Հարցազրույց

«Մեռնողը միշտ էլ անկանոն շարժումներ է անում». Միքայել Հայրապետյան

- Երեկ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Ի՞նչ կստանա Հայաստանն այս փաստաթղթի ստորագրումով։

- Նվազագույնը, որ Հայաստանը կստանա այդ փաստաթղթից, այն է, որ կարող է ձեռք բերել այն գիտակցումը, թե վերջապես ինքը ևս պետություն է և կարող է միակողմանիորեն չկառավարվել Կրեմլի կողմից։

- Արդյո՞ք այս փաստաթղթի ստորագրումն անվտանգության և խաղաղության իրական երաշխիքներ է տալիս Հայաստանին։

- Անվտանգության իրական երաշխիք երբևէ որևէ փաստաթուղթ չի կարող տալ, եթե նույնիսկ այն Աստծո հետ է կնքված. հիշենք աստվածաշնչյան պայմանագիրն Աստծո և հրեաների միջև։ Իրական երաշխիքին ավելի մոտ մի բան կարող է տալ միայն Աստծո կողմից մեզ տրված, բայց մեզանում նվազ կիրառվող սթափության գիտակցումը։ Իսկ խաղաղության երաշխիքը մեր ներսի խաղաղությունն է. Խորենացին կրկնում է. «Եվ չկա խաղաղություն ամբարիշտներին»։ Մարդկային ամբողջ պատմության ընթացքում մոլորակի վրա չենք կարող ցույց տալ գեթ մեկ հիսնամյակ, երբ պատերազմներ չեն եղել. Մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է, որ երբեմն-երբեմն ընդմիջվել է խաղաղությամբ։ Իրական խաղաղության երաշխիքին մոտ մի բան կարղ են լինել մեր հոգիների խաղաղությունը, անափ սերն ու անմնացորդ նվիրումն այն արժեքներին, որ «երկար դարերով ծնել է մեր խորունկ Հոգին Հայոց լեռներում», կասեր Թումանյանը։ Այդ սիրո և նվիրման պարագայում է, որ աշխարհի բորենիները կերկմտեն՝ խախտե՞լ մեր խաղաղությունը, թե՞ ոչ։

- Պնդումներ կան, որ այս փաստաթուղթը բացառապես ամերիկյան շահերի մասին է, իսկ Հայաստանի համար հավելյալ ռիսկեր է պարունակում։ Ձեր գնահատմամբ հայ-ամերիկյան գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը վտանգներ պարունակո՞ւմ է Հայաստանի համար։

- Իհարկե, ռուսներն ու ռուսական գործակալները պետք է պնդեն, թե այս փաստաթուղթը բացառապես ամերիկյան շահերից է բխում և մեզ համար պարունակում է միայն հավելյալ ռիսկեր։ Սակայն, վերոնշածս սթափությունը հուշում է, թե ամեն բան էլ երկու ծայր ունի. երեխայի ծննդի հետ ծնվում է նաև անխուսափելի մահը, հիմա ի՞նչ՝ չապրե՞լ կյանքը կամ երեխա չունենա՞լ – դա ամենամեծ հակաբնականությունը և աստվածանարգությունը կլիներ։ Անշուշտ, այս փաստաթուղթն իր հետ կբերի նաև լրջագույն ռիսկեր. մեր երկրի իմաստուն ուղեղների խնդիրն էլ հենց այն է, որ կարողանան ապահովել ռիսկերի նվազումն ու շրջանցումը, մանավանդ որ որքան ԱՄՆ-ին էր պետք այս փաստաթուղթը, նույնքան և մեզ՝ թե՛ որպես անվտանգության ծանրակշիռ բարձիկ, թե՛ քաղաքակրթական ներդաշնակման հնարավորություն։

- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադառնալով այս փաստաթղթին նշել է, որ այս գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային միավորումների համար: Ի՞նչն է անհանգստացնում և մտահոգում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, եթե Հայաստանը քանիցս հայտարարել է, որ որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջներ ու նկրտումներ չունի։

