Հարցազրույց

«Զելենսկուն շատ կոշտ լուծում են պարտադրելու». Սուրենյանց

Radar Armenia-ի զրուցակիցը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։

- Պուտինի ու Թրամփի հեռախոսազրույցի առանցքային մասը ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծումն է եղել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը, որքանո՞վ է մոտ պատերազմի դադարեցումը։

- Միամիտ կլինի ենթադրել, որ պատերազմը մեկ միջնորդությամբ կամ մեկ հեռախոսազրույցի արդյունքում կարող է դադարեցվել, որովհետև Թրամփն ու Պուտինը ավելի գլոբալ հարցեր են քննարկում։ Ըստ էության, այդ հարցը վերաբերում է նոր աշխարհակարգի ձևավորմանը։ Այդ համատեքստում, իհարկե, Ուկրաինան առանցքային օղակ է, որովհետև նոր աշխարհակարգի ձևավորման բանալիներից մեկն է ուկրաինական պատերազմը։ Եթե մի քիչ ավելի կոշտ ձևակերպեմ, աշխարհի նոր բաժանման մասին է խոսքը։ Ընդ որում, խոսքը միայն Ուկրաինային չի վերաբերում, այլ նաև մեր տարածաշրջանին։ Կարծում եմ, որ Ուկրաինան իր ղեկավարության, որոշ դեպքերում, արկածախնդիր քաղաքականության հետևանքով այդ նոր պայմանավորվածությունների առաջին օբյեկտն է դառնալու։ Բայց պետք է շատ ուշադիր հետևել զարգացումներին։ Ինձ համար այդ հեռախոսազրույցի համատեքստում առնվազն ծիծաղելի է, երբ ԵՄ-ին անդամակցելու օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Այդքան չհասկանալ միտումները և այս ամեն ինչի ծիրում էլի պատրանքներով ապրել՝ նշանակում է համաձայնել գին վճարել, շատ թանկ գին։ Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթաց է գնում, որտեղ արկածախնդրությունը կարող է շատ թանկ արժենալ ցանկացած փոքր պետության համար։

- ԱՄՆ փոխնախագահ Վենսի և պետքարտուղար Ռուբիոյի՝ Մյունխենում կայանալիք հանդիպումը Զելենսկու հետ ի՞նչ արդյունք կարող է տալ և ինչ կփոխի ստեղծված իրավիճակում։

- Ակնհայտորեն, Զելենսկուն շատ կոշտ լուծում են պարտադրելու։ Իհարկե, դա միանգամից չի լինելու և ամիսներ է տևելու, որովհետև խաղաղության կամ հրադադարի հասնելը երբեմն լինում է նոր էսկալացիայի ճանապարհով, երբեմն՝ բանակցությունների ճանապարհով, բայց գինը վճարողը Ուկրաինան է լինելու։ Ակնհայտորեն, այդ երկրի բաժանման մասին է խոսքը։ Զելենսկին ստիպված համաձայնվելու է տարածքային էական կորուստների, բայց չի ստանալու նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու որևէ երաշխիք։ Սա ակնհայտ է։ Նույնիսկ Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցից հետո Թրամփի որոշ հայտարարություններ սրա մասին են խոսում։

- Սպիտակ տունը մերժել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Չինաստանում անցկացնելու առաջարկը: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված այս մերժումը, և արդյոք ԱՄՆ-ն և ՌԴ-ն կմիավորվեն ընդդեմ Չինաստանի՝ հաշվի առնելով ռուս-չինական հարաբերությունները։

- Շատ դժվար հարց է, թե ով ում դեմ կմիավորվի։ Այս պահին չեմ ուզում նման կանխատեսումներ անել, բայց մի բան կարող եմ ասել, որ, մեծ հաշվով, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները բազմաթիվ հարցերում կարող են ընդհանուր օրակարգ ունենալ։ Չինաստանում ինչու չեն ուզում հանդիպել, որովհետև Միացյալ Նահանգները ավելի չեզոք վայրում՝ արաբական որևէ երկրում է դա նախընտրում անել։

Հայկ Մագոյան