Radar Armenia-ի զրուցակիցը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանն է։
-Ինչպե՞ս եք գնահատում անցնող 2024 թվականը Հայաստանի համար։ Ո՞րն եք համարում այս տարվա ամենակարևոր ձեռքբերումն ու ամենամեծ բացթողումը։
-2024-ը դժվար ու հակասական տարի էր ամբողջ աշխարհում: Ցավոք, շարունակվեցին հին պատերազմները, ավելացան նորերը Մեծ Մերձավոր Արևելքում: Խաղաղությունն, իբրև բարձրագույն արժեք և բարեկեցության նախադրյալ, համաշխարհային ընկալում դեռ չունի:
Հայաստանի համար 2024-ը, փառք Աստծո, խաղաղության տարի էր, գերկարևորը դա է, բայց տարածաշրջանը մնում է «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» կարգավիճակում, որը մեզ պարտադրում է նախևառաջ անվտանգության ապահովում: Անվտանգությունը միայն բանակը չէ: Անվտանգությունը համակարգ է, որի բաղադրիչները հավասարապես կարևոր են և փոխլրացնող: 2024-ին պաշտպանության նախարարությունը վերջապես քննարկման դրեց բանակի կերպափոխման հայեցակարգը: Կարծում եմ՝ փաստաթուղթը լրամշակումից հետո կարող է հիմք դառնալ անհրաժեշտ ու անխուսափելի փոփոխությունների համար, եթե լինի քաղաքական կամք:
Անվտանգության համակարգի հիմքում են թե արտաքին քաղաքականությունը, թե կրթությունը, թե ժողովրդագրությունը, թե ներքաղաքական մթնոլորտը, ամենակարևորը՝ տնտեսության զարգացումը: 2024-ին էլ տնտեսությունը մնաց աքիլեսյան գարշապարը: Տնտեսության դիվերսիֆիկացիայի ձախողումը՝ միայն շինարարության, սպասարկման ոլորտի, զբոսաշրջության շարունակական շեշտադրումը, Հայաստանում ռուսական մոնոպոլիաների գոյությունը, մրցունակ ապրանքներ արտադրող արդյունաբերության չգոյությունը ինչպես 2024-ի, այնպես էլ 2018-24-ի ձախողումն է: Ամենակարևոր ձեռքբերումը ԵՄ անդամակցության գործընթացն սկսելու համար ԱԺ-ին օրինագծի ներկայացումն է՝ 50 հզ․ և ավելի քաղաքացիների ստորագրությամբ: Դա ոչ միայն մի քանի կուսակցության ու քաղհասարակության նախաձեռնություն է, այլև իշխանության՝ հիմք ընդունելով հանրության տեսակետը, քաղաքակրթական ու քաղաքական անհրաժեշտ ու անխուսափելի ընտրությունը օր առաջ կատարելու հնարավորության ընձեռում, որ նպատակային աշխատանքի դեպքում Հայաստանի համար ապահովելու է դիմադրունակության մեծացում, ռազմական, քաղաքական, տնտեսական, կրթական, էներգետիկ, ժողովրդագրական անվտանգություն և զարգացման հեռանկարներ:
-Ի՞նչ սպասելիքներ և ակնկալիքներ ունեք 2025 թ. Հայաստանի համար։
-Դեռ 20-րդ դարավերջից ու 21-րդ դարասկզբին փոխվում է համաշխարհային անվտանգային ճարտարապետությունը: Տեկտոնիկ փոփոխությունների ու տուրբուլենտության մեր ժամանակաշրջանում Հայաստանի խնդիրը մնում է նույնը՝ իբրև ինքնիշխան պետություն ինքնապահպանությունը ու զարգացումը: «Հանրապետություն» կուսակցությունը այդ ճանապարհի անհրաժեշտ քայլ է համարում ինքնորոշումը և զարգացումը, որի հնարավորությունները տալիս է Արևմուտքի հետ համագործակցությունը: 2020-ը և հաջորդած իրադարձություններն ապացուցեցին, որ մեզ պետք են իրական դաշնակիցներ՝ շահերի համընկնումով, և այդ իրական դաշնակիցների հետ պետք է ունենալ համագործակցության իրավապայմանագրային բազա, իմա՝ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային համագործակցության համաձայնագրեր ու քաղաքական կամք՝ այդ համաձայնագրերը կյանքի կոչելու: Միմիայն իրական բարեկամների ու դաշնակիցների աջակցությամբ է, որ 2020-ից հետո Հայաստանի դեմ պատերազմ չի սկսվել:
Հուսանք՝ 2025-ը ևս կանցնի խաղաղ, և ոչ միայն նոր ագրեսիաներ չեն լինի, այլև՝ վերջապես Հայաստանը կհրաժարվի վտանգավոր ու ռիսկային հավասարակշռված քաղաքականությունից ու քաղաքակրթական ընտրություն կկատարի հօգուտ զարգացման, վերջապես դուրս կգա ՀԱՊԿ-ից, որ ստեղծման օրից եղել է ոչ թե ռազմաքաղաքական դաշինք, այլ՝ Ռուսաստանի զսպաշապիկը անդամ պետությունների համար, որ կաշկանդված լինեն այլ տարբերակներով իրենց անվտանգությունը ապահովելու՝ ՆԱՏՕ-ին անդամակցության կամ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ասիական պետությունների հետ ռազմաքաղաքական դաշինքներ կնքելու, իրենց բանակները մարտունակ ու ռազմունակ դարձնելու, ժամանակակից զենքերով զինելու ու 21-րդ դարի պատերազմներ վարելու ռազմավարությամբ առաջնորդվելու տեսքով: ՀԱՊԿ-ն էլ, ԵԱՏՄ-ն էլ հավասարապես եղել են ու կան այն զսպաշապիկները, որոնցով ՌԴ-ն տասնամյակներ շարունակ կաշկանդում է անդամ պետություններում որևէ զարգացում ու փոփոխություն՝ իր ազդեցության գոտում պահելու համար: Եթե մենք ուզում ենք ինքնիշխանության մակարդակի բարձրացում, իրական տնտեսություն՝ նոր տեխնոլոգիաների ու ներդրումների ներհոսք, տնտեսության կառուցվածքի փոփոխություն, պետք է գործուն նախադրյալներ ստեղծենք ԵԱՏՄ-ից հեռանալու, որը նույնքան քաղաքական ու ոչ տնտեսական կառույց է, որքան ՀԱՊԿ-ը:
-Աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը։
-Աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությունն ու ուղղությունը հասկանալը շատ կարևոր է, բայց գերկարևոր է ցանկացած զարգացման դեպքում ունենալ ծրագիր, իսկ դրա համար վաղուց պետք է Հայաստանում ստեղծված լիներ աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոն, որտեղ կհավաքվեր ու կվերլուծվեր համաշխարհային զարգացումներին վերաբերող տեղեկատվությունը՝ հասկանալու ռիսկերն ու հնարավորությունները և առավել նպատակային արտաքին ու ներքին քաղաքականություն կառուցելու: 21-րդ դարը փոխել է և պատերազմների բնույթը, դե ֆակտո հիբրիդային պատերազմները սկսվում ու չեն ավարտվում: Հայաստանը ոչ միայն պետք է պաշտպանվի այդ պատերազմներից, այլև ինքն էլ օգտագործի հիբրիդային պատերազմի գործիքները իր շահերի պաշտպանության համար: Սա ոչ միայն հնարավոր, այլև անհրաժեշտ է: Եվ կան բոլոր նախադրյալները, որ 2025-ը Հայաստանի համար լինի հնարավորությունների ու հաջողության տարի, եթե կառավարվեն ռիսկերը ու կատարվեն ճիշտ, նպատակամետ քայլեր, ու լինի քաղաքական կամք:
2026-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող տարի լինելով՝ 2025-ը անցնելու է նաև իշխանության պոպուլիստական քայլերի ու որոշումների ուղենիշով: Հուսանք, որ թեկուզ պոպուլիզմի դրոշի տակ՝ կկարևորվի իրական տնտեսության զարգացումը, կկատարվեն կառավարության կառուցվածքային փոփոխություններ, վերջապես արդյունաբերությունը կվերագործարկվի, նոր աշխատատեղեր կստեղծվեն, ու միջին վիճակագրական հայի կենսամակարդակի փոփոխությունը կկանխի արտագաղթն ու կնպաստի ժողովրդագրական բարենպաստ պատկերի ձևավորմանը՝ ածանցյալ արդյունքներով: Մեր գերխնդիրը ինքնիշխանության ամրապնդումն է լինելու դեռ երկար տարիներ, բայց այդ գործընթացը չի կարող հատվածական լինել․ պետք է ծրագիր ու ծրագրի իրականացման հստակ մեխանիզմ՝ ճշգրիտ ժամանակացույցով: Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է վերականգնել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը ու կասեցնել պատերազմի վտանգը, որ որևէ համաձայնագիր չի երաշխավորելու: Մեզ ժամ առաջ պետք է ուղենշային ընտրություն կատարել՝ հօգուտ անվտանգության ու զարգացման։ «Ոչ խաղաղություն, ոչ պատերազմի» կարգավիճակը իր ածանցյալներով 2020-ին հանգեցրեց պարտության, եկել է արդեն փոփոխությունների ու հաղթանակների ժամանակը: Մենք մեր զավակներին ապահով, անվտանգ ու հեռանկարային պետություն պետք է ժառանգենք, որ, ցավոք, չենք ստացել ոչ մեր պապերից, ոչ մեր հայրերից:
Հայկ Մագոյան