Radar Armenia-ի զրուցակիցը ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանն է։
- Պարոն Խաչատրյան, ի՞նչ տպավորություն ստացաք Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից։
- Բովանդակություն չունեցող ասուլիս, որտեղ ավելի շատ գերակայում էր իրականության հետ կապ չունեցող մտքերն ու տեղեկատվությունը, ինչ մեծ հաշվով զարմանալի չէ, և բնական էր, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից իրականությունից հեռու տեղեկություններ են փոխանցվելու։ Իսկ շատ կոնկրետ թեմաների մասով՝ դրանք ավելի շատ թույլ արդարացումների փորձ էին, քան հարցերին բովանդակային պատասխանելու հնարավորություն։ Մասնավորապես, Մեղրին նկատի ունեմ և...
- ԼՂ-ն բանակցություններից դուրս մղելու մասով ասում էր, որ ինքը դուրս չի մղել։
- Որպեսզի հանրության համար սուբյեկտիվիզմի մեջ չդիտարկվի իմ ասածը, մենք մշտապես փաստին ենք հղում անում։ Փաստ 1. 1997 թվականի երկու տարբերակներին Արցախը մասնակցություն է ունեցել՝ իրենց ղեկավարությամբ։ «Ընդհանուր պետության» ժամանակ, որ արդեն քննության առարկա է դարձել Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, Արցախն ունեցել է իր ձայնը, իր դիրքը՝ որպես հակամարտության մասնակից, իսկ Քի Վեստում, հոպ, Արցախն այլևս չկա, գոյություն չունի։ Եվ այդ Մեղրիի տարբերակ կոչվածը...բնականաբար, Մեղրին կա, ոչ ոք չի տվել, բայց հենց այդ խոսակցություններից, Մեղրիի շուրջ քննարկումներից սկսված է առաջ եկել այդ հրեշավոր պլանը՝ ԼՂ-ին դուրս թողնել բանակցություններից, հարցը տեղափոխել Հայաստան-Ադրբեջան բանակցային դաշտ։ Հենց այստեղ է, որ ԼՂ-ն դուրս է մնացել բանակցություններից։ Այս փաստի դեմ միայն մեկ հակափաստարկով կարելի է պայքարել, դա այն է, որ պիտի ապացուցվի, որ Ռոբերտ Քոչարյանը այդ ժամանակահատվածում Հայաստանի նախագահ չի եղել։ Հակառակ մյուս դեպքերում անհնար է փաստական տվյալները, փաստերի շարադրանքը անտեսել կամ գլխիվայր շուռ տալ։
- Քոչարյանը ինչու՞ չի շտապում դուրս գալ քաղաքականությունից, այլ, ընդհակառակն, ընտրություններին մասնակցելու մասին է ակնարկում։
- Բազմիցս եմ այդ մասին իմ կարծիքը հայտնել։ Գտնում եմ, որ գոյություն ունի քաղաքական սիմբիոզ գործող իշխանության և Ռոբերտ Քոչարյանի ու նրա ղեկավարած քաղաքական միավորման միջև, երբ այս երկուսը իրար շունչ ու արյուն են տալիս։ Նիկոլ Փաշինյանը հենց նեղն է ընկնում, Ռոբերտ Քոչարյանին է դատում, Ռոբերտ Քոչարյանն էլ՝ Ղարաբաղից է խոսում։ Ամեն մարդ թող ինքը գնահատի՝ պայմանավորված խաղ է, թե բնական դաշնակցություն է։ Ինձ համար ակնհայտ է, քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական արենայում է, Նիկոլ Փաշինյանը ունենալու է թարմ օդ, թարմ թթվածին է ունենալու իր իշխանությունը երկարաձգելու կամ նման փորձեր կատարելու համար։
- Ձեր կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու, իշխանության գալու հնարավորություն ունի՞։
- Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում մի դեպքում է իշխանության եղել, երբ իր ձեռքի տակ եղել է ողջ վարչական ու պետական ռեսուրսը, և դրա միջոցով հնարավորություն է ունեցել կեղծել ընտրությունները։ Թե 1998-ին, թե 2003-ին և 2008-ի ընտրություններին, երբ իշխանությունը հանձնում էր Սերժ Սարգսյանին՝ ապահովագրելով իր անվտանգ գոյությունը, դիմել է պետական մեքենայի, նրա շվաքում ծվարած կրիմինալ դաշտի, քրեաօլիգարխիկ համակարգի և ընտրակաշառքի ահռելի չափերի հնարավորություններին։ Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանը երբևէ նախագահ չի ընտրվել և երբևէ չունի այդ հնարավորությունը՝ կրկին ստանձնելու Հայաստանում իշխանության ղեկը։
Հակ Մագոյան