Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է
- Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը։ Ինչ ուղերձներ փոխանցեցին կողմերը։
- Եթե դատենք հանդիպման տեղեկատվական անտուրաժից, հնարավոր է եզրակացնել, որ Երևանի ու Մոսկվայի միջև արձանագրվել է առնվազն միջնաժամկետ հեռանկարի որոշակի փոխըմբռնում: Այստեղ հատկապես նշանային է այն, որ դա տեղի է ունենում ԱԳ նախարարությունների մակարդակով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ մակարդակում առավել ևս արտահայտվում էր որոշակի լարվածություն և շփումների տևական դադար: Ընդ որում, հենց ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ այդ դադարը հաղթահարված է: Հայ-ռուսական շփման այս դրվագն հատկապես ուշադրության է արժանի այն իրադարձության ֆոնին, որ ուրվագծվեց նախորդ տարեվերջին և կայացավ հունվարի 17-ին Մոսկվայում՝ ռուս-իրանական ռազմավարական գործընկերության մեծ պայմանագրի ստորագրումը, որը կարող է լինել նաև կովկասյան ռեգիոնում առկա անվտանգային միջավայրի ու մթնոլորտի փոփոխության հիմնարար գործոն: Ի դեպ, հենց նույն օրը, այդ պայմանագրի ստորագրումից մի քանի ժամ առաջ, տեղի էր ունեցել նաև Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց՝ հայկական կողմի նախաձեռնությամբ: Այդ զրույցը փաստորեն նախորդել էր ոչ միայն ստորագրված պայմանագրին, այլ նաև Հայաստանի ԱԳ նախարարի այցին, լինելով նաև այցը «ուղեկցող» որոշակի գործողություն՝ ամենաբարձր մակարդակով: Ի դեպ, նույն Լավրովը հանդիպման ընթացքում նաև անմիջական հղում կատարեց այդ մակարդակին, նշելով, որ ինչպես Փաշինյան-Պուտին մակարդակում է, նույն կառուցողական ոգով քննարկումներ են իրականացրել նաև իրենք:
- Ինչ զարգացումներ տեղի կունենան հայ-ռուսական հարաբերություններում՝ հաշվի առնելով նաև, թե ինչպես կդիրքավորվի ԱՄՆ նոր ադմինիստրացիան Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներում։
- Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը, քննարկումներն ու միջնաժամկետ որոշակի փոխհամաձայնության հանգամանքը, որ նկատում եմ, չի նշանակում, որ հաղթահարված է հայ-ռուսական փոխհարաբերության ճգնաժամային մթնոլորտը, և ամեն ինչ ծավալվելու է «հալած յուղի» պես: Պատճառն այն է, որ այդ ճգնաժամը պայմանավորված չէ լոկ Հայաստանով ու Ռուսաստանով, այլ ավելի մեծ համաշխարհային, աշխարհակարգային ճգնաժամի հետևանք է, որ սկսել է «սաղմնավորվել» դեռևս մոտ երկու տասնամյակ առաջ: Հայաստանն ու Ռուսաստանը այդ ընթացքում ավելի շատ փորձել են գտնել այդ ճգնաժամի կառավարման մեխանիզմներ, միջոցներ: Եվ այստեղ ավելի մեծ շահագրգռություն պետք է լիներ Հայաստանից, որովհետև Հայաստանի շատ ավելի համեստ տրամաչափն ու անվտանգային առավել ուժգին ռիսկերը պահանջում են ավելի փութաջանություն, և սա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերության ճգնաժամային խորքի կառավարմանը: Ընդհանուր առմամբ, հայ-ռուսական հարաբերությունը, չնայած քաղաքական և անվտանգային տիրույթում որոշակի տրանսֆորմացիոն ճգնաժամին, այդուհանդերձ, ռազմավարական հարցերի մակարդակում այդպիսին չէ: Կողմերի միջև փոխըմբռնումն, օրինակ, նաև հենց «տակտիկական անկաշկանդության» հարցում է: Լայն իմաստով, ինչպես հայ-ռուսական հարաբերության ճգնաժամն է պայմանավորված աշխարհակարգային իրողություններով, այդպես էլ ճգնաժամի հաղթահարման և նոր ճարտարապետության հարցն է կախված լինելու աշխարհակարգի ձևավորման լայն գործընթացի արդյունքով, այդ թվում՝ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների ու պայմանավորվածությունների ընթացքով և արդյունքով:
Հայկ Մագոյան