Հարցազրույց

«Թուրքիան այս փուլում շահագրգռված չէ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմամբ». թուրքագետ

Radar Armenia-ի զրուցակիցը թուրքագետ Նելլի Մինասյանն է։

- Թուրքական կողմը շարունակում է հայտարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրելու իր ցանկության մասին։ Ձեր կարծիքով՝ Թուրքիան իսկապե՞ս շահագրգռված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Եթե այո, այս ուղղությամբ տեսանելի քայլեր արվո՞ւմ են։

- Իմ կարծիքով՝ Թուրքիան այս փուլում այնքան էլ շահագրգռված չէ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմամբ, որովհետև հակառակ դեպքում ինքն այդ ուղղությամբ կարող էր ավելի առարկայական քայլ անել։ Այս պահին չեմ տեսնում այդ քայլերը։ Ամենաառարկայական քայլը նա է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը չկապվի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ։ Եվ հակառակը, եթե Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունենա որոշակի դրական տեղաշարժ, դա անպայման կազդի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը՝ սահմանի բացումը երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում չէ դեռ, բայց այդ ուղղությամբ փոքր քայլ է, որը նույնպես կարող է դրական ազդեցություն ունենալ գործընթացի վրա։ Իմ կարծիքով՝ Թուրքիան այս ուղղությամբ տեսանելի քայլեր, այնուամենայնիվ, չի անում։

- Այս համատեքստում առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարող են լինել հայ-թուրքական հարաբերությունների, մասնավորապես՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։

- Օրերս թուրքական մամուլում հրապարակում եղավ, որ Սերդար Քըլըչը հանդիպում է անցկացրել Կարսի շրջանի ղեկավարության հետ, և սա առաջին դեպքն էր, որ տեղեկություններ տարածվեցին կոնկրետ գործողությունների իրականացման վերաբերյալ։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ գուցե առաջիկայում տեսնենք այս ուղղությամբ որոշակի քայլեր։ Բայց առաջին տեղում կմնա արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։ Այստեղ ժամկետների մասին խոսելը դժվար է, որովհետև ողջ պրոցեսը կախված է թուրքական կողմից։

- Թուրք-ամերիկյան հարաբերություններն ի՞նչ ուղղությամբ և ինչպե՞ս կզարգանան Թրամփի վարչակազմի հետ աշխատանքներում։

- Սկզբնական շրջանում մեծ ոգևորություն նկատվեց՝ Թրամփի ընտրվելու հետ կապված, բայց, կարծում եմ, ամեն ինչ հարթ չէ այնտեղ, և այդ ոգևորությունը դեռ վաղ էր։ Այդ երկու պետությունների հարաբերություններում կան կարևոր խնդիրներ, որոնք պատասխաններ չունեն։ Այստեղ ամենագլխավոր խնդիրը կապված է քրդական հարցի հետ․ Միացյալ Նահանգները քայլեր չի ձեռնարկում Թուրքիայի ցանկությունների ուղղությամբ։ Թուրքական ղեկավարությունն անգամ պահանջներ է ուղարկել Միացյալ Նահանգներին, թե ինչ է սպասում Թրամփի վարչակազմից, և դրանց մեջ առաջինը քրդական ուժերին աջակցություն չտրամադրելն է։ Այս պարագայում Թրամփի վարչակազմի կողմից չկա որևէ արձագանք։ Կարծում եմ՝ ինստիտուցիոնալ խնդիրները, որոնք առկա են Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև, կշարունակվեն։

Հայկ Մագոյան