Հարցազրույց

«Մենք այժմ միայն կարող ենք հիանալ վրաց ժողովրդի համառությամբ». Միքայել Հայրապետյան

Radar Armenia-ի զրուցակիցը հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն է։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Վրաստանում ստեղծաված իրավիճակը։

- Վրաստանում ստեղծված իրավիճակը Վրաստանի ներպետական գործընթացների հետ շատ քիչ կապ ունի, ինչպես Երկիր մոլորակի մակընթացություններն ու տեղատվություններն են պայմանավորված Երկրից շատ հեռու Արեգակի և Լուսնի ձգողականություններով։ Թեև դա էլ բացարձակացնել պետք չէ. մենք այժմ միայն կարող ենք հիանալ վրաց ժողովրդի համառությամբ։

- Արդյո՞ք երկրի իշխանությունները ԵՄ-ին անդամակցելու գործընթացն օրակարգից հանելով փոխում են արտաքին քաղաքական վեկտորը։

-  Վեկտոր չի փոխվի Վրաստանում։ Վրաց քաղաքական դասն այժմ միայն մեկ խնդիր է հաջողությամբ լուծում երկրի համար՝ չընկնել խաչաձև կրակահերթի տակ։

- Վրաստանում ռուսական ազդեցության մեծացումն ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի վրա, նաև՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների առումով։

- Մենք սովոր ենք խնդիրները տեսնել միայն լոկալ տեսանկյունից, այնինչ գլոբալ հայացք է պետք։ Ուժային և քաղաքակրթական կենտրոնների համար չկան Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, կա մեկ ընդհանուր տարածաշրջան՝ ընդամենը երանգային տարբերություններով։ Ըստ այդմ՝ Վրաստանում երբեք չավարտված ռուսական ազդեցությունը մեծ փոթորկից առաջ պարզապես համակշռվում է Հայաստանում և Ադրբեջանում ռուսական ազդեցության էներգետիկաներին։ ՀՀ-ԵՄ հարաբերությունները եղել են, կան և մոտ ապագայում կլինեն ընդամենն այն աստիճանի, ինչ աստիճանի հարավկովկասյան տարածաշրջանում կլինի Արևմուտքի և Ռուսաստանի ուժային հարաբերակցությունը։ Անշուշտ, մեր քաղաքական մտքի արարչականությունից ևս շատ բան է կախված, թե ինչպես կկարողանանք օգտագործել վրացական զարգացումները. ամեն մի՝ մեզ չսպանող զենք կարող է զենք դառնալ հենց մեր ձեռքին։ Այնպես որ, ԵՄ-ի հետ հարաբերություններում որևէ կրիտիկական վատ բան Հայաստանին չի սպառնում։

- ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարեց, որ Ուկրաինայում պատերազմի արագ ավարտն առանց տարածքային կորուստների իրատեսական չէ, և թերևս խաղաղության հասնելու համար Կիևը ստիպված կլինի «ժամանակավորապես» հրաժարվել օկուպացված տարածքներից։ Այս հայտարարությամբ ի՞նչ է հասկացնում ՆԱՏՕ-ն Ուկրաինային։

- Ոչ թե հասկացնում, այլ քողարկում է այն, որ Ուկրաինան զոհն է մեծերի խաղերի, ինչպիսին մենք ենք եղել Ռուսաստանի կամ Անատանտի զոհը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։

- Պուտինը հայտարարեց, որ ՌԴ-ն պատրաստ է վիճելի հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, բայց պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ Ցանկացած զարգացում ասելով ի՞նչ նկատի ունի Պուտինը։

- Պուտինը և Ռուսաստանի բոլոր ժամանակների ցանկացած ղեկավար նկատի ունի ամենից սոսկալին, այս դեպքում՝ ընդհուպ մինչև միջուկային պատերազմ։ Ով մի փոքր մակերեսից խորն է ծանոթ ռուսական պետական-քաղաքական մտքի պատմությանը, սա գիտակցում է։

- Ի՞նչ եք կարծում՝ ԱՄՆ նոր նախագահ Թրամփը ի զորու կլինի՞ վերջ դնել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը, թե՞ պատերազմը կշարունակվի։

-  Իհարկե, Թրամփն ի զորու կլինի կասեցնել պատերազմը. խնդիրն այն է, թե Թրամփը կուզենա՞ դա անել։ Կարծում եմ՝ առայժ չի ուզենա. այստեղ դարձյալ բախվում ենք խնդիրները գլոբալ պաստառի վրա տեսնելու մեր ցանկության կամ կարողության բացակայությանը։

Հայկ Մագոյան