Radar Armenia-ի զրուցակիցը Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն է։
- 2024 թվականը արդյոք Հայաստանի համար ձեռքբերումների և հաջողությունների տարի կարելի է համարել։
- Չեմ հիշում՝ ով, բայց հայտնիներից մեկն ասել է, որ իր համար հաջողություն է յուրաքանչյուր ապրած տարին: Հայաստանի վիճակում երկրի համար անցնցում տարին արդեն իսկ հաջողություն է:
-Ինչ առանցքային հաջողություններ արձանագրե՞ց Հայաստանը 2024-ին։
- Հարաբերական խաղաղությունը նաև Հայաստանի ջանքերի արդյունք է:
- Ի՞նչ բացթողումներ ունեցանք 2024-ին, որոնք կարող էին և չլինել։
- Տարեվերջին իշխող ուժի ներքին տարաձայնությունների բացահայտումը լրջագույն խնդիր է՝ անկախ նրա նկատմամբ մեր վերաբերմունքից: Պետք է հուսալ, որ այդ փուլը կհաղթահարվի: Հակառակ դեպքում Հայաստանը կարող է պետական արդյունավետ կառավարման մարտահրավերի բախվել:
- Ադրբեջանի նախագահը շարունակում է Հայաստանին մեղադրել զինվելու մեջ։ Այս ֆոնին որքանո՞վ է հավանական, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի 2025-ին։
-Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, որպես այդպիսին, կարծում եմ, կստորագրվի Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո:
-Ի՞նչ ակնկալիքներ ու սպասելիքներ ունեք 2025-ից։ Արդյոք աշխարհաքաղաքական զարգացումները հույս են ներշնչում, որ աշխարհը խաղաղության է ձգտում։
- Ցավոք՝ ոչ: Աշխարհում ամեն օր պատերազմ է: Բացառված չէ, որ եկող տարի պատերազմ բռնկվի նաև Մերձավոր Արևելքում՝ լայնածավալ պատերազմ: Կուզեի սխալված լինել, բայց միտումներն ամենևին էլ պացիֆիստական չեն:
- 2025-ին ինչպիսի՞ տրանֆորմացիաներ կարող են լինել Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ հաշվի առնելով 2024-ի՝ իշխանություն-ընդդիմություն «հարաբերությունները»։
- Հայաստանում, դժբախտաբար, ընդդիմությունը քաղաքական չէ: Եթե որևէ ուժի կամ մի քանի ուժի համախմբմամբ հաջողվի ձևավորել այլընտրանքի գաղափար, Հայաստանը հեռանկար կունենա:
Հայկ Մագոյան