Radar Armenia-ի զրուցակիցը անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանն է։
- Ըստ էության, Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ խոսում էր առաջիկա ընտրություններին մասնակցելու հեռանկարի մասին։ Խորհրդարանական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանին ձեզ մրցակից համարու՞մ եք։
- Այո, իհարկե։
- Իսկ Ռոբերտ Քոչարյանը իշխանության գալու շանսեր ունի՞։
- Չէ, չեմ կարծում։
- Ձեր կարծիքով՝ ո՞րն էր ասուլիսի հիմնական մեխը, ի՞նչ էր փորձում ասել ասուլիսի միջոցով։
- Ասուլիսի հիմնական մեխն այն էր, որ ինքը պատրաստվում է առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններին։ Ասուլիսի առանցքը, նպատակը սա էր։
-ԱԺ ընտրություններին Քոչարյանի մասնակցության փաստը մտահոգի՞չ է Ձեզ համար։
-Այո, ինձ համար մտահոգիչ է, որովհետև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և կառավարման երկրորդ շրջանի Լևոն-Տեր-Պետրոսյանին երբեք չեմ համարել նախագահ։ Իրենք իշխանության են մնացել տոտալ կեղծիքների արդյունքում։ Կարծում եմ՝ պետականության հետ կապված այն ձեռագիրը, այն մոտեցումները, որոնք ունեցել են և Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը՝ երկրորդ շրջանում, անընդունելի են, և, հետևաբար, ժողովուրդը պետք է այդ ամենը հասկանա և գոնե Քոչարյանին և Սերժ Սարգսյանին թույլ չտա վերադառնալ իշխանության։
Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին ընտրությունների ժամանակ համաժողովրդական վստահության քվե ստացավ, իսկ երկրորդի ժամանակ կեղծվեցին ընտրությունները։ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը իրականացրին կեղծիք, հետո, կեղծ ընտրություններով պայմանավորված, իրականացրին ռազմական հեղաշրջում։ Եվ մեր ողջ դժբախտությունը սկսել է դրանից։
Հայկ Մագոյան