Հարցազրույց

«Իրանի նկատմամբ ԱՄՆ-ն շարունակում է կիրառել «սպառնալ-բանակցել» մարտավարությունը». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- ԱՄՆ նախագահը հրամանագիր ստորագրեց և հայտարարեց, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Թրամփի այս քայլը և հայտարարությունը։

- ԱՄՆ նախագահի հրամանագրի երկրորդ բաժինը խոսում է Իրանի հետ համագործակցության, Իրանը հզոր և հաջողակ պետություն պատկերացնելու մասին։ Միջուկային համաձայնություն է առաջադրվում Իրանի հետ․ այս պարունակում պիտի դիտարկել «արգելել-աջակցել» ուղերձի առանցքը։ Կամ նոր պատժամիջոցներ որոշել և խոսել միջուկային նոր համաձայնության մասին։ Սրանք ճնշամիջոցային քաղաքականության տարբեր օղակներ են։

- Միաժամանակ, ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի իշխանությունների հետ երկխոսության․ արդյոք հնարավոր է՝ խնդիրը լուծվի բանակցային միջոցով, թե՞ լարվածություն սպասել ամերիկա-իրանյան հարաբերություններում։

- «Բանակցել-սպառնալը», թվում է, վերածվել է ավանդական վարքագծի։ Թրամփի ոճն է, պարզապես՝ տարբերվող։ Կարծում եմ, ըստ էության, նույն քաղաքականությունն շարունակվում։ Իսրայելի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության վայրիվերումներին առընթեր կարձանագրվեն Իրանի հետ վարվելու ուղղությամբ կատարվող տարբեր հայտարարությունները։

- Անդրադառնանք նաև ԱՄՆ նախագահի՝ պաղեստինա-իսրայելական խնդրի վերաբերյալ հայտարարություններին ու Գազայի հատվածում նրա ծրագրերին։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք, արդյոք ԱՄՆ-ն ձեռնամուխ կլինի խնդիրն այդ ուղղությամբ լուծելուն։

- Դժվար թե հայտարարություններով գծվող ծրագրերն իրականան։ Հրադադարի օրն իսկ Գազայի ժողովրդի հավաքական զանգվածային վերադարձն այլ ուղղության մասին է հուշում։ Չեմ կարծում, որ գրավիչ նախագծերը կարողանան պաղեստինաթափել Գազան։ Այստեղ նշմարվում է հողին կառչած մնալու կամք և վճռականություն։ Այլ խնդիր է, որ իշխանության կարգավիճակի փոփոխության նախադրյալները տեսանելի են․ ակնհայտ գործընթաց է գնում այդ ուղղությամբ։ Գուցե Ռամալլա-կազա միացյալ կառավարման նոր մարմին ձևավորվի։ Համենայնդեպս, պաղեստինցի ժողովուրդը մնալու է այնտեղ։

- Ի՞նչ զարգացումներ տեղի կունենան ԱՄՆ-Պանամա հարաբերություններում։ Արդյոք հակասությունների խորությունը կարող է ռազմական գործողությունների վերածվել։

- Տնտեսաքաղաքական ուղերձը ուղղված է Չինաստանին։ Խնդիրը Պանամայի գանձած տուրքերի նվազեցման պահանջն է։ ԱՄՆ-ի նոր վարչակազմը տարբեր ուղղություններով որշում է բյուջեի կրճատումներ։ Բայց այս մեկը, կարծում եմ, առնչվում է ԱՄՆ-Չինաստան հարաբերակցության վրա գրանցվող տնտեսական պատերազմի կոնտեքստին։

Հայկ Մագոյան