։

- Կարծիք կա, որ ականատես ենք լինում նոր աշխարհակարգի հաստատման։ Կիսո՞ւմ եք այդ կարծիքը, թե՞ ոչ։

- Նոր աշխարհակարգի հաստատման մեկնարկը տրված էր Բեռլինի պատի փլուզումից, ԽՍՀՄ լուծարումից ի վեր։ Բայց այդպիսի տեկտոնիկ փոփոխությունները տասնամյակներ են պահանջում։ Կասկածում եմ, թե Թրամփի օրոք կավարտվի այդ նոր աշխարհակարգի հաստատումը. դեռ շատ ջրեր են հոսելու, տա Աստված՝ ո՛չ արյուն։

Հայկ Մագոյան