Հարցազրույց

Սիրիայում վերահսկողական գոտիների վերադասավորում է ընթանում. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

- Պարոն Գանտահարյան, ի՞նչ է կատարվում Սիրայում, Ձեր կարծիքով, ինչո՞ւ իրավիճակը կտրուկ սրվեց։ Ո՞ւմ էր սա ձեռնտու։

- Լիբանանում հազիվ հրադադարը հաստատվեց, անմիջապես ձեռնարկվեց Հալեպի ուղղությամբ գրոհ։ Լիբանան-Սիրիա դիմադրության ցանցային կապի չեզոքացումը, տարբեր ճանապարհների վերահսկողության տակ առնվելը և նոր սպառազինությունների արգելակումը հայտնապես ելակետ են այս գործողությունների սանձազերծման։ Դրանից կարելի է հետևություն անել, թե ում են ձեռնտու այս գործողությունները։ Հալեպը Թուրքիայի համար առաջադրված գոտի էր, և սա վաղեմի ծրագիր էր։ Իրանյան հենակետերի ոչ նախկին դրվածքը և ՌԴ-ի ուկրաինական պատերազմի ներգրավման ներկա աստիճանաչափը, կարծում եմ, նպաստել են այս գործողության ձեռնարկմանը։

Դեպքերը պետք է դիտարկել Մոսկվա-Անկարա պայմանավորվածությունների տրամաբանության շրջանակներում։ Կարծում եմ՝ ներկա պահին տեղի է ունենում վերահսկողական գոտիների բաշխման գործընթաց։ Պիտի նկատել, որ դեպի Հալեպ գրոհը, գրեթե, անարգել էր, բայց դեպի Համա տեղաշարժը կասեցվեց։ Այս երկու պատկերների հիմնական տարբերությունն ինչ-որ բան նշանակում է։

- Ինքներդ ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի հանգուցալուծումը։

- Իբրև հանգույց շատ վերլուծականներում նշվում է Անկարա-Դամասկոս երկխոսություն սկսելու Էրդողանի առաջարկի մերժումը կամ նախապայմանականացումը Ասադի կողմից։ Կարծում եմ, որ սիրիական կոշտ դիրքորոշումը առանց Մոսկվայի աջակցության չէր լինի։ Պաշտոնական Դամասկոսը երկու հիմնական հենասյուն ունի՝ Մոսկվան ու Դամասկոսը։ Շահգրգիռներից Իսրայելը շարունակում է Իրանը նկատել գլխավոր սպառնալիք, իսկ Թուրքիայի համար քրդական գործոնը մնում է իր անվտանգության համար առաջին խնդիրը։ Ինչ-որ տեղ այս ամենում համընկնում են Իսրայելի և Թուրքիայի մոտեցումները։ Իհարկե, կան հակասական երևույթներ։ Անկարան աջակցում է հակակառավարական ուժերին, որոնց գործողությունների արդյունքները նպաստում են քրդերին։ Մոսկվա-Անկարա գործարքները կարող են ճակատագրորոշ լինել այս գործընթացներում։

- Տարածաշրջանի վրա Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն ի՞նչ ազդեցություն ու հետևանքներ կունենան։

- Սիրիան մանրապատկերն է միջինարևելյան տարածշրջանում գրանցվող միտումների։ Սիրիայում առկա են ռուսական, թուրքական, իրանյան, ամերիկյան և քրդական զինուժն ու ստորաբաժանումները։ Սա վերահսկողական գոտիների բաշխման, հակակշռման և ռազմաքաղաքական առևտրի պարարտ ենթահող է։ Տարածաշրջանային գործարքներով, շահերի բախումներով, համընկումներով և ռազմաքաղաքական առևտրային հարաբերություններով է հատկանշվում Սիրիայի տարածքը, որ համալիր ծրագիրի լաբորատորայի մասնաբաժինն է։

- Նաև՝ կցանկանայի անդնադառնայինք Սիրիայում հայկական համայնքի վիճակին. կա՞ն տեղեկություններ, թե ինչ վիճակում են նրանք։

- Համայնքի մասին տեղեկություններ ունենալու համար պետք է նկատի ունենալ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Բերիո Թեմի Առաջնորդանի, հայկական համայնքի հոգևոր և ազգային մարմինների հրապարակած հաղորդագրությունները։ Ծայրահեղ զգուշավորություն է պետք ցույց տալ այնտեղ գրանցվող իրադարձությունների և հատկապես համայնքին մասին լրատվություններ թողարկելիս կամ մեկնաբանություններ հրապարակելիս։ Տեղեկատվությունը անվտանգային քաղաքականության կարևորագույն բաղադրիչ է և նման դեպքերում անհրաժեշտ է հարգել կանոնները և չգրանցել դրանցից որևէ շեղում։

Արման Գալոյան