Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է
- Ինչպե՞ս կգնահատեք Թրամփի նախագահության այս մեկ շաբաթը․ նա մի շարք կարևոր հրամանագրեր ստորագրեց։
- Հրամանագրերը, թե պաշտոնի ստանձնումից հետո արված հայտարարությունները մի քանի ուղղություն ունեն․ կենտրոնանանք չինականի վրա, որն արտահայտվեց ԱՄՆ-ի տարածքում ТikTok-ի փակումով։ Սա ուղերձ էր Չինաստանին և միջազգային հանրությանը։ Սա ազդանշան է տնտեսական պատերազմի նոր փուլի։ Ուկրաինայի մասով հայտարարությունը համախառն է։ Ասվում է, որ խաղաղություն պետք է լինի, սակայն եթե ՌԴ-ն չընդառաջի բանակցելու որոշմանը, պատժամիջոցները կսաստկանան։ Իսկ Պանամայի կամ Կանադայի ուղղություններով արված հայտարարությունները դեկլարատիվ բնույթ ունեն։ Այդուհանդերձ, ոճի փոփոխության կամ աշխարհակարգի միաբևեռացումն արտահայտող մոտեցումներ են։
- Արդյոք ռուս-ուկրաինական ճակատում առաջիկա ամիսներին կարող ենք ականատես լինել ռազմական գործողությունների դադարեցման։
- Չեմ կարծում, որ կտրուկ շրջադարձ կլինի կարճաժամկետ դրվածքով։ Փոխադարձ պայմանները շատ են ու բարդ։ Ելևէջներ և վայրիվերումներ կլինեն, սակայն ընդհանուր ռազմական բախումների դադարեցում դեռևս տեսանելի չէ։ ԱՄՆ-ի ճշտած խաղի կանոնները ռուսական կողմից հեշտ չեն ընդունվելու։ Սակայն Չինաստանի հետ հարաբերությունների սրացումը կարող է երկրորդ պլան մղել Ուկրաինային։ Ընդհանուր միտումները դեռևս շարունակվելու են երկու ուղղություններով։
- ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զրուցել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը: Ի՞նչ է սա նշանակում։
- Սա առաջին հերթին նշանակում է, որ այդ գործընթացում ԱՄՆ-ն Թուրքիային է ընկալում հիմնական գործոն, հատկապես՝ Ադրբեջանի վրա ազդեցությունը շարունակելու առումով։ Երկրորդ մեկնաբանելի կետն այն է, որ ՌԴ-ի փոխարեն Թուրքիան կարող է ազդել գործընթացի վրա։ Լուռ ենթաուղերձն այն է, որ հայկական կողմի վրա Վաշինգտոնը կաշխատի, հատկապես՝ վերջին համաձայնագրի ստորագրությունից հետո։ Մեծ հաշվով, այստեղ ասվում է, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորումը հովանավորվելու է ԱՄՆ-Անկարա գծի վրա։
- ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն էլ հայտարարել է, որ աշխարհում մեծանում է միջուկային տերությունների միջև բախման վտանգը։ Ի՞նչ է ակնարկում Մոսկվան։
- Սա Մոսկվայի կողմից միջուկային զենքի կիրառման հերթական ակնարկն է։ ՆԱՏՕ-ի ուժերի՝ ռուսասատանամերձ շրջաններում հայտնվելը, Ուկրաինայի ռազմական իրադարձությունները, Հարավային Կովկասից ռուսական գործոնի դուրս մղման աշխարհաքաղաքականությունը Մոսկվայի կողմից սպառնալիքների հնչեցման նախադրյայներն են։
Հայկ Մագոյան