Սիրիայում Բաշար Ասադի իշխանության անկման, այդ իրադարձությունների պատճառների և տարածաշրջանի վրա ազդեցության մասին Radar Armenia-ն զրուցել է միջազգայնագետ Շահան Գանտահարյանի հետ։
- Ինչպե՞ս կմեկնաբանեք Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները. սա իշխանափոխությո՞ւն էր, թե՞ հեղաշրջում։
- Սիրիայի դեպքերն, ընդհանուր հայացքով, կարող ենք բանաձևել Աստանայի համաձայնության չեղարկում, ընդ որում, երեք երկրների ինչ-որ պայմանավորվածությամբ։ Ասադի վարչակարգը հենվում էր ռուսական և իրանական հենասյուների վրա։ Լիբանանում հրադադարից ժամեր անց գրոհն սկսվեց։ Իրանական հենակետերը՝ «Հզբոլլահի» ուժերով դրսևորված, հեռացան դիրքերից։ Ռուսական օդուժը սահմանափակ աջակցումից հետո դադարեցրեց գործողությունները։ Գործող վարչակարգը չէր կարող շարունակել իր գոյությունը։ Կարծում եմ՝ Լիբանան-Սիրիա և, ընդհանրապես, տարածաշրջանային կետերում ընթանում են փոխկապակցված գործողություններ, իրավիճակային կտրուկ փոփոխություններ, որոնք խոսում են տարածաշրջանում քաղաքական նոր քարտեզագծման մասին։
- Ինչո՞ւ Բաշար Ասադը զիջեց իշխանությունը՝ հեռանալով երկրից։ Կա՞ր այլընտրանք, ըստ Ձեզ։
- Կարծում եմ՝ չուներ այլընտրանք։ Նախկին իրավիճակներում, երբ Մոսկվան ակտիվ ներգրավված էր վարչակարգի պահպանմանը, անգամ եթե ուզեր հրաժարական տալ, չէին թողնելու։ Հիմա էլ պատվիրել են հեռանալ։ Վերջին շրջանում շատ պարզ էր ամբողջական կախյալությունը, հատկապես՝ ՌԴ-ից ։
- Իշխանությունից Ասադի հեռացումն այլևս անշրջելի՞ իրողություն է, թե՞ հնարավոր է վերադարձ։
- Ներկա պահին, կարծում եմ, դժվար է նման սցենար պատկերացնելը։ Մանավանդ, որ ծովեզրյա Սիրիան, որը համարվում էր ռուսական տիրույթ, գտնվում է նոր ուժերի վերահսկողության տակ։ Ռուսական ռազմանավերը հեռացել են նախկին դիրքերից։
- Ասադին պաշտպանում էր ՌԴ-ն, ընդդիմադիրներին՝ Թուրքիան։ Արդյո՞ք վերջին պահին Ռուսաստանը չցանկացավ պաշտպանել Ասադին՝ զիջելով Սիրիան Թուրքիային։ Եվ, այս համատեքստում, տեղի ունեցածը պայմանավորվա՞ծ խաղ էր, թե՞ ոչ։
- Գործարքը որոշակիորեն տեսանելի էր։ Էրդողանի հայտարարությունը ուղղակի դիտարժան է։ Դամասկոսը չընդառաջեց երկխոսության՝ Անկարայի դիմումին, և պատահեց այն, ինչ պատահեց։ Նա ասաց, որ Իդլիբից, Համայից և Հոմսից հետո վախճանական նպատակն է Դամասկոսը և հույս հայտնեց, որ այս երթի ընթացքում չեն լինի անցանկալի դեպքեր։ Սա ուղերձ էր նաև Աստանայի իր մյուս գործընկերներին, որ չզորակցեն։ Իրանը պարզ դարձրեց, որ անջատվել է Լիբանան-Սիրիա դիմադրության ցանցային կապը իսրայելյան հարձակումներից հետո, իսկ Մոսկվան նույն պարզությամբ ասաց, որ սիրիական ուժերը լքում են դիրքերը, և իրենք չեն պատրաստվում պատերազմել նրանց փոխարեն։
