Հարցազրույց

«Հակասություններն են բերել այսօրվան. նույն ճանապարհով չենք գնում». Ասլանյան

Radar Armenia-ի զրուցակիցն ԱԺ անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանն է։

- Փետրվարի 8-ին տեղի կունենա Ձեր և Հովիկ Աղազարյանի հիմնադրած Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության անդրանիկ համագումարը։ Ո՞րն է կուսակցության նպատակը, տեսլականը։

- Կուսակցության տեսլականն է՝ շարունակել իրական հեղափոխական գաղափարները և դրանք առաջ տանել։

- Կուսակցության օրակարգում իշխանափոխության հարց կա՞։

- Ժամանակը ցույց կտա։ Դեռ պետք է ընտրություն անենք, ինքներս պետք է պատրաստվենք ընտրության։ Հետո ժամանակի ու տարածության մեջ շատ բան կպարզվի։ 

- Նպատակ ունե՞ք մասնակցել  2026-ի խորհրդարանական ընտրություններին, կամ եթե իշխանությունը արտահերթի գնա, արտահերթին մասնակցեք։

- Անպայման։ Մենք արագորեն պատրաստվում ենք։ Եթե արտահերթ լինի կամ 2026-ին հերթականը լինի, պատրաստվում ենք լուրջ հայտ ներկայացնել։

- Կարո՞ղ եք ասել, թե այս պահին կուսակցությունը քանի համախոհ ունի։ Տեղեկություններ են շրջանառվում, որ տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումներ եք ունենում։

- Մենք առանձին ենք գնում։ Հրավերքներ չենք արել։ Այս պահի դրությամբ՝ փետրվարի 8-ին, առնվազն 300 համակիր ունենք, որոնք մասնակցելու են հիմնադիր համագումարին, որտեղ կորոշվի և կանոնադրության, և ծրագրի բոլոր դրույթները։ Կխոսենք, կքննարկենք, կընտրվեն ղեկավար մարմինները, կորոշվեն իրական սկզբունքները։

- Այսինքն, իշխող ՔՊ կուսակցությանը ձեզ հակառակորդ եք արդեն համարում առաջիկա ընտրություններում։

- Եթե այսօրվա դրությամբ մենք ՔՊ-ի մեջ չենք և մեր ուղղությունն ենք տանում, ինչ-որ ձևով՝ այո։

- Իրավիճակն ինչպես եք գնահատում, շանս կա՞, որ կարողանաք ընտրություններում շեմը հաղթահարեք։ Հանրային ինչպիսի՞ աջակցություն կա այս պահին։

- Դա ժամանակի և տարածության հարց է։ Ժամանակն ու իրավիճակը ցույց կտան։ Մենք այսօր անում ենք այն, ինչ գտնում ենք ճիշտ։ Որոշակիորեն համաձայն չլինելով ՔՊ-ի վարած քաղաքականության հետ՝ փորձում ենք մեր ճիշտը առաջ տանել։ 

- Հստակ կարո՞ղ եք ասել, թե ՔՊ ո՛ր քաղաքականության հետ չեք համաձայն՝ արտաքի՞ն, թե՞ ներքին։

- Ընդհանուր։ Հարցեր կան՝ արտաքին քաղաքականության մեջ են, հարցեր կան՝ ներքին քաղաքականության։ Բնական է՝ հակասություններն են բերել այսօրվան, որ մենք հիմա նույն ճանապարհով չենք գնում։

 Հայկ Մագոյան