Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի հասցեին հնչեցրած վերջին հայտարարությունները։ Ի՞նչ նպատակ էր հետապնդում նման խոսույթը, եթե մյուս կողմից՝ կողմերը բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ։
- Բանակցություններն ու Ալիևի հոխորտանքները միշտ հակառակ ուղղությամբ են ընթանում․ նա, ըստ էության, նման սպառնալիքներով տորպեդահարում է խաղաղության գործընթացը։ Երկու հիմնական առաջադրանք է առաջ քաշում՝ ըստ էության։ Առաջինը՝ «Զանգեզուրյան միջանցք»-ը և երկրորդը՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության չեղարկումը։ Մնացյալն ածանցյալ և ճնշումամիջոցային խաղաթղթեր են։
- Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի ու կբացվի։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը մտադիր է դիմել զենքի ուժի։
- Չեմ կարծում, որ նա կստանա զենքի միջոցով խնդիրը լուծելու թույլտվություն։ Սյունիքը հայտնվել է աշխարհաքաղաքականության տեսադաշտում, և Ադրբեջանը միայնակ չի կարող լուծել այդ խնդիրը։ Անգամ Մոսկվա-Անկարա համաձայնությունը բավարար չէ Սյունիքի կարգավիճակը փոխելու համար։ Այստեղ ոչ միայն Թեհրանն է, այլև հավաքական Արևմուտքը, որոնք ներգրավվել են այս պրոցեսներում։
- Ալիևի խոսքերին միջազգային հանրության կողմից՝ ո՛չ ՌԴ-ից, ո՛չ Արևմուտքից արձագանք չեղավ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
- Ալիևի պահանջները լուրջ չեն ընդունում և հասկանում են, որ սա թիրախի շուրջ բարենպաստ դաշտ ստեղծելու սադրանք է, ճնշում, իսկ թիրախը Զանգեզուրյան միջանցքն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։
- Նաև կխնդրեմ անդրադառնալ Ալիևի հայտարարություններին Հայաստանի արձագանքին. հնչեցին վարչապետի ու ԱԳ նախարարի մեկնաբանությունները։
- Բնականաբար, Բաքուն դժգոհ է հայկական կողմի արձագանքից։ Բաքվի պատասխանը գնդակը հայկական կիսադաշտ գլորելու փորձ է։
- Թուրքիայի ԱԳ նախարարն էլ հայտարարեց, թե «տարածաշրջանում կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման հնարավորությունների պատմական պատուհան է ստեղծվել», և որ իրենք ուս-ուսի շարժվում են Ադրբեջանի հետ։ Արդյոք Թուրքիային ձեռնտո՞ւ է տարածաշրջանում խաղաղությունը, և այս դեպքում արդյոք կստիպի՞ Ադրբեջանին գնալ դրան։
- Անկարայի հայտարարությունները խառն են և միանշանակ չեն։ «Մեկ ազգ երկու պետություն» բանաձևն ինչ որ տեղ զուտ կարգախոսային է։ Ալիևն ապակառուցողականությամբ է ամբաստանում Երևանին, մինչ Ֆիդանը հուսադրիչ է համարում պաշտոնական Երևանի մոտեցումները։ Անկարան սպասում է քաղաքական պահի։ Դա լինելու է Արևմուտքի պատվերով։ Որքան էլ փոխկապակցվեն պրոցեսները, Անկարային երբ հրահանգեն բացել սահմանը, նա չի կարող շարունակել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հետ փոխկապակցումը։ Սահմանի բացումից հետո կսկսվի արծարծվել և հարցականի տակ բերվել ռուսական ռազմաբազաների Հայաստանում գոյություն ունենալու հարցը։ Իսկ դա կղեկավարվի ուղղակի Վաշինգտոնից։ Արևմտյան հայացքով՝ ռուսական գործոնի դուրսմղումով պիտի ընկալել խաղաղության հաստատումը և դրան ընդառաջ կայանալիք համաձայնությունների բուն շարժառիթները։
Արման Գալոյան