Radar Armenia-ի զրուցակիցը «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու անդամ Հայկ Գրիգորյանն է։
- Դուք չեք միացել Հայկ Մարությանի ստորագրահավաքին, նաև Ձեր վերջին հարցազրույցում նշել եք, որ նրա նախաձեռնությունը բարոյական հետևանքների կարող է հանգեցնել, բայց՝ ոչ իրավական։ Այդ դեպքում ինչո՞ւ են իրենք նման բան անում։
- Ես ասել եմ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» այն ուժը չի, որը պետք է քաղաքացիների ստորագրությունը հիմք ընդունի, որովհետև այդ մարդիկ չեն շարժվում ժողովրդավարության չափանիշներով։ Եվ ստորագրահավաքը իրավական ուժ չունի։ Այսինքն, դուրս է գալիս, որ ստորագրահավաքով մենք չենք կարող խրատական ինչ-որ դասեր տալ ՔՊ-ին։ Ուստի, իրավական որևէ հետևանք չի ունենա։ Հետևաբար, ես դրանից որևէ բան չեմ ակնկալում։ Իսկ, թե ինչու են նման բան անում, իրենցից պետք է ճշտել։ Ես այդ նախաձեռնությունում չեմ տեսնում իրավական ուժ, կշիռ, որով կարողանան տրանսպորտի հարցը կարգավորել։
- Արդյոք կարո՞ղ ենք արձանագրել, որ Ձեր դաշինքն այլևս չկա, Ձեր և Մարությանի թիմի ճանապարհները բաժանվել են։
- Մեր քաղաքական ուղղվածություններն արդեն ընդգծվեցին, և կարելի է ասել, որ մենք համատեղ գործունեություն չենք ծավալում։
- Տևակա՞ն ժամանակ է, որ համատեղ գործունեություն չեք ծավալում, թե ոչ։
- 1-1.5 տարվա աշխատանքի արդյունքում հավաքվել են տարաձայնությունները, ու հիմա կարիք եղավ խոսելու դրա մասին։ Նաև «Մայր Հայաստանի» մասով կարող եմ ասել, որ ստորագրահավաքին դեռևս չեն միանում։
- Ի՞նչ է լինելու «Ազգային առաջընթաց» խմբակցության ճակատագիրը։
- Խմբակցությունը ինչպես եղել է, այդպես էլ կշարունակի մնալ։ Իմ կարծիքով ինքն առանձնապես որևէ բովանդակային բան չի տալիս։ Այստեղ կարևորը մենք ավելի բարձրաձայնել ենք քաղաքական հարցերի շուրջ տարակարծությունները, բայց ֆրակցիան էական դեր չի խաղում դրա մեջ։
- Նաև իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին եք խոսել։ Ավագանու մյուս խմբակցությունները միացե՞լ են իմպիչմենթին, եթե ոչ՝ ինչո՞ւ։
-«Մայր Հայաստանը» չի միացել, Մարությանի համախոհները դեռ չեն արձագանքել, բայց պրոցեսը նոր է սկսել։ Հիմա դեռ շուտ է դրա մասին հստակ ասել։ Այս պահի դրությամբ դեռ որևէ մեկը չի միացել։
-Չե՞ն պարզաբանել, թե ինչու չեն միանում։
- ՉԷ, դեռ քննարկման փուլում է գտնվում, ու յուրաքանչյուրը կարող է իր թեկնածուին առաջարկել։ Թեկնածությունը խնդիր չի առաջանցի։
Հայկ Մագոյան