Հարցազրույց

«Մեզ վռնդեցին կուսակցությունից, որովհետև խանգարում էինք». Աղազարյան

Radar Armenia-ի զրուցակիցը անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանն է։

- Պարոն Աղազարյան, փետրվարի 8-ին տեղի կունենա Ձեր և Հակոբ Ասլանյանի նախաձեռնած Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության անդրանիկ համագումարը։ Ո՞րն է կուսակցության տեսլականը։

- Մեր ծրագրում հիմնական դրույթները նշված են։ Հիմնական տեսլականն այն է, որ ամեն ինչ պետք է արվի պետության մեջ ինստիտուցիոնալիզմի մակարդակը անընդհատ բարձրացնելու և տարբեր մակարդակներում կարևորագույն որոշումների ընդունման ժամանակ մարդկային գործոնի դերը մինիմումի հասցնելու համար։ 

- Ձեր ծրագրում իշխանափոխության հարց կա՞։

- Եթե իշխանափոխություն ասելով նկատի ունեք՝ նախաձեռնենք պայքար, որ իշխանությունը փոխվի, այդպիսի բան չկա։ Մեր նպատակներում կա հետևյալը՝ հավանական արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ անել ամեն ինչ, որ Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի։ 

- Իշխանության կողմից վարվող ներքին և արտաքին քաղաքականության առնչությամբ ի՞նչ հակասություններ ունեք, ինչի՞ հետ համաձայն չեք։

- Այն բաների հետ, որտեղ ունենք ընդգծված հակասություններ, չեմ կարծում, որ դրանք հրապարակելը օգտակար կլինի մեր պետությանը, և, հետևաբար, ձեռնպահ կմնամ հանրայնացնելուց։ Բայց որ դրանք կան, փաստ է։ Եվ երկրորդ․ Նիկոլ Փաշինյանն արդեն 7 տարի է՝ իշխանության գլուխ է։ Այդ ժամանակահատվածը լրիվ բավարար է, որ որևէ մեկը սպառի իրեն և հեռանա այն արժեհամակարգային հիմքից, որով եկել է իշխանության։ Առավելապես, մեր պետության մեջ տեղի ունեցող այս իրադարձությունները, աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ հնարավոր չէ, որ մարդ կարողանա 7, 8, 9 տարի մնա այն մակարդակի վրա, որ եղել է հեղափոխությունից 2, 3, 4 տարի հետո։ Այսինքն, կամաց-կամաց իշխանությունը վերածվում է ավտորիտար իշխանության։ Ավտորիտար իշխանության ժամանակ բոլոր որոշումները կայացնում է մեկ մարդ, ինստիտուտների դերակատարումն իջեցնում է զրո մակարդակի։ Մեկ մարդը, հնարավոր է, այս կամ այն իրավիճակում թույլ տա սխալներ։ Մեկ մարդու կողմից որոշումներ ընդունելու պարագայում թույլ տված սխալը կարող է լինել ճակատագրական պետության համար։ 

- Այս համոզմանը եկաք հայտնի դեպքերից հետո՞, երբ կուսակցությունից Ձեզ հեռացրեցին։ 

- Ոչ, այդ հայտնի դեպքերը և կուսակցությունից ինձ հեռացնելը հետևանք էին կուսակցությունում իմ դիրքորոշման համար։

- Այսինքն, այս համոզմունքն ունեիք, և...

- Ոչ միայն համոզված էի, այլև իմ գաղափարներն էի արտահայտում, պարոն Ասլանյանն իր գաղափարներ էր արտահայտում, անհանգստություն էինք ցուցաբերում՝ այս կամ այն հարցի հետ կապված, և, ,փաստորեն հակասություններն այդ ժամանակ էր։ Փորձառու լրագրող եք, Ձեզ թվում է՝ Ազգային ժողովում պարոն Քյարամյանի և իմ միջև տեղի ունեցած տհաճ միջադե՞պն էր պատճառը։ Դա շատ պարզունակ մոտեցում կլիներ։ 

- Ստացվում է՝ եթե նույնիսկ այդ դեպքերը չլինեին, և Ձեզ կուսակցությունից չհեռացնեին, Դուք ինքնե՞րդ որոշում կկայացնեիք դուրս գալ ՔՊ-ից։

- Ոչ, ես ներսում կպայքարեի, որպեսզի այն անհանգստությունները, որոնք ունեմ, հանկարծ իրականություն չդառնային։ Ես այդ պայքարի ճանապարհին եմ եղել, և դա էր հետևանքը, որ իմ կամ պարոն Ասլանյանի նկատմամբ այդպիսի դիրքորոշում է եղել։ Ասածս այն է, որ ոչ թե դուրս եկանք, հետո հասկացանք, այլ, ինչպես մեր շատ գործընկերներ ասում են, վռնդեցին կուսակցությունից։ Նրանք մեզ վռնդեցին կուսակցությունից, որովհետև մենք նրանց որոշ հարցերում խանգարում էինք։ Իհարկե, բոլորի մասին չէ խոսքը, այլ որոշ մարդկանց մասին։ 

- Արտահերթ կամ հերթական ընտրությունների պարագայում իշխող ուժին ձեզ հակառակորդ համարու՞մ եք, և ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը։

- Շատ դժվար է այդ հարցին պատասխանելը, որովհետև, ճիշտ է, ես և պարոն Ասլանյանը որոշակի ճանաչելիություն ունենք, բայց դա կերևա նախընտրական քարոզչության շրջանակներում, երբ մեր ծրագրային դրույթները բացենք և ներկայանանք ժողովրդին։ Բայց միանշանակ պայքարելու ենք ու ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ։

Հայկ Մագոյան