- Նախ՝ պետք է հստակ գիտակցենք, որ Հայաստանի կամ որևէ այլ երկրի հայտարարություն հավիտենական չէ, այլ քաղաքական գործիք է։ Երկրորդ՝ Ռուսաստանն առայժմ (և հավանաբար՝ առհավետ) գնում է տկարացման ու հիմնովին վերաֆորմատավորման ճանապարհով, ուստի միանգամայն ընկալելի է ռուս վերնախավի տագնապը, ինչը Ուկրաինայի պարագայում հասցրեց այսօրվա ռուս-ուկրաինական պատերազմին։ Մեռնողը միշտ էլ անկանոն ոռնոցներ ու շարժումներ է անում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հրապարակային խոսքը հենց այդ ոռնոցի և շարժման շարքից է։ Սրիկա են դրանք. եթե Ուկրաինան այս օրը գցեցին ուկրաինական ինքնուրույն կողմնորոշման համար, ապա մեր երկրին նույն օրը ավանսո՛վ գցեցին՝ Արցախը պոկելով ու անդամահատելով նույնիսկ մեր ինքնությունը, թեև ինքնուրույն որևէ կողմնորոշում չէինք էլ փորձել ցավոք։ Այնպես որ, մենք ավելիով արդեն իսկ վճարել ենք ռուսական «բարեկամության» դիմաց։ Մյուս կողմից՝ մեռնող ու տապալվող արջը կարող է կյանք արժենալ պատահաբար այդ պահին նրա կողքին հայտնված փոքրամարմին կենդանիների համար. նրանք կարող են մնալ տապալվողի լեշի տակ (այդպես մի անգամ արդեն եղել է, երբ միայն մեր հայրենիքը մնաց Օսմանյան կայսրության տապալված լեշի տակ)։ Հիմա բազմակի զգուշավորությունը մեր գլխավոր դաշնակիցը պետք է լինի։

- Կենսական նշանակություն ունի հարցը, թե արդյոք Թրամփի վարչակազմը կշարունակի՞ աշխատել այս փաստաթղթի շրջանակներում Հայաստանի հետ, թե՞ ոչ։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք այս առնչությամբ։

-  Միանգամայն իրական է Ձեր մտահոգությունը։ Հիմնովին փոխվում է Երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված աշխարհակարգը, չեն պահպանվում փխրուն խաղաղություն ապահոված պայմանավորվածությունները. ոչ միայն Ռուսաստանն է տարածքներ պոկում Ուկրաինայից, այլև առաջին անգամ ԱՄՆ-ի նոր նախագահն է հայտարարում Գրենլանդիայի և Պանամայի մասին։ Ուստի մինչև վերջ վստահ չեմ, թե հեռացող վարչակազմի հետ կնքված պայմանագիրը լրիվությամբ կաշխատի պայմանագրի ոգուն և տառին համապատասխան։ Հիշո՞ւմ եք հեռացող Փիլոսիի այցը Հայաստան։ Ծայրահեղ զգույշ է պետք լինել և գլուխը չկորցնել, ինչպես մի անգամ կորցրինք Սևրին սպասելով։

- Այս փաստաթղթի ստորագրումն ի՞նչ ազդեցություն կունենա սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացների վրա։

- Սահմանագծման հետ կապված այս պայմանագիրը որևէ շոշափելի ազդեցություն չի ունենա. Հասկանանք վերջապես, որ ոչ թե պայմանագիրն է սահմաններ զատելու կամ խաղաղություն հաստատելու, այլ այն հարաբերակցությունը, որը տարածաշրջանում կլինի ԱՄՆ-ի և ՌԴ-ի ուժերի ու հնարավորությունների միջև։

- Արդյո՞ք այս փաստաթղթից ակնկալիքները չափազանցված չեն։

-  Այո՛, չափազանցված են թե՛ ակնկալիքները, թե՛ վախերը։

Հայկ Մագոյան