Հարցազրույց

Անկարան խախտեց Աստանայի համաձայնությունը․ դա կարող է ազդել «3+3»-ի վրա

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ: Նման հայտարարությունները որքանո՞վ են հուսադրող, որ կողմերն, ի վերջո, խաղաղություն կհաստատեն։

- Պահանջների առաստաղի բարձրացումը Բաքվի համար ավանդական մոտեցում է։ Նորացվող պայմաններ, նախապայմաններ, որոնք մշուշապատում են պայմանագրի կնքման տեսանելիությունը։ Առաջին հայացքից հայելային պահանջների մարտավարությունն է աշխատում։ Կարծում եմ, սակայն, անվերջ նորացվող պայմանների հիմնական թիրախը Նախիջևան-Ադրբեջան կապի ձեռքբերումն է, իրենց ասելաձևով՝ «զանգեզուրյան միջանցքը»։

- ԱՄՆ պետդեպը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այժմ պատրաստվում է օգտագործել տրամադրության տակ առկա գործիքները՝ ներառյալ լրացուցիչ պատժամիջոցները «Վրացական երազանք»-ի նկատմամբ։ ԱՄՆ գործիքակազմն, ըստ ձեզ, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ և ի՞նչ փոփոխությունների կհանգեցնի։

- Դեպի ԵՄ ընթացակարգի առկախումը, ամեն դեպքում, կասեցում կամ չեղարկում չէ։ Թբիլիսին նման որոշումներով փորձում է ձեռք բերել ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ խոսելու խաղաթղթեր։ Պատժամիջոցները գործող իշխանության վրա ՌԴ-ից հեռանալու ճնշումներ են։ Առկախումն ընդամենը կանգառ է վերահաշվարկելու թե՛ ներքին քաղաքականությունը և թե՛ արտաքին վեկտորները։ Պետք է քննարկել տնտեսական պատժամիջոցների խստացման կամ կիրառման՝ Հայաստանի վրա ունենալիք հավանական սցենարները։

- Ֆրանսիայի Ազգային ժողովն անվստահություն է հայտնել վարչապետ Միշել Բարնիեի կառավարությանը։ Ինչպե՞ս եք մեկնաբանում և ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է հերթը նաև նախագահ Մակրոնին հասնի։

- Ներֆրանսիական տագնապի ամենագլխավոր հանգույցը, կարծում եմ, տնտեսականն է։ Իհարկե, այլ հանգամանքների կուտակմանն առընթեր։ Մակրոնին մինչ այս պահը հաջողվել էր տարբեր բնույթի ճգնաժամեր հաղթահարել։ Խորհրդարանի վերջին քվեարկության պատկերը խոսում է այն մասին, որ ոչ թե կառավարության հրաժարականի պահանջն է արծարծվում, այլ նախագահի։ Այս բոլորը կարող են տանել դեպի նախագահական կանխահաս ընտրություններ։ Ամեն ինչ կախված է նրանից՝ Մակրոնին կհաջողվի՞ խմբակցությունների հետ նոր պայմանավորվածություն ձեռք բերել, թե՞ ոչ։ Չեմ բացառում, որ նախագահը կարողանա նոր կոալիցիա կազմել։

- Մարիա Զախարովան հայտարարել է, որ «3+3»-ի ընդլայնման գործընթացները համակարգում է Թուրքիան։ Ի՞նչ եք կարծում, որքա՞ն է հավանական, որ «3+3»-ը կազմակերպություն դառնա։

- Մինչ այժմ այս ձևաչափը համախմբվում է 3+2 ֆորմատով։ Վրաստանի իրադարձությունների արդյունքը կարող է վերականգնել ձևաչափը։ Գլխավոր խաղացողներից 3-ը ոչ միայն Կովկասում, այլև Միջին Արևելքում փորձում են համակարգել իրենց քաղաքականությունները։ Պիտի նկատել, որ այնտեղ ևս խաղաթղթերը խառնվել են, որովհետև Անկարան խախտեց Աստանայի համաձայնությունը և գրոհեց Հալեպ։ Հիմա Դոհայում նույն 3-ը փորձելու են վերաճշտել ուղղությունները։ Մեկ տարածաշրջանի իրադարձությունը կարող է ազդել մյուսի վրա։ Այս առումով մեկ տեղում գրանցված խախտումը կբերի մյուս տեղում խախտումների։ Դեռևս պարզ չէ՝ Անկարայի առաջադրած ձևաչափը կաշխատի՞, թե՞ ոչ։

Հայկ Մագոյան