Հարցազրույց

ԵՄ առաքելության երկարձգումն արձանագրվում է ռուս սահմանապահների փուլային հեռացմանը զուգահեռ

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Վրաստանի վարչապետն աշխատանքային այցով Հայաստանում էր։ Կոբախիձեն հայտարարեց, որ Հայաստան-Վրաստան գործընկերությունը խիստ կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար։ Ի՞նչ է ակնարկում Վրաստանը։ 

- Թբիլիսիի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունները պետք է ընկալել Վրաստանի արտաքին քաղաքականության դիմագրաված մարտահրավերների ընդհանուր պարունակի սահմաններում։ Թվում է, որ Վրաստանը նկատի ունի Հայաստանի մյուս երկու հարևանների ակտիվ համագործակցությունը։ Հարավային Կովկասում նկատելի են երկու երկրների արտաքին քաղաքականության որոշակի ուղղությունների համընկնման կետեր․ և սա՝ հակառակ նրան, որ Վրաստանի իշխանությունները փորձում են նորմալացնել իրենց հարաբերությունները ՌԴ-ի հետ։

- Վրաստանի ԱԳ նախարարն անդրադառնալով տարածաշրջանում անվտանգության խնդրին՝ հիշեցրեց ՌԴ-ի կողմից Վրաստանի օկուպացրած տարածքների մասին։ Ի՞նչ է կատարվում ռուս-վրացական հարաբերություններում։ 

- Այնպես չէ, որ Թբիլիսին կտրուկ շրջադարձ է արել իր արտաքին քաղաքանության ոլորտում։ Միակողմանիից դեպի կենտրոն հակվելու միտումներ են։ Վրաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, մեծ հաշվով, մնում են նույնը։ Նկատենք, որ ԱՄՆ օժանդակությունները սառեցվել են, բայց դրա դիմաց չեն վերականգնվել ՌԴ-ի հետ հարաբերությունները։ Նման հայտարարություն հնչեցնելը նաև ներվրացական լսարանին է ուղղվել, որտեղ սրացել են հակառուս տրամադրությունները։

- ԵՄ-ն ևս 2 տարով երկարաձգեց Հայաաստնում դիտորդական առաքելության ժամկետը։ Ձեր կարծիքով՝ այս որոշումն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստան-Ադրբեջաան հարաբերությունների, մասնավորապես՝ խաղաղության համաձայնագրի վրա։ 

- Պարզ է, որ երկարաձգելու էր։ Ընդ որում՝ թվի հավելումով և լիազորությունների ընդլայնման ճիգերով։ Բաքուն անհանգիստ է, որովհետև դրան զուգահեռ արձանագրվում է ռուս սահմանապահների փուլային հեռացում։ Սա ընդհանուր աշխարհաքաղաքական միտում է տարածաշրջանում և պայմանավորված չէ միայն Երևանով, ինչը գիտակցում է Բաքուն և դրա համար էլ անհանգստանում։ 

- Ձեր կարծիքով ԵՄ դիտորդների ներկայությունը չեզոքացնում կամ զսպո՞ւմ է Ադրբեջանի՝ նոր էսկալացիա հրահրելու նկրտումները։

- Կարծում եմ՝ զսպում է։ Որքան էլ Բաքվի կախյալությունը Թուքիայից խորանա, որքան էլ Մոսկվա-Բաքու համագործակցությունը խորանա, Ադրբեջանը գիտակցում է, որ ԵՄ առաքելության այնտեղ հայտնվելը հավաքական Արևմուտքի որոշումն է և տեղավորվում է տարածաշրջանում ԱՄՆ-ԵՄ ձևաչափով ճշտված քաղաքականության սահմաններում։

- ԱՄՆ պետդեպը գաղտնազերծել է Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիև առանց միջնորդների բանակցությունները, որտեղ նշված է, որ Քոչարյանը սկզբունքորեն համաձայնել էր Մեղրին Ղարաբաղով փոխանակելու տարբերակին։ Ինչո՞ւ է Պետդեպը հենց հիմա գաղտնազերծել այս փաստաթղթերը, ի՞նչ նպատակ է այն հետապնդում։

- Ճիշտ է ձեր դիտարկումը թայմինկի առումով։ Փորձ է արվում այն համոզմունքը փոխանցելու, որ տարածքների փոխանակումը միայն գոբըլյան ծրագիր չէր, այլ նաև ռուսական որոշակիորեն։ Մինչ այժմ ներկայացվում էր այն, որ Ադրբեջանն էր առաջարկել անցքերի փոխանակման նախագիծը։ Հայկական դաշտում կային հակասական տեղեկություններ այս ծրագրի մասին՝ շրջա՞ն թե՞ անցք փոխանակելու, առաջարկը Երևանի՞, թե՞ Բաքվինն է լինելու և այլն։ Ամերիկյան գաղտնազերծումը խառնում է խաղաթղթերը։ Չկա ստորագրված փաստաթուղթ, հետևաբար՝ չկա միանշանակ բովանդակություն բանակցությունների մասին․ բոլոր մեկնաբանություններից դեռևս առարկայական եզրահանգում չի արվել։ Քի Վեսթում կամ Գոբըլի ներկայացրած նախագծում այն տպավորությունն էր, որ սա ամերիկյան ծրագիր էր։ Այս գաղտնազերծմամբ փորձ է արվում հանրային կարծիքի ձևավորել, որ դա միանշանակ այդպես չէր։