Radar Armenia-ի զրուցակիցը իրանագետ Տիգրան Դավուդյանն է։
- Ինչպիսի՞ն էր 2024 թվականը հայ-իրանական հարաբերությունների իմաստով։
- Իմ կարծիքով՝ հայ-իրանական հարաբերությունները 2024թ․ ընթացքում զարգացել են նույն դրական հունով։ Դիվանագիտական մակարդակում շարունակվել են փոխայցերն ու խորհրդակցական հանդիպումները։ ՀՀ վարչապետն այս տարի երկու անգամ այցելեց Իրան. առաջինը նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցելու համար, երկրորդը՝ նոր նախագահ Փեզեշքյանի երդմնակալությանը մասնակցելու։ Փաշինյանը և Փեզեշքյանը այս տարի տարբեր միջազգային հարթակներում ևս միմյանց հետ հանդիպել են։ Սպասվում է նաև, որ մեր նոր դեսպան Գրիգոր Հակոբյանն աշխույժ գործունեություն կծավալի Իրանում և զարկ կտա քաղաքա-տնտեսական ու մշակութային հարաբերություններին։
- Որո՞նք եք համարում հայ-իրանական հարաբերություններում ամենամեծ ձեռքբերումը 2024-ի համար։
- Կարծում եմ՝ 2024 թվականի համար հայ-իրանական հարաբերություններում մեր ամենամեծ ձեռքբերումը Թեհրանի աննկուն կամքն ու հայտարարություններն են Հայաստանի հարավային սահմանն անփոփոխ մնալու կապակցությամբ։ Դա մեկ անգամ ևս շեշտակի կերպով կրկնվեց ՌԴ նախագահի՝ Բաքու այցից հետո։ Թեհրանի կտրուկ հայտարարությունները պատճառ դարձան, որ Մոսկվան չափավորի մինչ այդ արվող իր հայտարարությունը։ Տնտեսական ոլորտում մեծ ձեռքբերում է Հյուսիս-Հարավ ճանապարհի Մեղրի-Քաջարան թունելի կառուցման մեկնարկը, որը վստահվել է իրանցի գործարարներին։ Շարունակվում են նաև «էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց» ծրագրի և բարձրավոլտ ցանցի միացման աշխատանքները։ Աշխույժ է դեպի Հայաստան և դեպի Եվրասիական տնտեսական միություն առևտրա֊տնտեսական կապը։
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ բացթողումներ ու առաջնահերթ կարգավորվող հարցեր կան Հայաստան-Իրան հարաբերություններում։
- Իմ կարծիքով՝ Հայաստանի և Իրանի գործարարները բանկային գործարքների և վալյուտային անարգել փոխանցման հարցում սպասողական վիճակի մեջ են։ Դա մասամբ կախված է ԱՄՆ նոր վարչակարգից ակնկալվող քաղաքականությունից և Իրանի պատրաստակամությունից։ Իրանը պետք է ընդունի FATF-ի` միջազգային բանկային գործարքների թափանցիկության և հաշվետվության պայմանները և հրաժարվի իր նկրտումներից, որպեսզի վերանան սեղմող պատժամիջոցները։ Հուսով եմ՝ հաջորդ տարի կկարգավորվեն այդ առաջնահերթ խնդիրները։ Դա նաև խթան կհանդիսանա, որ զարգանան մեր տնտեսական կապերը։
-Ինչպե՞ս կզարգանան հայ-իրական հարաբերությունները 2025 թվականին։
- Բնականաբար, մենք փորձում ենք Իրանի հետ մեր բարիդրացիական հարաբերությունները զերծ պահել երրորդ երկրների ազդեցությունից, բայց, կարծում եմ, միջազգային համակեցության պայմաններում դա այնքան էլ ռեալ չէ։ Հուսամ՝ ԱՄՆ նոր նախագահի գալով կողմերը կհաջողեն լուծել իրենց տարաձայնությունները, այլապես Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում մեր տնտեսության վրա։ Մենք կշահենք, եթե Իրանն ու ԱՄՆ-ն կարգավորեն իրենց հարաբերությունները։
Հայկ Մագոյան