Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։
- Անցած շաբաթվա ամենաուշագրավ իրադարձությունը, թերևս, Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցներն էին Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ, որից հետո նա հայտարարեց՝ երկուսն էլ ցանկանում են, որ խաղաղություն հաստատվի։ Արդյո՞ք արդեն կարող ենք ասել, որ ռուս-ուկրաինական պատերազմը մոտ է ավարտին։ Եթե ոչ, ապա ի՞նչն է դրան խանգարում։
- Թրամփի հայտարարությունները, նրա հեռախոսազրույցը Պուտինի հետ, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հայտարարությունը, եվրոպացիների վերբալ ճիպոտահարումը ԱՄՆ-ի փոխնախագահի կողմից և, վերջապես, Ուկրաինայի նախագահի ու որոշ եվրոչինովնիկների հակազդեցությունն այդ ամենին ցույց են տալիս, որ փոփոխությունների հեռանկարը (և ոչ միայն՝ այս հարցում) բավականին լուրջ է։ Բայց ես չէի շտապի Ուկրաինայում պատերազմի ավարտն ազդարարել։ Դրան հասնելու համար Թրամփը դեռ շատ լուրջ դիմադրություն պիտի կոտրի թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում։ ԱՄՆ-ում դեմոկրատներն արդեն սկսել են հող նախապատրաստել Թրամփին Ուկրաինան տանուլ տալու մեջ մեղադրելու համար, եթե այնտեղ խաղաղություն հաստատվի։ Նրանք ակտիվորեն արմատավորում են այն տեսակետը, որ եթե իրենք մնային իշխանության, կշարունակեին պայքարն ու Պուտինին ի վերջո ծնկի կբերեին։ Նրանք այս տեղաշարժերն օգտագործում են նաև թեժ պահելու համար այն պատումը, որ Թրամփը ռուսական գործակալ է։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության վերնախավում ու ռազմա-ինդուստրիալ կոմպլեքսում նույնպես մարդիկ կան, որոնք շատ մտահոգված են ոչ միայն Ուկրաինայում խաղաղության հաստատմամբ, այլև Ռուսաստանի հետ նոր դետանտի հնարավորությամբ, որովհետև նրանց թշնամի Ռուսաստան է պետք՝ ահռելի ռազմական ծախսերն արդարացնելու և իրենց ուռճացված դիրքերը պաշտպանելու համար։ Այդ մարդիկ դիմադրելու են Թրամփին ու նրա քաղաքականությանը։ Իհարկե, ճիշտ է նաև այն, որ այդ վերնախավում որոշ տարաձայնություններ, այնուամենայնիվ, կան։ Կարծես թե, դրա մի հատվածը եկել է այն եզրակացության, որ եթե հիմա չվերջացնեն պատերազմը, Ռուսաստանը կարող է ավելի լուրջ հաջողությունների հասնել Ուկրաինայում, որին նրանք վաղուց արդեն ոչինչ չեն կարողանում հակադրել։ Ուկրաինայում մարդուժի սուր պակաս կա։ Ռազմամթերքի մատակարարումը նույնպես չեն կարողանում ապահովել բավարար մակարդակով։ Հետևաբար, կամ հիմա պետք է կանգնեցնել պատերազմը, կամ գնալ Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման։ Ուրիշ ելք նրանք այլևս չեն տեսնում։ Ուղիղ առճակատումն էլ կմեծացնի միջուկային էսկալացիայի հավանականությունը, հետևաբար, միակ ողջամիտ տարբերակն օր առաջ պատերազմը կանգնեցնելն է։ Այստեղ մի կարևոր խնդիր ևս կա։ Մի բան է՝ վերացականորեն խոսել խաղաղությունից, ինչի կողմնակից են բոլորը և նրանց մորաքրոջ զավակները, լրիվ այլ բան՝ խաղաղության պայմանների մասին խոսակցությունը։ Այս առումով ամենահետաքրքիրը ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հայտարարությունն էր, որովհետև նա նաև պարամետրերի մասին էր խոսել ու նշել, որ Ուկրաինայի չեզոքությունն ու հնարավոր տարածքային զիջումները պետք է քննարկման առարկա լինեն։ Բայց որքան հեշտ է լինելու Արևմտյան վերնախավերի և ուկրաինացիների համաձայնությունն ստանալը Ուկրաինայի չեզոքության, Ղրիմի ու չորս մարզերի անեքսիան ճանաչելու դիմաց, ես չգիտեմ։
- Իսկ ի՞նչ են առաջարկում խաղաղություն հաստատելու հակառակորդները։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի առաջխաղացումը կանգնեցնելը դարձել է շատ դժվար։ Ուկրաինան մարդուժի հսկայական խնդիր ունի, Արևմուտքի կողմից տրամադրվող սպառազինությունն ու ֆինանսական աջակցությունն էլ ակնհայտորեն բավարար չեն ռուսներին կանգնեցնելու համար։ Որքան էլ դժվարամարս լինեն պայմանները, ավելի լավ է հիմա դրանց համաձայնել, քան հետո, երբ ռուսներն ավելի շատ տարածք կգրավեն։
- Միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ։ Բայց խնդիրն այն է, որ մենք գործ ունենք երկու տարբեր շահերի հետ։ Մեկը թե՛ Արևմուտքի, թե՛ Ուկրաինայի պետական, ստրատեգիական շահերն են, մյուսը նրանց վերնախավերի շահերը, որոնք չի կարելի նույնացնել։ Եթե նույնիսկ Ձեր ասածը բացարձակ ճշմարտություն է, այդ վերնախավերը շատ ծանր քաղաքական գին են վճարելու զիջումների որևէ փաթեթով խաղաղության գնալու համար։ Այդ պատճառով, նրանք կարող են Ձեր ասած տրամաբանությանը հակադրել հայտնի կարգախոսները դեմոկրատիայի, միջազգային իրավունքի, դիկտատոր Պուտինի մասին ու շարունակել երիտասարդ ուկրաինացիների մի ամբողջ սերնդի ոչնչացման զարհուրելի գործընթացը։ Նրանք նույնիսկ կարող են մտածել, որ, անկախ ամեն ինչից, Պուտինին ձեռնտու չէ որոշ գծից այն կողմ շարժվել, եթե նույնիսկ նա դա անելու համար անհրաժեշտ ռազմական կարողություն ունենա, որովհետև նա ստիպված պիտի լինել Ռուսաստանի վերահսկողությունը հաստատել արդեն Ուկրաինայի այն հատվածների վրա, որտեղ բնակչությունը շատ թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, և որտեղ պարտիզանական պատերազմի վտանգ կարող է լինել։ Հետևաբար, Արևմուտքում ու Ուկրաինայի վերնախավում կարող են մտածել, որ ավելի լավ է մի երկու մարզ էլ կորցնեն, ու բանը վերջանա ռազմական գործողությունների սառեցմամբ, քան խաղաղություն հաստատեն հիմա, ավելի փոքր կորուստներով, բայց խաղաղության պայմանագրով։
- ԱՄՆ նախագահը խոսել էր նաև Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության մասին, նշելով, թե դա քիչ հավանական է ու ոչ պրակտիկ։ Սա նշանակո՞ւմ է, արդյոք, որ ՆԱՏՕ-ն կդադարի ընդլայնման քաղաքականությունը։