Գործողությունների արդյունքն այն է, որ Իսրայելի և Թուրքիայի շահերը համընկնում են՝ հակառակ Անկարա-Թել Ավիվ հռետորաբանական պատերազմին։ Այստեղ հանգուցային կետը քրդական գործոնն է։ Եթե Սիրիայի ուժերը գրոհեն քրդական ուժերի դեմ և նպաստեն առաջադրված անվտանգության գոտու ստեղծմանը, դա նշանակում է, որ Իսրայելը պարզապես հերթական անգամ շահագործել է քրդերին և պայմանավորվել Թուրքիայի հետ։ Ալավի-շիա գործոնի չեզոքացումը բխում է թե՛ Անկարայի, թե՛ Թել Ավիվի շահերից, ինչն իրականացվում է շատ արագ։
- Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել, եթե հաշվի առնենք, որ Իսրայելն էլ որոշակի գործողությունների է դիմել։
- Լիբանանի, Սիրիայի տեսքով, սակայն, ըստ էության, գլոբալ դիտարկումով պիտի նկատել, որ Իրանի պրոկսիները թուլանում են։ Նախապես ահաբեկչական դասակարգված խմբավորումները մարտավարական վերափոխումներով նոր հայեցակարգերով են հանդես գալիս և նոր առաջադրանքներ հնչեցնում։ Անգամ ներիսլամական անհանդուրժողականությամբ աչքի ընկնող գործողություններ իրականացնող խմբավորումները հիմա խոսում են տարբեր կրոնների հետևորդ ժողովուրդների խաղաղ գոյակցության մասին։ Ահաբեկչական և հակաահաբեկչական դաշտերը նոր աշխարհակարգի ճամբարներ էին, հիմա խաղաթղթերը խառնվում են։ Արդյունքն այն է, որ այս ուժերը աշխատել են չեզոքացնել շիա դավանանքի հետևորդ ուժերի հենակետերը և կոտրել նրանց ցանցային կառույցը։ Տարածաշրջանը Սուննիստանի և Շիիստանի բաժանելու այս ծրագիրն աշխատում է։ Ահաբեկչական խմբավորումների վերափոխումը այժմ ևս միջոց է ազդեցության դաշտերի վերագծման, ինչպես ահաբեկչական խմբավորումների աշխուժացումը կրոնական ծայրահեղության քողի տակ միջոց էր այս ծրագրի մեկնարկին։
- Եվ, վերջապես, տեղի ունեցածը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեր տարածաշրջանի վրա։
- Միջին Արևելքում Իսրայելի ձեռք բերած առավելությունները կարող են խանդավառել նրա դաշնակից Բաքվին։ Էրդողանի զգուշացումը, որ Սիրիայի դեպքերն այս կերպն ստացան, որովհետև Դամասկոսը չընդառաջեց երկխոսության՝ Անկարայի կոչին, կարող է ընկալվել այլ ուղղության վրա ևս։ Խոսքը Ադրբեջանի հետ համաձայնության պայմանագիրը կնքելու հորդորն է։ Ահա այստեղ, դարձյալ, հանգույցը Նախիջևան-Ադրբեջան կապի տրամադրումն է։ Իրանի դիրքերի լքումը Սիրիայում կարող է մտաբերել նաև այս ուղղության վրա դիրքորոշման փոփոխություն։ Այստեղ վերջին խոսքն ասողը կմնա Արևմուտքը։ Խնդիրն այն է, թե առանց միջանցքի կարգավիճակի՝ ինչպես պետք է լուծել հաղորդուղիների ապաշրջափակման հարցը։ Պատահական չէ, որ Թուրքիայից և Ադրբեջանից վերստին ակտիվացրին միջանցքի պահանջը Միջին Արևելյան զարգացումների նախաշեմին։
Արման Գալոյան