Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն է։
- ԱՄՆ Սենատը հաստատել է սենատոր Մարկո Ռուբիոյի նշանակումն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Ինչ սպասելիքներ կան նոր պետքարտուղարից հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ։
- Մեր սպասելիքները նորանշանակ պետքարտուղարից ուղիղ կապված են մեր գործողությունների հետ՝ կանենք, թե չենք անի դրանք։ Եթե խոսում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին, կարծում եմ, որ Հայաստանը պետք է ԱՄՆ-ին և հենց Մարկո Ռուբիոյին հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման միջնորդական դեր առաջարկի, կամ, եթե ոչ միջնորդական, գոնե ԱՄՆ-ն մեզ տրամադրի տարածք, որ արտգործնախարարների և, ինչու ոչ, առաջին դեմքերի մակարդակով բանակցությունները կայանան բացառապես ամերիկյան հարթակներում։ Սա շատ կարևոր քայլ կլինի մեր կողմից, որը կխոսի ամերիկյան նոր ադմինիստրացիայի նկատմամբ մեր վստահության մասին։ Կարծում եմ՝ պետքարտուղար Ռուբիոն այս քայլը դրական կընկալի, որովհետև սա հնարավորություն է ամերիկյան դիվանագիտությանը՝ ծավալվել Հարավային Կովկասում ու շարունակել այն գիծը, որը տանում էր Բայդենի ադմինիստրացիան և անձամբ Էնտոնի Բլինկենը։ Եթե Ալիևը համաձայնի այդ առաջարկին և առնվազն համաձայնվի բանակցություններն անցկացնել ամերիկյան հարթակներում, ապա շատ լավ, եթե չի համաձայնվի, էլ ավելի լավ, որովհետև այդ դեպքում մենք ստանում ենք հայ-ամերիկյան հարաբերություններում բարենպաստ դիրք և աշխատելու հնարավորություն։ Իսկ Ալիևի համար հնարավորությունը զգալիորեն պակասելու է։
- Նոր պետքարտուղարը հայտնի է իր հակառուսական հայացքներով։ Այս հանգամանքը ի՞նչ դերակատարում կունենա Հարավային Կովկասում տարվող ամերիկյան քաղաքականության վրա, մասնավորապես, հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական։
- Այսպես կոչված հակառուսականությունն իր ազդեցությունն ունենալու է նաև մեր տարածաշրջանում։ Սա էլ է մեզնից կախված. եթե մենք շարունակենք ամրապնդել մեր ինտեգրացիոն հնարավորությունները ԵԱՏՄ շրջանակներում, շարունակենք մնալ ՀԱՊԿ-ում, եթե 1 ոտով գնանք Եվրոպա, մյուսով պինդ կառչենք ԵԱՏՄ-ից, ապա չեմ կարծում, որ ամերիկյան դերակատարումը և նրանց քաղաքականությունը մեր տարածաշրջանում կարող է լինել մեր օգտին։ Հիշեցնեմ, որ երեկ Թրամփը շատ հստակ ասաց՝ մենք գնում ենք այս ճանապարհով, և երկրներն իրենք պետք է որոշեն՝ ԱՄՆ-ի հետ են, թե ոչ, դեմոկրատ են, թե դեմոկրատ չեն։ Իրավիճակը սա է։ Եվ այո, տվյալ դեպքում հակառուսականությունն աշխատելու է մեր օգտին, իսկ դրա բացակայությունը՝ մեր թշնամիների։
- Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող տրանսֆորմացիան՝ որքա՞ն է հավանական, որ Ադրբեջանը նոր պատերազմ սանձազերծելու ճանապարհով կգնա։
- Ձեր նշած տրանսֆորմացիաները դեռ իրենց ակտիվ փուլում չեն, և շատ դժվար է կանխատեսել՝ այդ փուլ կմտնեն, թե ոչ։ Եթե դատողություններ անենք Թրամփի երեկվա ելույթից, նա ասում է, որ կլինեն տրանսֆորմացիաներ։ Բայց ես կարծում եմ, որ Թրամփի կառավարման հերթական 4 տարվա ընթացքում նա ավելի շատ խոսելու և սպառնալու է , քան՝ գործելու։ Խոսքը վերաբերում է նույն դերակատարներին՝ Ռուսաստանին, Չինաստանին, Պանամային, միգուցե՝ Դանիային, որից ցանկանում է խլել Գրենլանդիան։ Թրամփը փորձելու է սպառնալիքներով հասնել ամերիկյան քաղաքականության նպատակներին։ Եթե այդ լուրջ տրանսֆորմացիոն փուլը չսկսվի, ապա կարծում եմ, որ Ադրբեջանի՝ նոր պատերազմ սանձազերծելը կմնա միայն Ալիևի մթագնած ուղեղում։ Այս պահին չենք կարող հստակ ասել՝ դա լինելու է, թե չի լինելու, բայց ցանկացած պահի մենք պետք է պատրաստ լինենք այդ պատերազմին, որովհետև Ալիևի համար սա երազանք է, և նա ամեն բան անելու է դրան հասնելու համար։
Եվս մեկ անգամ ստիպված եմ ասել․ ամեն ինչ կախված է նաև մեր գործողություններից կամ դրանց բացակայությունից։ Եթե Թրամփի, ԱՄՆ-ի հետ կարողանանք կառուցել կառուցողական հարաբերություններ և ցույց տալ, որ գտնվում ենք նույն նավակի մեջ, Ալիևը Հայաստանին ոչ մի բան չի կարողանա անել։ Եթե չկարողանանք անել և նորից կախվենք ռուսական սուզվող նավից, Ալիևը կստանա շատ հնարավորություններ։ Այլ կերպ ասած՝ իրավիճակը կարելի է 50/50 գնահատել։
Հայկ Մագոյան