Radar Armenia-ի զրուցակիցը հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն է
- Հայաստանի համար ինչպիսի՞ տարի էր 2024 թվականը։
- Բաց թողնված հնարավորությունների տարի էր, թեև կարող էր ավելի լավը լինել։
- Ի՞նչն եք համարում քաղաքական առումով Հայաստանի համար առանցքային հաջողությունը 2024-ին։
- Հայաստանի համար, ցավոք, առանցքային քաղաքական հաջողություն անձամբ չեմ տեսնել, և այդ ֆոնին հաջողություն կարող է նկատվել այն փոքրիկ երևույթը, որ եվրոպացի դիտորդներն այնուամենայնիվ մնացին Հայաստանում։
- Հաշվի առնելով Ալիևի վերջին հայտարարությունները, թե զենքը, որը Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական մահաբեր սպառազինություն է, արդյո՞ք հույս են ներշնչում, որ Ադրբեջանը ցանկանում է գնալ խաղաղության ճանապարհով։
- Առաջին՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի ցանկությունը ոչինչ չարժե համաշխարհային այս թոհուբոհի մեջ։ Երկրորդ՝ եթե Ադրբեջանի համար ինքնուրույն խաղալու թեկուզ փոքրիկ հնարավորություն առաջանա, վստահ եմ, Ալիևը չի վարանի մեր հաշվին նոր հաջողություն գրանցել։ Հիշենք, Ալիևը ԿԳԲ-շնիկ գեներալի ու խորհրդային պոլիտբյուրոյի անդամի պալատում է մեծացել, դիպլոմ ստացել ռուսական МГИМО-ում, դասախոսել այնտեղ, որպես նավթային արքայորդի՝ ապրել Լոնդոնում։ Ըստ այսմ՝ մենք գործ ունենք ոչ թե վարչապետի ասած՝ «կիրթ, նորմալ, դրական» մեկի հետ, այլ իր հնարավորությունը երբեք բաց չթողնելու ունակ արևելյան շնագայլի հետ, որը Ձեր նշած հայտարարություններով առայժմ միայն քաղաքական և քարոզչական հիմքեր է ստեղծում։
- Ինչպիսի՞ն կլինի 2025 թ.-ը Հայաստանի համար՝ հաշվի առնելով 2024-ի աշխարհաքաղաքական զարգացումները, Թրամփի վերադարձը և Ադրբեջանից հնչող հակասական հայտարարությունները։
- Բավականին բարդ և վտանգավոր տարի է սպասվում, որի հանգույցներում չխճողվելու համար պետք կլինի նվազ նյութապաշտ և նվազ գավառամիտ լինել։
- Ի՞նչ եք կարծում, աշխարհը 2025-ին ավելի խաղաղ կլինի՞, քան 2024-ին էր, թե պատերազմները կշարունակվեն և նորերը կծագեն։
- Որոշ հակամարտություններ կսառեցվեն, սակայն շատերը կծագեն։ Մերձավոր Արևելքի պատերազմը կլինի դրանցից ամենազարհուրելին, որը մեր դռան հենց շեմին է։
- Ի՞նչ եք մաղթում հայերին ու Հայաստանին 2025-ին։
- Հայն էլ, Հայաստանն էլ ես եմ և իմ ցեղին ու Հայրենիքին մաղթում եմ զգոնություն, ներազգային անկեղծություն, խիզախություն, ստրուկի հոգեբանության թոթափում։
Հայկ Մագոյան