Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն, անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին, նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի գործոն չկա։ Այս հայտարարություններն արդյոք նվազեցնում են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հավանականությունը Հայաստանի նկատմամբ։
- Ադրբեջանը հակասական հայտարարություններ միշտ է անում և իր սովորությունն է՝ մեկ ձեռքով բանակցել, մյուս ձեռքով կրակել։ Ճիշտ է՝ հիմա չի կրակում, բայց տորպեդահարում է գործընթացը։ Սա, կարծում եմ, պայմանավորված է Ֆիդանի վերջին հայտարարության հետ, որ Հարավային Կովկասում «հույսի շող է հայտնվել»։
- Մյուս կողմից, Ադրբեջանը շարունակում է խոսել Հայաստանի սահմանադրության մասին, իբր այնտեղ Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներ կան։ Երկակի ստանդարտներով խոսող Ադրբեջանն ո՞ւր է իրականում տանում խաղաղության գործընթացը։
- Այո, երկակի, ես կասեի՝ բազմակի ստանդարտներով է խոսում։ Սահմանադրությունը, կարծում եմ, ավելի պատրվակային բնույթ ունի Բաքվի համար․ բուն ինտրիգը, հանգուցակետը միջանցքի խնդիրն է։ Թուրք-ադրբեջանական տանդեմը սրանով է պայմանավորում խաղաղության գործընթացը՝ խոսելով ամբողջ տարածաշրջանի ապշրջափակման եւ տարածաշրջանի խաղաղության մասին։ Ուզում են ասել, որ միջանցքը հիմնական լուծում կբերի խնդիրներին։ Սա վերածվել է նախապայմանային քաղաքականության, դրա համար էլ մնացած հայտարարություններն այնքան էլ էական նշանակություն չունեն։ Միջանցքից բացի, մյուս խնդիրները ածանցյալ կարգավիճակ ունեն։
- Ադրբեջանի փոխարտգործնախարարն էլ հայտարարեց, որ խաղաղության հասնելու խոչընդոտներից մեկն էլ այն է, որ հայկական պատվիրակության անդամները բանակցային սեղանի շուրջ հանդես են գալիս տարբեր դիրքերից։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը․ ի՞նչ նկատի ունի Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը։
- Առանց փակագծերը բացելու «տարբեր դիրքորոշումներ» ասելով՝ Բաքուն ակնարկում է միջանցքի մասին Երևանից հնչած տարբեր պատկերացումների մասին, այդ թվում, ճանապարհների անվտանգությունը վերահսկելու գործառույթը մասնավոր օտար կազմակերպությանը հանձնելու շուրջ։ Հիմնականում երկու խոչընդոտ են առաջ քաշում, մեկը՝ սահմանադրությունը, երկրորդը՝ միջանցքի մասին հայկական կողմի դիրքորոշումը։
- Ի վերջո, խաղաղության հասնելու հնարավորություն տեսնու՞մ եք․ ո՞ր պարագայում Ադրբեջանը կգնա պայմանագրի ստորագրմանը։
- Կարծում եմ՝ Ադրբեջանը միայն Անկարայի ճնշման տակ կգնա խաղաղության։ Անկարան դեռևս այդ եզրակացության չի հանգել․ պայմանականացնում է Երևանի հետ իր բանակցությունները Երեւան-Բաքու համաձայնության հետ։ Երբ պահը գա, կշրջվեն դերերը, և Անկարան ի՛նքը կպատվիրի Բաքվին՝ վարվել այնպես, ինչպես ինքն է որոշել։ Եթե Արևմուտքը որոշի, որ ավելի թափով պիտի աշխատեն ռուսական գործոնի դուրսմղման ուղղությամբ, ապա Սյունիքի ճանապարհները կաշխատեն առանց ռուսական վերահսկողության։ Այդ դեպքում կմնա ճշտել վերահսկողական ծառայության բաղադրիչը։ Ավելի հեռահար, Ադրբեջանի հետ համաձայնությանը հետևելու է Թուրքիայի հետ սահմանի բացումը։ Սահմանի բացումից հետո կսկսվեն արծարծվել ռուսական ռազմակայանի անհրաժեշտության շուրջ հարցականները։
Տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը պետք է դիտարկել ռուսական գործոնի դուրսմղման գործողությունների դանդաղեցման, առկախման կամ թափ հավաքելու կշիռների պարունակում։ Այս միտումների ազդեցություններն են, որ գրանցվելու են Հայաստանի հետ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում։
Հայկ Մագոյան