Հարցազրույց

«Հայաստանը և Ադրբեջանը, եթե անգամ հասնեն կոնսենսուսի, չեն կարող լուծարել Մինսկի խումբը». Աթանեսյան

Radar Armenia-ի զրուցակիցը Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն է։

- Այսօր Հայաստանն ու ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ կստորագրեն։ Դա ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգության տեսանկյունից՝ Ադրբեջանի կողմից հնչող ագրեսիվ հռետորաբանության ֆոնին։

- Ժամանակն է, ավելի ճիշտ՝ վաղուց ժամանակն էր, որպեսզի մենք ձերբազատվենք որևէ կողմի հովանավորությամբ հարևանների հետ հարաբերություններ կարգավորելու բարդույթը: Ես չգիտեմ, թե ինչ ֆորմատի և բովանդակության փաստաթուղթ է ստորագրվելու Վաշինգտոնում կամ, առհասարակ, ստորագրվելու է։ Չգիտեմ նաև, թե ինչ «ժառանգություն» է դա թողնելու Թրամփի վարչակազմին: 

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն, իհարկե, նման «արարողակարգային համաձայնությունները» որոշակի ազդակ հաղորդում են: Բայց ապագա պայմանագիրը, բանակցությունները, ամբողջ այս տեղեկատվա-քարոզչական «փոխհրաձգությունը» գերազանցապես երկկողմ են: Եվ Հայաստանի գերխնդիրն է, որ ունենա բավարար և անհրաժեշտ իմունիտետ՝ իր բոլոր կոմպոնենտներով:

- Հաջորդ երկուշաբթի՝ հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը կստանձնի երկրի լիիրավ կառավարումը։ Ձեր կարծիքով՝ արդյոք Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները պայմանավորված են նաև ԱՄՆ-ում իշխանության փոփոխության հետ։

- Ոչ: Ես չեմ կիսում տպավորությունը, որ Թրամփը կգա և Ալիևին կարտոնի, որ հարձակվի: Ալիևն ավելի շատ զգուշացած է, որ Թրամփը Հարավային Կովկասի հարցում կպահպանի հաջորդայնությունը:

- Պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը, սակայն չի հստակեցվում, թե երբ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելուց առա՞ջ, թե՞ հետո։ Հետաքրքիր է Ձեր կարծիքն այս առնչությամբ։

- Հայաստանը և Ադրբեջանը, եթե անգամ այդ հարցում հասնեն կոնսենսուսի, չեն կարող լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումը: Այլ բան է, եթե ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունները նման համաձայնության հասնեն: Իսկ դա կնշանակի, որ նրանք Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և ԼՂ բռնատեղահանված բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման պատասխանատվություն են ստանձնում:

- Ի՞նչ հարց է լուծում Ադրբեջանը Մինսկի խումբը լուծարելով։ Ինչու՞ է Ադրբեջանին մտահոգում ՄԽ-ի գոյությունը, եթե ԼՂ-ն ամբողջությամբ իր վերահսկողության ներքո է, իսկ պաշտոնական Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

- Այդ հարցին արդեն պատասխանեցի: Ադրբեջանին չպետք է գերպետության տեղ դնել: Նա չի կարող լուծարել Մինսկի խումբը:

- Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունների ֆոնին նաև հայտարարվեց, որ տեղի է ունենալու սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Ադրբեջանի՝ մի կողմից պատերազմի սպառնալիքը, մյուս կողմից՝ սահմանազատում իրականացնելու գործընթացի շարունակականությունը։

- Սահմանազատման հանձնաժողովների կանոնադրությունն Ադրբեջանը վավերացրել է նախագահի հրամանագրով: Ես ենթադրում եմ, որ Ալիևն առաջարկում է սահմանի ճշտում իրականացնել ներկայիս շփման գծով: Հիմնական խնդիրը դա է:

Հայկ Մագոյան