Radar Armenia-ի զրուցակիցը ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանն է։
- Ինչպե՞ս եք մեկնաբանում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հայտարարությունը, որ 1 ամսով կասեցնում է մասնակցությանը ՔՊ խմբակցությանը՝ մինչև քննարկեն Ձեզ հետ կապված հարցերը։
- Հիմա կարող եմ գնահատական տալ իմ լսածին։ Պարոն Ասլանյանի հետ դեռ չեմ զրուցել այդ թեմայով, որպեսզի կարողանամ ավելի խորքային բաներ ասել։ Հայտարարություն է արել պարոն Ասլանյանը, որը հսկայական կյանքի փորձ ունի տարբեր ֆրոնտներում։ Ճանապարհ է անցել։ Հետևաբար, նա ինչ-որ խնդիրներ է տեսել, անհանգստացել իր ընկերոջ՝ ինձ հետ կապված, իր թիմի՝ ՔՊ-ի հետ կապված, և փորձում է իրավիճակ ստեղծել, որպեսզի իր ընկերը բացատրություն տա, և դրա արդյունքում մյուսների ներկայությամբ համոզվի իմ պահվածքի ու ոչ շատ դատապարտելի արարքների մեջ։
- Այսինքն, այս թեմայի շուրջ պարոն Ասլանյանի հետ նախապես քննարկում չե՞ք ունեցել։
-Չէ, չէ։ Այդ իսկ պատճառով չեմ կարող ասել՝ որն է նրա նպատակը։
- Հնարավո՞ր է՝ Ասլանյանին ևս խմբակցությունը «չների» և նրան էլ հեռացնի։
- Ինչ ասեմ՝ չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև ես խմբակցության որոշումների վրա զրոյական ազդեցություն ունեմ։
- Գիտե՞ք՝ ինչու եմ հարցնում, որովհետև Դուք և պարոն Ասլանյանը միշտ աջակցել եք խմբակցության վարած քաղաքականությունը...
- Պարոն Ասլանյանի փոխարեն չխոսեմ։ Մինչև իմ՝ խմբակցությունից դուրս գալու պահը ես ամեն ինչից տեղյակ եմ եղել և իմ չափով պատասխանատու եմ։ Ուղղակի յուրաքանչյուրն ունի աշխատելու իր ոճը, յուրաքանչյուրն ունի մոտեցումների իր ձևը, հետևաբար, կարծում եմ՝ նույն էլ արել է պարոն Ասլանյանը։ Այնպես չի, որ պետք է ջնջեմ անցյալը։ Իհարկե, չէ։
- Դուք դիմել եք դատախազություն, որ Ձեր անձնական նամակագրությունը հայտնվել է երրորդ անձի մոտ։ Ի՞նչ սպասելիքներ ունեք դատախազությունից։
- Կարծում եմ՝ դատախազությունը օրենքով սահմանված ընթացակարգով քննություն պետք է իրականացնի։
- Դատախազությունը Ձեր կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկ ել է հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։ Ի՞նչ եք պատրաստվում անել այս առնչությամբ։
- Դատախազությունը չէր կարող այդ քայլը չանել, որովհետև հրապարակավ այդ կապակցությամբ հաղորդում է եղել, և դատախազությունը, որպես սահմանադրությամբ և օրենքներով օժտված կառույց, պարտավոր էր այդ քայլն անել։ Կարող եմ ասել, որ պետական գաղտնիության ինֆորմացիայի կրող չեմ եղել, երբևէ չեմ դիմել այս կամ այն կառույցին՝ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի հետ ծանոթանալու համար։ Թող քննությունը պարզի՝ ինչն ինչոց է։
Հայկ Մագոյան