- Դա ուրիշ բան նշանակել չի կարող, եթե նրանց իսկապես հաջողվի Ուկրաինայում խաղաղություն հաստատել Ուկրաինայի չեզոքությունը երաշխավորելու գնով։ Տարածաշրջանում ուրիշ թեկնածուներ չկան այլևս։ Վրաստանը, կարծես, կորցրել է հետաքրքրությունը։ Բելառուսն ամուր կապերով կապված է Ռուսաստանի հետ և որևէ նման ցանկություն չունի։ Մոլդովային ՆԱՏՕ տանելու համար նոր ճգնաժամ հրահրելն իմաստ չունի, եթե արդեն Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամության ցուցակում չկա։ Ադրբեջանը կարիք չունի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու, որովհետև արդեն Թուրքիայի ու Իսրայելի պես դաշնակիցներ ունի, միաժամանակ՝ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ, որ չպիտի ուզենա փչացնել։ Մնաց Հայաստանը, բայց Հայաստանի նկատմամբ նման հետաքրքրություն պարզապես գոյություն չունի, չնայած «արևմտամետների» խառնամբոխի կողմից բոլորիս ինտելեկտը վիրավորող ու մեր երկիրը խայտառակող պրոպագանդային։ Ընդհանրապես, եթե Ուկրաինայում պատերազմն ավարտվի խաղաղության պայմանագրով և Ուկրաինայի չեզոքությունը երաշխավորելով, դա դուռ կարող է բացել Ռուսաստանի հետ դետանտի համար, ինչն ամերիկյան վերնախավի մի մասը ցանկալի է համարում, որովհետև նրանց հիմնական մտահոգությունը Չինաստանն է։ Իսկ նման դետանտի հետ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումն անիմաստ ու անհամատեղելի է։ Ընդլայնվելու փոխարեն ՆԱՏՕ-ում երևի ավելի մտահոգված պիտի լինեն դաշինքի կայունությունը պահպանելով, ինչը լրջորեն սասանվել է ուկրաինական իրադարձությունների, ինչպես նաև Թրամփի որդեգրած դիրքորոշումների շնորհիվ։ Հայտնի ամերիկյան վերլուծաբան, գնդապետ Դուգլաս ՄակԳրեգորը նույնիսկ ՆԱՏՕ-ի մոտալուտ վախճանն է կանխատեսում։ Վստահ չեմ, որ բանը դրան կհասնի, բայց որ այդ կարգի կանխատեսումներ են անում ՄակԳրեգորի պես մարդիկ, արդեն հետաքրքիր է։
- Պարոն Գրիգորյան, այս իրադարձությունները մեզ հետաքրքրում են նաև (և առաջին հերթին) մեր տարածաշրջանի վրա ունեցած հետևանքների տեսանկյունից, առավել ևս, երբ արդեն ականատես եղանք այդ պատերազմի արդյունքում նաև Կովկասում կատարվածին։ Ինչպիսի՞ն են Ձեր գնահատականները. ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս ամենը մեր տարածաշրջանի վրա։
- Դրա ամենամեծ ազդեցությունը լինելու է այն, որ մեր տարածաշրջանում կնվազի ստրատեգիական անորոշության խնդիրը։ Հայաստանում արդեն 3 տարի է՝ մտածում են, որ, մի կողմից, Ռուսաստանի վրա հույս դնել չի կարելի, որովհետև նրանք մինչև ակնագնդերը խրված են Ուկրաինայում պատերազմի ճահճի մեջ, մյուս կողմից՝ դա դիտարկում են որպես հնարավորություն Ռուսաստանի ազդեցության գոտուց երկիրը հանելու և դեպի Արևմուտք շրջելու համար։ Նման փաստարկները որոշակիորեն կկորցնեն իրենց գրավչությունը։ Ադրբեջանում էլ այլևս չեն կարող վստահ լինել, որ ռուսներն այս կամ այն բանի վրա աչք կփակեն, որովհետև շատ թանկ են գնահատում Թուրքիայի դրական չեզոքությունն Ուկրաինայում, ինչը կվտանգվի, եթե ռուսներն ինչ-որ կոշտ քայլեր անեն իրենց դեմ։
Զրուցեց Արման Գալոյանը
Լուսանկարը՝ Օննիկ Ջեյմս Քրիքորյանի