Հարցազրույց

«Արևմուտքը ՌԴ-ի նկատմամբ կտրուկ շրջադարձ չի գրանցի». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Ըստ էության, Իսրայելն ու Լիբանանը հրադադար են հայտարարել։ Ինչքա՞ն կպահպանվի այն և ի՞նչ հետեւանքներ կունենա։

- Հրադադարի կայացման մեջ հիմնական դերն ունեն ԱՄՆ-ն և Իրանը։ Առանց նրանց համաձայնության հրադադարը դժվար թե իրականանար։ Այստեղից պիտի հետևություն անել, որ պահպանումը կախված է երկու երկրների հարաբերություններից։ Այս պահի դրությամբ կարող ենք մտածել, որ այն կպահպանվի, քանի որ նշմարվում են Լիբանանում դեպի կայունացում գնալու որոշակի մտորումներ։ Առաջին հետևանքը կլինի հանրապետության նախագահի ընտրությունը, բանակի տեղակայումը հարավային Լիբանանում և փուլ առ փուլ տնտեսության վերականգնմանն ուղղված ծրագրերը։ Սա ընդհանուր առաջադրվող ուղղություն է․ զգուշավոր լավատեսություն է, որովհետև իրադրությունները կախվել են գլխավոր խաղացողներից։

- Ինչպե՞ս եք մեկնաբանում իրավիճակը Պաղեստինի հետ հակամարտությունում։

- Կարծում եմ փոխկապակցվածությունը կաշխատի։ Նախապես պատերազմի կենտրոնը Գազայում էր, և այնտեղի իրադարձություններին Լիբանանն արձագանքում էր ածանցյալ դրվածքով։ Երբ ճակատային ուղղության փոփոխություն գրանցվեց, դերերը շրջվեցին։ Էպիկենտրոնը Լիբանանը դրաձավ։ Հիմա Լիբանանի հրադադարը կհանգեցնի Գազայի հրադադարին։ Դարձյալ պետք է նկատել ԱՄՆ - Իրան հարաբերակցությունը։

- Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները ՌԴ - Ուկրաինա պատերազմում հատկապես, որ Պուտինը սպառնում է, որ ՌԴ-ն կարող է օգտագործել «Орешник» զենքը՝ Կիևում որոշումների կայացման կենտրոններին հարվածելու համար:

- Առ այս պահը ընդհանուր միտումն այն է, որ Լիբանանում և Գազայում ԱՄՆ-ն աշխատում է հրադադարի ուղղությամբ, մինչ դեպի ՌԴ՝ ոճի խստացում է ռազմական և պատժամիջոցների տեսքով։ Կարծում եմ՝ որոշակի կանգառներով, ցնցումների այս միտումը շարունակվելու է։ ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի պահվածքը կտրուկ փոփոխության չի ենթարկվի։ ՆԱՏՕ-ն արդեն հասել է ՌԴ-ի սահմանամերձ շրջաններ։ ՌԴ-ի նկատմամբ օղակի սեղման աշխարհաքաղաքականությունը շարունակվելու է։ Կլինի գուցե որոշ կանգառներ, ցնցումներ և հետցնցումներ, բայց կարծում եմ՝ այս ուղղությունը շրջադարձ չի կատարի։

- Այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ Վրաստանը հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականի վերջը, երկրում իրադրությունը լարված է։ Վրաստանում տեղի ունեցողն ինչպե՞ս կանդրադառնա տարածաշրջանի մյուս երկրների, հատկապես, Հայաստանի՝ ԵՄ ինտեգրման գործընթացի վրա։

- Վրաստանը առայժմ վերածվում է Արեւմուտք - ՌԴ պրոքսիի թեժ կետի։ Թբիլիսին որքան դեպի ՌԴ քայլ անի, այնքան կթեժանա Վրաստանի հասարակական ադաշտը, և, իհարկե, փոխադարձաբար։ Նման «թայմ աութ»-ներ վերցնելը կանխատեսելի է․ բայց չմոռանանք, որ հենց «Վրացական երազանքն» է ընտրել դեպի ԵՄ և դեպի ՆԱՏՕ ուղին։ Այս ուղուց հրաժարվելու խնդիր չի դրվել դեռևս․ ընդամենը «թայմ աութ»-ի կանոնն է աշխատում։

Հայկ Մագոյան