Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- Ալիևը հայտարարեց, որ այն զենքը, որ Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական, մահաբեր սպառազինություն է, որը գործնական վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար, և չեն կարող անտարբեր լինել։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Ալիևի խոսքերը, սա նոր պատերազմ սկսելու նախերգանք չէ՞։
- Ալիևը գիտակցում է, որ Երևանն աշխատում է վերականգնել ուժերի հավասարակշռությունը ու հաղթական դիրքերից ուզում է ստանալ առավելագույնը՝ իմանալով, որ իրավիճակի և հանգամանքների փոփոխության դեպքում կացությունը կարող է շրջվել։ Սա անվերջ նորացվող նախապայմաններից մեկն է պարզապես։
- Ի հակադրություն Ալիևի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որ գործնականում կփարատի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի մտահոգությունները: Արդյոք միայն խաղաղության պայմանագիր ստորագրելով հնարավոր կլինի խաղաղություն հաստատել տարածաշրջանում։
- Խաղաղություն հաստատելու միակ գրավականը ուժերի բալանսի վերականգնումն է։ Մանավանդ, երբ հարևան-թշնամին խոսում է միայն պատերազմի սպառնալիքից, տորպեդահարում համաձայնության գործընթացը և անվերջ նոր նախապայմաններ առաջ քաշում։ Ադրբեջանը խաղաղության կձգտի միայն այն դեպքում, երբ ըմբռնի, որ հարձակման դեպքում ծանր հակահարված կստանա։
- Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կողմերը խոստովանել են, որ Ուկրաինայում հակամարտությունը «չափազանց երկար» տևեց, և խաղաղության ճանապարհ գտնելու ժամանակն է։ Ինչ եք կարծում՝ մո՞տ է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը։
- Դեռևս պարզ չէ։ Խոսում են հրադադարից, բայց այն չի ստացվում այս կամ այն կողմի մերժման պատճառով։ Չկա կոնսենսուս ոչ միայն հակամարտող կողմերի միջև, այլև ընդհանրապես ներգրավված երկրների։ Երեք ուղղությամբ ԱՄՆ-ն պայքարում է՝ Իրան, Ռուասաստան և Չինաստան, նշելու համար հիմնականները։ Իրանի հետ գնում է «հարված-բանակցություն» գործընթաց, Չինաստանի հետ տնտեսական պատերազմի կանոններն են աշխատում, իսկ ՌԴ-ի ուղղությամբ առայժմ սաստկանում են գործողությունները։ Այս երեք ուղղություններով կլինեն վայրիվերումներ, սակայն միտումները կպահպանվեն։ Բեկումնային կտրուկ փոփոխություններ դեռևս տեսանելի չեն։
- Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը կխոսի Զելենսկու հետ, եթե նա գնա ընտրությունների և լեգիտիմություն ստանա: Ինչ է ստացվում՝ Պուտինը կարծում է, որ Զելենսկին կպարտվի՞, եթե Ուկրաինայում ընտրություններում լինեն։ Ձեր կարծիքով՝ ընտրությունների պարագայում Զելենսկին հաղթելու շանսեր ունի՞։
- Պատերազմական պայմաններում ընտրություններ անցկացնելը հարցականներ է ստեղծում։ Եթե հրադադարից հետո լինեն, դա կախված կլինի արդյունքներից, ավելի ճիշտ՝ ուկրաինական հասարակության գնահատականներից։ Ուկրաինայում հակառուսականությունը իր գագաթին է հասել, իսկ այս առումով Զելենսկին ընկալվում է գլխավոր հակառուսը։։
- Զելենսկին էլ, անդրադառնալով Պուտինի հայտարարություններին, նշել է, որ ոչ մի զինադադար չի լինի, քանի դեռ Ուկրաինան անվտանգության երաշխիքներ և ամուր դիրքեր չունի։ Ի՞նչ նկատի ունի անվտանգության երաշխիքներ ասելով և ի՞նչ է ակնարկում։
- Անվտանգության երաշխիքը Արևմուտքի կողմից ՌԴ-ին զսպիչ նոր գործիքակազմեր է նշանակում՝ հիմնականում ֆինանսական և ռազմական օժանդակության տեսքերով։ Իսկ քաղաքական առումով՝ գուցե օտարազգի ուժերի տեղակայում Ուկրաինայի և ՌԴ սահմանների միջև։ Այս բոլորի ենթաուղերձը նաև այն է, որ միջազգային ընտանիքը սաստկացնի պատժամիջոցները Մոսկվայի դեմ։ Սրանք հրադադարի համաձայնելու Կիևի նախապայմաններն են։
Հայկ Մագոյան