Հարցազրույց

«AI ծրագրերին պետք է վերաբերել որպես օգնականի, ոչ թե փոխարինողի». Արման Գալոյան

Radar Armenia-ի զրուցակիցն է լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու Արման Գալոյանը, ում հետ զրուցել ենք լրագրության ոլորտում արհեստական բանականության դերի մասին։

- Վերջին ամիսներին արհեստական բանականության ծրագրերի ակտիվ մրցակցություն է սկսվել։ Այդ ծրագրերն սկսել են նաև օգտագործվել լրագրության մեջ։ Ի՞նչ եք կարծում՝ AI-ն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ լրագրության ոլորտում։

- Իսկապես, եթե արդեն մոտ մեկ տարի է, տարածում էր ստացել ChatGPT-ն, վերջին մեկ ամսում այս ոլորտում իսկական բում է սկսվել։ Տարեսկզբից ականատես ենք լինում արհեստական բանականության նոր ծրագրերի մրցավազքի։ Հունվարի վերջերին ազդարարվեց չինական DeepSeek-ի մասին: Հետո, արդեն, ոչ միայն նորերն են ի հայտ գալիս, այլև մինչ այդ եղած նեյրոցանցերն ավելի են կատարելագործում իրենց հնարավորություններն ու շատ ծառայություններ դարձնում անվճար։ Հիմա իրար հետ մրցում են ChatGPT-ի ստեղծող OpenAI ընկերությունը, DeepSeek-ը, xAI-ն արդեն Grok-3-ի մեկնարկի մասին է հայտնել՝ խոստանալով լինել ոլորտի ամենահզորը։ Այս ոլորտում իսկապես կատաղի մրցավազք է, որը բերելու է հնարավորությունների ընդլայնման, և սրանից շահելու են օգտվողները։ Ի վերջո, այն, ինչ այսօր մեզ համար սովորական է, տասը-տասնհինգ տարի առաջ դժվար էր պատկերացնել։

Ինչ վերաբերում է լրագրության մեջ արհեստական բանականության ծրագրերի օգտագործմանը, նշենք՝ ԱԲ-ն այսօր դարձել է անփոխարինելի օգնական բոլոր ոլորտներում, այդ թվում՝ լրագրության մեջ։ Նախ, ձայնը տեքստի վերածելու հնարավորությունը մեծ օգնություն է լրագրողի համար։ Բացի այդ արհեստական բանականության միջոցով այլևս հեշտացել է տեքստերի խմբագրումը, նաև՝ բուն տեքստի գեներացումը, թարգմանությունը։ Անփոխարինելի օգնություն է տվյալների վերլուծության ու դասակարգման հարցում, հատկապես, եթե գործ ունենք հսկայական կամ դժվարամարս փաստաթղթերի հետ, ինչպես, օրինակ, տարբեր վիճակագրական տեղեկագրեր, իրավական ակտեր և այլն։ Արհեստական բանականության ծրագրերի միջոցով արագացել է վիդեոմոնտաժը, պատկերի գեներացման նոր հնարավորություններ են ստեղծվել։ Արհեստական բանականության ծրագրերի կատարելագործված տարբերակների նոր հնարավորությունները մեր մասնագիտության մեջ այս պահին միգուցե շատ նկատելի չէ, այդ փոփոխությունների մասին կփաստեն, օրինակ՝ ծրագրավորողները։ Բայց կարծում եմ մեր մասնագիտության մեջ էլ այս ամենը քիչ դեր չունի։ Խոստովանեմ, ինքս էլ հաճախ եմ դիմում արհեստական բանականության օգնությանը, քանի որ այն մեծապես օգնում է ժամանակ խնայել, նաև հեշտացնում է աշխատանքը։

- Սակայն այս ամենը նաև իր մարտահրավերներն ունի։

- Այո, ճիշտ եք։ Այս հարցում նախ կցանկանայի ուշադրություն հրավիրել խնդրի էթիկական կողմի վրա, ուստի, կարծում եմ, պետք է շեշտել, որ տեքստը կամ լուսանկարն ստեղծված են արհեստական բանականության ծրագրերի միջոցով։

Եւ հետո, որ շատ կարևոր է, արհեստական բանականության ծրագրերին, գոնե մեր ոլորտում, պետք է վերաբերել որպես օգնականի, ոչ թե լրագրողին կամ խմբագրին փոխարինողի։ Այն կարող է քեզ օգնել, սակայն չի կարող քո փոխարեն աշխատել։ Եվ հետո, միշտ պետք է վերստուգել նրա տված տեղեկությունները, թեև այդ ծրագրերն իրենք «ֆակտ-չեքինգի» հնարավորություն ունեն։ Բայց, միևնույն է, տեխնիկան, արհեստական բանականությունը որքան էլ «գերհզոր» թվան, չեն կարող գերազանցել մարդկային բանականությանն ու ուղեղի աշխատանքին։ Չի կարող փոխարինել քո երևակայությանը, լեզվական խաղերին, ոճական հմտություններին։ Այնպես որ, արհեստական բանականության ծրագրերը մեր մեծ, անփոխարինելի օգնականներն են, բայց ոչ երբեք՝ մարդուն փոխարինողը։

Զրուցեց Հայկ Մագոյանը