Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ Իսրայելի նախարարների կաբինետը նիստ կգումարի՝ հաստատելու ՀԱՄԱՍ–ի հետ Գազայի հատվածում զինադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագիրը: Ինչպե՞ս եք մեկնաբանում իրադարձությունների նման զարգացումը։
- Գազայում լինելու է հրադադար, որին հաջորդելու են քաղաքական պայմանագրի կնքման բանակցություններ։ Իսրայելը ներկառավարական խնդիրներ ունի․ որոշ նախարարներ սպառնում են հրաժարական տալ, եթե այն ստորագրվի։ Նեթանյահուն դժվար ընտրանքի առաջ է։ Սակայն կարծում եմ՝ ԱՄՆ-ի ճնշումը կարդյունավորվի, և հրադադարի համաձայնություն կլինի։
- Ձեր կարծիքով՝ ինչու՞ միայն հիմա հաջողվեց նման համաձայնության հասնել։
- Պահը կապվում է ԱՄՆ վարչակազմի անցումային շրջանի հետ․ սա լինելու է Բայդենի վերջին իրագործումը՝ անպայման համաձայնեցված նոր վարչակազմի հետ։ Սիրիայից և Լիբանանից հետո հերթը Գազային է։ Սա Միջին Արևելքի քաղաքական քարտեզի վերագծման փոխկապակցված հերթական շղթայական օղակն է։
- Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ։ Արդյոք այս փաստաթուղթը իրական խաղաղության երաշխիքներ է տալու Հայաստանին։
- Սա վերջին պահին իրականացված համաձայնագիր չէ և ունի իր պատմականը։ Տարբեր հանգամանքներից հետո են հանգել այս փաստաթղթին։ Ադրբեջանն անհանգիստ է Երևանի անվտանգության, տնտեսության և էներգետիկայի դիվերսիֆակացման քաղաքականությամբ։ ԱՄՆ-ի քայլը պատասխան է Ադրբեջանին՝ թե, ընդհանրապես, տարածքային ամբողջականության, թե միջանցքի կարգավիճակը բացառելու առումներով․ իսկ ատոմակայանի նորացման կամ, ընդհանրապես, նոր ատոմակայան ունենալու առումով ուղերձը հիմնականում ՌԴ-ին է ուղղված։ Սա էներգիայի կախվածությունից դուրս գալու առաջին քայլերի համաձայնեցումն է։
- Արդյոք Թրամփի վարչակազմը հավատարիմ կմնա այս փաստաթղթով ձեռք բերված պայմանավորվածություններին, և այն կյանքի կկոչվի և չի մնա բացառապես թղթի վրա։
- Մեծ հաշվով՝ քաղաքականությունը չի փոխվելու։ Կլինեն կանգառներ, ոճային տարբերություններ։ Կարծում եմ, սակայն, սա ԱՄՆ-ի տարածաշրջանային աշխարհաքաղաքականության սահմաններում է տեղավորվում, և դա պայմանավորված չէ վարչակազմերի փոփոխությունների հետ։ Ավելի շուտ, սա երկարաժամկետ ռազմավարական ուղղություններ ճշտող ամերիկյան համակարգի հետ կապված քաղաքականություն է։
- Այս ֆոնին պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը կսկսեն սահմանազատման աշխատանքները հյուսիսային հատվածից։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս համաձայնությունը՝ հաշվի առնելով, որ տառացիորեն մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը ռազմատենչ հռետորաբանությամբ ելույթներ էր ունենում։
- Հռետորաբանությունն ու գետնի վրա արձանագրվող իրադարձությունները հակոտնյա են։ Ադրբեջանը մի կողմից սպառնում է, մյուս կողմից բանակցում, և սա ավանդական վարքագիծ է Բաքվի համար։ Կողմերը գնում են նման բանակցությունների՝ ոչ անպայման ինքնուրույն։ Այս հարցերում ներգրավված են տարբեր գլխավոր խաղացողներ, որոնցից կախված է դեպի խաղաղություն գնացքը։ Սպառնալը Բաքվի որոշումն է, բանակցելը՝ ոչ անպայման միայն Բաքվի։
Հայկ Մագոյան