Radar Armenia-ի զրուցակիցը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանն է։
-Ո՞րն էր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի հիմնական մեսիջը։
-«Ես կամ, այո, ծերացել եմ, այո, բազում մեղքերի մեջ եմ, որ երբեք չեմ խոստովանի, բայց ես կամ ու ես խիստ պրագմատիկ հաշվարկով ուզում եմ վերադառնալ իշխանության, կամ որդուս փոխանցել իշխանությունը, որ ինչ-որ ժամանակ ունեցել եմ: Այլապես՝ որդիներս պիտի պատասխան տան իմ արածների ու չարածների համար: Բացի այդ՝ օրեցօր դժվար է դառնում ունեցվածքս պահելը, իշխանություն է պետք, որ պահպանեմ»․ հիմնական մեսիջը, որ սպրդում էր բոլոր հարցերի պատասխանների մեջ, սա էր, մնացածը շղարշ էր: 2025-ին սա սպառնալիք է, որ երբեք չի իրականանալու:
-Քոչարյանն անդրադառնալով Մեղրիի տարբերակի մանրամասներին Վազգեն Սարգսյանի՝ տեղյակ լինել-չլինելուն, նշել է, որ Թալբոթը միայն Դեմիրելին պատմելուց էր ասում՝ Վազգեն Սարգսյանը տեղյակ չէր որոշ մանրամասներին, բայց, ըստ նրա, Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։
-Ռոբերտ Քոչարյանը իր նոր գրքում, որ պատրաստվում է գրել, թող անկեղծանա ու վերջապես ճշմարտությունը բացահայտի, առ այն, որ Մեղրիի փոխանակման տարբերակը ռուս-թուրքական համատեղ նախագիծ էր, և թող պատասխանի հարցին՝ ի՞նչ կապ կար «Հոկտեմբերի 27»-ի ու Մեղրիի տարբերակի միջև: Ու եթե որևէ կապ չկար, ինչու՞ 10 տարում ուչաստկովի չգտնվեց, ինչու՞ դատավարությունը վերածվեց ֆարսի, երբ դատավոր Սամվել Ուզունյանը պատվերով հիվանդանում-առողջանում էր, վկաները չէին հարցաքննվում… Դատավարություն, որ դե ֆակտո չավարտվեց, այլ՝ կասեցվեց: Ինչու՞: Վազգեն Սարգսյանը փառահեղ պատասխանել է Մեղրիի փոխանակման տարբերակին՝ թե Անվտանգության խորհրդի նիստում, թե Մեղրիի մասին իր հայտնի խոսքով, թե հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դառնալով: Ի՞նչ է ասում Ռոբերտ Քոչարյանը, որևէ մեկը հասկացե՞լ է… Որևէ հոդաբաշխ բացատրություն կա՞ /տարօրինակ է, որ այդ հարցերը ասուլիսում որևէ մեկը չտվեց/, թե ինչու ՀՀ պաշտպանական արդյունաբերությունը «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով հանձնվեց Ռուսաստանին, ինչու՞ ՌԴ-ին հանձնվեց ՀՀ-ԻԻՀ գազատարը, երկաթուղին, էլցանցերը, ընդերքը, այն ամենը, ինչ կոչվում էր արդյունաբերություն ու արտադրություն՝ էներգետիկ անվտանգություն, տնտեսական անվտանգություն, քաղաքական անվտանգություն՝ ինքնիշխանություն:
Ինչու՞ Վազգեն Սարգսյանը՝ հունիսից հոկտեմբեր, և Արամ Սարգսյանը՝ նոյեմբերից մայիս, կարողացան վերագործարկել Կանազը, Նաիրիտը, Ագարակը, Չարենցավանի պղնձաձուլականը և տասնյակ այլ ձեռնարկություններ Երևանում ու մարզերում, որ հետո հերթով փակեց Ռոբերտ Քոչարյանը: Ինչու՞ Վազգեն Սարգսյանի օրոք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը ոչ թե զարգացավ, այլ՝ վերաճեց դաչաների շինբրիգադի ու կոռուպցիայի կենտրոնակայանի, որովհետև ՌԴ-ն իբր ապահովու՞մ էր ՀՀ անվտանգությունը, որովհետև Ռոբերտ Քոչարյանը պետությունը ծախում էր կեղծ անվտանգության, սուտ խաղաղության ու իր պայծառափայլ իշխանության դիմա՞ց: Իր հայրենիքի՞ դիմաց, երբ բանակցության առարկա էր դարձնում Լեռնային Ղարաբաղի տարածքը, այն Լեռնային Ղարաբաղի, որ անկախ պետություն էր։ Երբ ԼՂՀ-ն դուրս էր բերում բանակցություններից, ինքնորոշման իրավունքը դարձնում էր տարածքային խնդիր ու բանակցությունների միակ նպատակ ուներ ոչ թե հարցի լուծումը, այլ՝ ստատուս քվոյի պահպանումը՝ իբրև տարածաշրջանում ՌԴ պահանջվածության առհավտաչյա։
-Քոչարյանը երեկ վստահեցրեց, որ ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը 1999-ի հոկտեմբերի 27-ին որևէ առաջարկ չի արել, ըստ էության հերքելով ԱՄՆ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերը։ Թեև Վարդան Օսկանյանը իր հուշերի գրքում գրում է Թալբոթի առաջարկի մասին։ Ինչպե՞ս հասկանալ այս 3 անձանց իրարամերժ հայտարարությունները։
-Ռոբերտ Քոչարյանն էլ, Վարդան Օսկանյանն էլ տասնամյակներ հերքում էին, որ եղել է Մեղրիի տարբերակ։Նրանք մշտապես ասում են այն, ինչ այդ պահին ու այդ տեղում համարում են իրենց հարմար՝ արդարանալու, մեղադրելու, երբեմն էլ՝ արդարանալով մեղադրելու համար: Ճշմարտություն նրանց գրքերում ու խոսքերում որոնելը անհեթեթ զբաղմունք է՝ ստել են, ստում են, ստելու են, որովհետև այլ տարբերակ չունեն: Որովհետև ունեն կամ ջանում են ստանալ պատվեր ու մնալ քաղաքականության մեջ: Ու թեև իրենց հայտարարում են պրագմատիկ, դեռ երազում են, որ «քիմիան» կաշխատի, ու ցարն իրենց կվերադարձնի իշխանությունը: Բայց դա կլինի, երբ Հայաստանը դառնա ՌԴ դաշնային սուբյեկտ՝ երազանք, որ մինչև դարավերջ էլ կմնա երազանք: Ռոբերտ Քոչարյանի ու իր քաղաքական թափառախմբի քաղաքական ժամանակը սպառվել է, նրանց մետաստազները որքան էլ տարածվեն, Հայաստանի սրտին չեն հասնելու, որովհետև նրանք միշտ եղել են եկվոր ու անցվոր, իսկ Հայաստանի սիրտը պահում են Եռաբլուրն ու բոլոր նրանք, որ գիտեն սրտով մտածել:
Հայկ Մագոյան