Հարցազրույց

«Բեմը կյանք է, որտեղ արտիստն ապրում և ապրեցնում է». Սամսոն Պանյան

Radar Armenia-ի զրուցակիցը երգիչ, «Շառլ Ազնավորի» անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի դասախոս, Հրազդանի «Երվանդ Քոչարի» անվան արվեստի դպրոցի տնօրեն Սամսոն Պանյանն է։

- Տևական դադարից հետո վերջերս հանդիսատեսի դատին ներկայացրիք Գրիգոր Բանանցի հեղինակած «Սիրո խոստովանություն» ստեղծագործությունը։ Երգարվեստում Ձեր պասիվությունը ինչո՞վ է պայմանավորված։ Ասելիք չկա՞, թե՞ Ձեր կյանքում այլ առաջնահերթություններ կան։

- Երգեր ձայնագրելու առումով պասիվություն վերջին 1 տարում է եղել, որն էլ պայմանավորված է եղել աշխատանքային փոփոխության հետ։ Արդեն 1 տարի 8 ամիս է Հրազդանի «Երվանդ Քոչարի» անվան արվեստի դպրոցի տնօրենն եմ։ Դպրոցը բազմաթիվ խնդիրներ ուներ։ Նշանակման առաջին օրից խնդիր դրեցի բարեկարգել և լուծել արվետի դպրոցի հսկայածավալ խնդիրները։  Ժամանակ չկար երգ ձայնագրելու մասին մտածել։ Փառք Աստծո, այսօր ամեն բան կարգավորվել է, հունի մեջ է ընկել, և այլևս երգարվեստն ու դպրոցը ղեկավարելն իրար չեն խանգարում։ Ինչ վերաբերում է ասելիքին. ասելիք միշտ կա։ Ես 15 տարի է մանկավարժական գործունեությամբ եմ զբաղվում ու շարունակաբար գիտելիք եմ փոխանցում՝ նաև սա է իմ ասելիքը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում են նշել, որ «Սիրո խոստովանություն» երգը ձայնագրելու մտահղացումը պլանավորված է եղել շատ վաղուց։ Ի վերջո, երգը ձայնագրեցինք կողքիս կանգնած թիմի շնորհիվ, ինչի համար շնորհակալ եմ բոլորին։ Ի դեպ այժմ նոր ձայնագրած երգ ունեմ, որի տեսահոլովակը շուտով կներկայացնենք հանդիսատեսին։ Մի քանի երգերի գործիքավորման աշխատաքներն էլ ընթացքի մեջ են։

- «Ժողովրդական երգիչ - 2» նախագծից հետո երաժշտական նախագծերում ակտիվ չեք։ Հրավերներ չունե՞ք, թե ձեզ համապատասխան նախագծեր չկան։

- Իրականում «Ժողովրդական երգիչ - 2»-ը մեծ ճանապարհ էր։ Նախագիծը նոր «շնչառություն» տվեց, որից հետո շատ մեծ աշխատանք է արվել՝ նոր երգեր, համագործակցություններ տարբեր երգիչ-երգչուհիների հետ, արտերկրում համերգներ։ Նախագծից հետո նաև հաջողված մենահամերգ ունեցա «Արենա Լայֆ» հաղորդման շրջանակներում։ Մասնակցեցի միջազգային մրցույթի և հաղթանակով վերադարձա հայրենիք, Սայաթ-Նովայի 300 ամյակին նվիրված Կառավարության կողմից կազմակերպված մրցույթում գրավեցի առաջին տեղը։ Նաև 12 տարի զբաղեցրել եմ երաժշտական դպրոցի ուսումնական գծով տնօրենի պաշտոնը։ Այնպես, որ «Ժողովրդական երգիչ - 2» նախագծից հետո ետ քայլ չի եղել։

- Չե՞ք կարոտում բեմը, հանդիսատեսի հետ ակտիվ շփումը։ Ինչպե՞ս եք լրացնում այդ բացը։

- Արվեստագետի համար ցանկացած բեմ իր երկրորդ տունն է։ Իսկապես դադարների ժամանակ կարոտում եմ բեմը՝ հատկապես, եթե հաշվի առնենք վերջին տարիներին մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները՝ համավարակ, պատերազմ։ Թեև համավարակի ժամանակ, երբ երկրում արտակարգ դրություն էր հայտարարված, առանց հանդիսատեսի ուղիղ եթերում մենահամերգ ունեցա։ Բեմը կյանք է, որտեղ արտիսն ապրում է և ապրեցնում։

- Երեխաների հետ աշխատանքը ամենահեշտերից չէ։ Որտեղի՞ց է գալիս սերը դեպի մանկավարժությունը։

