Radar Armenia֊ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- Ինչպե՞ս եք գնահատում 2024 թիվն՝ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։
- Այս դեպքում միջինարևելյան հայեցակետով փորձեմ դիտարկում անել։ Պատերազմ Գազայում, Լիբանանում և իշխանափոխություն Սիրիայում․ պրոքսիներով հատկանշված համաշխարհային պատերազմի 21-րդ դարի այս տարբերակները գրանցվեցին միջինարևելյան այս հատվածներում։ Թվում է՝ Միջին Արևելքի քաղաքական քարտեզն է փոխվում․ շղթայական գործողությունների ընդհանուր պլան է, որը դեռ նվաճելի հանգրվաններ ունի։
- Որո՞նք էին Հայաստանի համար առանցքային նշանակության իրադարձությունները 2024թ․։
- Դարձյալ միջինարևելյան կտրվածքով՝ ՀՀ-արաբական երկրներ հարաբերությունների շարունակություն և այս ամենում առանձնացող Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Սաուդյան Արաբիան արաբական աշխարհում եղանակ ստեղծող պետություն է, իսկ հիմա արաբական աշխարհում և, հատկապես, սուննի զանգվածների ուղղությամբ ընթանում է սուր մրցակցություն Էր-Ռիադի և Անկարայի միջև՝ ազդեցության ոլորտներ ձևավորելու նպատակով։
- Ըստ էության, 2024-ին էլ Հայաստանն ու Ադրբեջանը չկարողացան հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ի՞նչ սպասել 2025-ին այս առնչությամբ։
- Բանակցությունները կշարունակվեն․ Ադրբեջանը կշարունակի նորացնել իր նախապայմանները։ Անկարայից է կախված Ադրբեջանի՝ դեպի համաձայնություն քայլ անելը։ Հիմա հակառակն է տեղի ունենում․ Ադրբեջանը տորպեդահարում է գործընթացը։ Հայ֊ադրբեջանական համաձայնություն կլինի, եթե Արևմուտքն ու Անկարան որոշեն գնալ ավելի հեռուները։ Այդ համաձայնությունը դուռ կբացի Հայաստան֊Թուրքիա սահմանի բացման և, ավելի ուշ, դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար։ Դրանից հետո կարծարծեն ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանում տեղակավայվելու անհրաժեշտությունը։ Սա երկար պլան է, որի գործնականացումը դեռևս չի երևում․ առնվազն պահը չի հասունացել։
- Ի՞նչ գլոբալ փոփոխութունների ականատես կլինենք 2025թ․, հատկապես՝ հունվարի 20-ից հետո։
- Չեմ կարծում՝ կտրուկ բեկումնային փոփոխություններ լինեն։ Թրամփը ոճային փոփոխություններով, կանգառներով, ինչ֊որ տեղ՝ սառեցումներով, մեծ հաշվով կշարունակի Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ ԱՄՆ֊ի հայտարարած տարաբնույթ պատերազմները։ Չինաստանի դեպքում՝ տնտեսական, Իրանի դեպքում «բանակցել֊հարվածել» կշռույթներով, իսկ ՌԴ֊ի դեմ՝ պատժամիցներով և ուկրաինական վայրիվերումներով։
- Ի՞նչ եք կարծում՝ աշխարհն ավելի շատ խաղաղությա՞ն, թե՞ պատերազմների ճանապարհով կգնա 2025-ին։
- Կարծում եմ՝ դեռևս կշարունակենք ականատես լինել լոկալացված, պրոքսի, տնտեսական և հիբրիդային ձևաչափերով պատերազմների։ Սա համաշխարհային պատերազմի՝ 21-րդ դարի ձևաչափն է։
Հայկ Մագոյան