- Պիտի խոստովանեմ, երբ ընդունվում էի Երևանի «Խաչատուր Աբովյանի» անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, չէի պատկերացնում, որ երբևէ կդասավանդեմ, որովհետև կատարող լինելը մի բան է, մանկավարժ լինելը՝ լրիվ այլ։ Երաժշտական դպրոցում դասավանդելու առաջարկն ստանալու ժամանակ մտավախություններ ունեի, որ չի ստացվի...փորձեցի ու ստացվեց։ Պետք է նվիրվել, սիրել աշխատանքը ու փորձել յուրաքանչյուր երեխայի յուրովի մոտենալ՝ կախված բնավորությունից, առանձնահատկություններից, տաղանդից...Ուրախությամբ պետք է ասեմ, որ ինձ հաջողվել է գտնել աշխատելու ճիշտ բանաձևը թե՛ երաժշտական դպրոցում որպես ուսուցիչ, թե՛ նաև դասախոս։ Ինձ ուրախացնում է, որ փայլուն ուսանողներ ունեմ, որոնք կրթությունը շարունակում են տարբեր բուհերում և կոնսերվատորիայիում։ Հուսով եմ՝ նրանց մասին դեռ շատերը կլսեն։

- Որպես երաժշտական դպրոցի տնօրեն ի՞նչ եք անում, որ դպրոցն ավելի գրավիչ ու ցանկալի դառնա երեխաների համար։

-  Ես՝ որպես արվեստի դպրոցի տնօրեն, ամեն բան անում եմ, որ երեխաները ներգրավվեն մշակութային կյանքին։ Այս կարճ ժամանակահատվածում ամեն բան արել եմ, որպեսզի դպրոցը զարգանա։ 10-ից ավելի նորաստեղծ բաժիններ ունենք։ Դպրոցն ընդունել եմ շուրջ 170 աշակերտով, բայց այսօր մենք դպրոցում 400 աշակերտ ունենք։ Սրանք միայն թվեր չեն, այլ անդադար աշխատանքի պտուղները։ Ամեն ինչ արվում է՝ սկսած շենքային պայմաններից, ավարտած ամենափոքր խնդիրներով, որպեսզի դպրոցը զարգանա և գրավիչ դառնա երեխաների համար։ Թեև դպրոցի տնօրենն եմ, բայց դպրոցը ոտքի կանգնեցնելու համար ամեն ինչ արել եմ՝ բանվորի աշխատանքից մինչև տնօրենի պարտականություն՝ հանուն երեխաների, հանուն դպրոցի։ Հպարտ եմ, որ կատարված գործն անարդյունք չի եղել, քանի որ այսօր ունենք բարեկարգ, ներկայանալի, մրցույթներում հաջողությունների հասած կրթօջախ։ Դպրոցի զարգացմանը միտված աշխատանքները շարունակական են լինելու։ Իմ կողմից կա աշխատելու մեծ ցանկություն և կամք։ Իմ ցանկությանը աջակցող մարդ էլ կա՝ ի դեմս Հրազդանի համայնքապետ պարոն Միքայելյանի և ամբողջ համայնքապետարանի։

- Ինչպես գիտեք, այսօր երաժշտական դպրոցների ուսուցիչները հնարավորություն ունեն մասնակցել կամավոր ատեստավորմանը և բարելավել աշխատավարձը։ Ձեր դպրոցում ունե՞ք ուսուցիչներ, որոնք արդեն ատեստավորվել են կամ ցանկանում են ատեստավորվել։ Առհասարակ, ի՞նչ կարծիք ունեք այդ գործընթացի մասին։

- Դպրոցում ատեսավորված ուսուցիչ ունենք, և ունենք ուսուցիչներ, որոնք պատրաստվում են մասնակցել։ Սիրով ընդունում եմ պետական աջակցությամբ վերապատրաստումները, ինչպես նաև ինքս եմ մասնագետներ հրավիրում և վերապատրաստման դասընթացներ կազմակերպում։ Իհարկե, դրական կարծիք ունեմ ատեստավորման համակարգի ներդրման մասին, եթե այն չի սահմանափակվում միայն թեստ լրացնելով։ Մանկավարժությունը թեստ լրացնելը չի, որովհետև կարող է շատ լավ թեստ լրացնես, բայց չունենաս մանկավարժական հմտություններ։ Տեսական ու գործնական գիտելիքները պետք է զուգորդված լինեն։

- Եզրափակելով զրույցը՝ ի՞նչ սպասի հանդիստեսն առաջիկայում երգիչ Սամսոն Պանյանից։

- Ինչպես զրույցի սկզբում ասացի՝ հանդիսաստեսը շուտով նոր երգեր կլսի իմ կատարմամբ։ Դրանք կլինեն ավելի ռիթմիկ ժանրի մեջ։ Նոր տեսահոլովակներն էլ շատ սպասել չեն տա, նաև համերգներ կլինեն։ Դեռ մենահամերգի պլաններ չկան։ Երբ հանրության դատին ներկայացնեմ նոր երգերը, դրանից հետո կհասկանանք, որոնք են լինելու հաջորդ քայլերը։

Հայկ Մագոյան